«Հրապարակ»-ի զրուցակիցը Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն է։
- Ուղիղ մեկ տարի անց Գյումրին կրկին կառավարման ճգնաժամում է հայտնվել, ձերբակալված են քաղաքապետն ու ավագանու երկու ընդդիմադիր անդամները։ Իշխող ՔՊ կուսակցությունն անցած տարվա սցենարով փորձում է զավթել Գյումրին, ի՞նչ եք կարծում՝ հաջողելո՞ւ է։ Քաղաքագետներն ասում են, որ գնդակը ձեր՝ ընդդիմության դաշտում է, ի՞նչ եք պատրաստվում անել։
- Այո, իշխանությունն անում է ամեն ինչ, որ ցույց տա, թե տեսեք՝ Գյումրիում ընտրելով ընդդիմությանը՝ վնասեցիք ձեզ, բայց դա այդպես չէ։ Իրենք հրահրում են, որ իրենց ուզած ֆիլմի կադրերը ստանան։ Ճիշտ եք, մենք հիմա պիտի անենք ամեն ինչ, որ դա թույլ չտանք։ Եթե ունենանք այնպիսի խնդիր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» փորձի այնպես անել, որ ավագանու նիստերը չգումարվեն, էս դեպքում ընդդիմադիր յուրաքանչյուր խմբակցություն պիտի ձիգ մնա, իր տեղում լինի, որովհետեւ, այո, կան ձերբակալվածներ, եւ չի բացառվում, որ վաղը նրանց թիվը նաեւ ավելանա, ունենալու ենք մանդատի խնդիր։ Կան լուծման տարբերակներ․ կալանավորված ավագանիները վայր են դնում մանդատները, նրանց փոխարինում են ցուցակի հաջորդները։ Այստեղ որեւէ պատճառաբանություն չի ընդունվում, որովհետեւ հասուն մարդիկ ենք, պետք է կարողանանք ժամանակի ու ճկունության մեջ տեղավորվենք ու թույլ չտանք, որ ցանկացած սցենարով՝ դա կլինի վրիպման, չկողմնորոշվելու, ժամանակից հետ ընկնելու, թե այլ պատճառներով, հանկարծ քաղաքի իշխանությունը հանձնվի ՔՊ-ին: Անթույլատրելի է, քանի որ իրենք ոչ միայն նախորդ տարվա սցենարն են գործի դրել, այլեւ, ինչքան մտահորիզոնները հերիքում է, ամեն գնով ուզում են հասնել իրենց ուզածին։
- Եթե հաշվի առնենք, որ այս անգամ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, ընդդիմությունն է ընտրել Գյումրու քաղաքապետին, եւ ընդդիմադիր դաշտը տարբերվում է, մի՞թե հանգուցալուծումն այլ չի լինելու։
- Այո, այսօր ունենք այլ իրավիճակ, նախկին քաղաքային իշխանությունները ճնշումների ներքո միանգամից հրաժարական տվեցին, իսկ հիմա այլ է՝ պայքար կա, բայց դա չի նշանակում, որ քայլեր չպետք է ձեռնարկվեն, պետք է բոլորով համագործակցենք, մասնագետների հետ խորհրդակցենք եւ կարողանանք այնպիսի լուծում գտնել, որ որեւէ պարագայում իշխանությունը չզիջվի։ Թող ՔՊ-ն չպարծենա, թե ընտրություններին ամենաշատ ձայն են տարել՝ 17 հազար, ես հակադարձեմ իրենց՝ մասնակցել են ընդամենը մեկ բեւեռով, թող ընդդիմության նման 4-5 բեւեռով մասնակցեին, տեսնեմ՝ ինչքան ձայն կտանեին։ Եթե համեմատական տանենք, 2 անգամ ավելի է ընդդիմությունը ձայն տարել։ Գյումրին նաեւ առանձնացավ նրանով, որ բոլոր ընդդիմադիրներս, առանց որեւէ ակնկալիքի, եկանք համաձայնության եւ ընտրեցինք քաղաքապետ։ Քվեարկում ենք, բայց չենք հավակնում որեւէ պաշտոնի, դա էր նշաձողը։
- Իշխանությունը չի թաքցնում, որ Գյումրին իրենց համար դաս էր, հիմա տեսնում են վտանգը` որ 2026-ի համապետական ընտրություններին եւս ընդդիմությունը կարող է գործարկել այդ հնարքը։
- Այո, դա մեր առանձնահատկությունն էր, որ քաղաքական դաշտում նոր կուրս, մշակույթ ներդրվեց։
- Այս պահին թիրախավորված է նաեւ փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանի փեսան, սպասելի չէ՞, որ անելու են ամեն ինչ, որ կառավարման ճգնաժամ առաջանա։
- Առաջին քայլը, ամեն դեպքում, ավագանու Կոմունիստական կուսակցություն խմբակցությանն է, իրենք են առաջինը կապի մեջ քաղաքապետի հետ, հսկում, տեսնում են քաղաքապետարանի աշխատանքները, մենք պատրաստ ենք սատար կանգնելու՝ որպես ընդդիմադիրներ: Ասեմ՝ որեւիցե պարագայում չեն ներվելու այն անձինք, քաղաքական ուժերը, որոնց երեսից քաղաքը վերցվի իշխանության կողմից, ինչպես արդեն ասացի՝ ոչ մի պատճառաբանություն չի ներվելու։
- Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո, ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով կարծես նախատեր, թե շտապեցիք քաղաքապետ ընտրելու հարցում, այ, ես զգուշացնում էի, որ նախկին քաղաքապետը թիրախային է, խոցելի․․․․
- Էդ թեզը կա՝ շտապեցիք, էսպես եղավ․․․․, ամենաառաջինը, ի դեպ, մեր կողմից եղավ Ղուկասյանին սատարելու հայտարարությունը, բայց ի՞նչ տարբերակ կար այդ ժամանակ, եթե ընտրությունից երկու օր առաջ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ ով ինձնից ավել ձայն տանի, կմիանամ իրեն, չեմ հավակնի քաղաքապետի պաշտոնին։ Բայց նաեւ ասաց, որ եթե մի քանի քաղաքական ուժեր միավորվեն, գան ասեն՝ ձեզնից շատ ենք, ապա մենք չենք միանա նրանց։ Հիմա ես էլ ամենայն հարգանքով իմ գործընկերներին հարցնում եմ՝ բա էդ դեպքում ի՞նչ անեինք։ Ընտրության հաջորդ օրը հավաքվում էինք, մի քանիսս միանում ու հետո ստանալու էինք այն պատկերը, ինչ ՀՀ գրեթե բոլոր մարզերում է, իշխող ուժը կվերցներ իշխանությունը։ Այլ հարց է, եթե Վարդան Ղուկասյանը նման բան չհայտարարեր, ընդհանուր քննարկումների արդյունքում գուցե ուրիշ արդյունք ունենայինք, բայց այս դեպքում այլ տարբերակ, միանշանակ, չկար։ Ես նախապես հայտարարել էի, որ անգամ մեկ ձայն ավել ստացած թեկնածուի օգտին պատրաստ եմ քվեարկել, որովհետեւ անթույլատրելի էր ընդդիմության հաղթանակի վիժեցումը։