Քաղաքականություն

Մի օրվա մեջ մի քանի անգամ փոշմանել է

Մի օրվա մեջ մի քանի անգամ փոշմանել է

Գյումրու ավագանու անցյալ նիստին հայտարարվեց, որ «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը ինքնաբացարկ է հայտնել։ Դաշինքի անդամների համար անհասկանալի է, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինչու է ձգձգում իրենց ավագանու ցուցակի հաջորդ անդամին մանդատի տրամադրումը։ 

««Մեր քաղաքը» խմբակցության 6-րդ մանդատի ճակատագիրը անհայտ է, Կարեն Բադալյանը ինքնաբացարկ էր հայտնել, արդեն 6-րդ օրն է ընթացակարգով, ևս 7 օր անցել է, ինչու ԿԸՀ-ն չի տրամադրում ցուցակով հերթական ավագանու մանդատը»,֊ասաց խմբակցության ավագանու ղեկավար Լիզա Գասպարյանը։ Այս իրավիճակը շատերի մոտ կասկածներ առաջացրեց, որ իշխանությունն իր սովորույթի համաձայն անցել է «մանդատագողության»` ընդդիմադիր ուժերից սկսել է ավագանու անդամներ տանել իր դաշտ, որ հետագայում Ալավերդու օրինակով ընտրված քաղաքապետին անվստահություն հայտնի եւ խլի իշխանությունը:

Ուշագրավ է, որ ըստ տեղեկությունների Կարեն Բադալյանը դիմել է դատարան` իր ինքնաբացարկի դիմումն անվավեր ճանաչելու։ Գյումրիում խոսում, թե իշխանությունը չհաշտվելով ընտրությունների արդյունքների հետ` դիմել է խարդավանքի։ 

ՔՊ ավագանու անդամ Վահագն Մկրտչյանից, ով վարչապետի կնոջ մորաքրոջ թոռն է, հետաքրքրվեցինք` իրենց մատը խա՞ռն է։ «Ես էլ բոլորի պես առավոտյան եմ իմացել, թե ինչ է կատարվում, բա մենք մարդագողի նմա՞ն ենք, նման բան կանե՞նք, էդ տղեն ինքն է որոշել մանդատը թողնել` թողել է, դեռ ավագանու նիստին ասեցին էդ մասին», ֊ ասաց նա։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Բադալյանը փորձել է մեղադրել նաև համայնքապետարանին` ասելով, թե շտապողականություն են դրսևորել` դիմումը ներկայացնելով թիվ 31 ընտրական հանձնաժողով։ Իրեն ժամանակ չեն տվել, որ «փոշմանի»:

«Գործել ենք ՏԻՄ օրենքի շրջանակում, ըստ օրենքի` ավագանին դիմում է համայնքի ղեկավարին, ինքնաբացարկ է հայտնում, մենք կազմում ենք արձանագրություն, ուղարկում ենք ընտրական հանձնաժողով։ Բադալյանը դիմումը ներկայացնելուց երկու օր հետո, էլեկտրոնային եղանակով, ոչ աշխատանքային ժամի, կրկին դիմում է ներկայացրել` թե փոշմանել է։ Րոպեներ հետո մեկ այլ դիմում է ներկայացրել, թե ուզում է լինել անկախ ավագանու անդամ», ֊ասաց Գյումրու համայնքապետի օգնական Կարեն Մալխասյանը, որին ի դեպ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատրաստվում է նշանակել աշխատակազմի քարտուղարի պաշտոնում։ 

Ըստ Մալխասյանի` համայնքապետարանն այդ բոլոր դիմումները հասցեագրել է ընտրական հանձնաժողովին, որտեղից պատասխանել են, որ դիմումի հասցեատերը համայնքապետարանն է, ուստի համայնքապետարանն էլ պիտի պատասխան տա Բադալյանին։ «Մենք էլ պատասխանել ենք, որ մենք այդ գործառույթը չունենք, ի լրումն և ի պատասխան` հղում անելով ՀՀ օրենքը, գրություն ենք ուղարկել, որ մենք դրա լիազորությունները չունենք, մենք չենք կարող մանդատ տալ կամ վերցնել, որոշողը ԿԸՀ֊ն է։ Գրությունը մենք ուղարկել ենք ԿԸՀ, որպեսզի դիտարկեն իրենց մոտ իրականացվող վարչավարության ընթացքը»,֊ասաց Մալխասյանը։ 

Ինչ վերաբերում է Բադալյանի` դատարան դիմելուն, Մալխասյանի համար զարմանալի է դա, քանի որ` ըստ ընթացակարգի նախ համայնքապետարան պիտի դիմում ներկայացվեր, ինչը մինչ այս պահը չկա։ Նշենք, որ Կարեն Բադալյանի հետ հանդիպելու կամ հեռախոսոց խոսելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան, նրա հետ կապվել չի հաջողվում նաև թիմի անդամներին։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image