Հասարակություն

Դեռ ունենք մասունքներ, որոնք, ցավոք սրտի, հնարավոր չի եղել նույնականացնել. Ավանեսյան

Դեռ ունենք մասունքներ, որոնք, ցավոք սրտի, հնարավոր չի եղել նույնականացնել. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավարտվել է, և չնուjնականացված մարմին չունենք: Նա հայտնեց, որ 201 նույնականացված մարմին կա:

Hraparak.am-ի հարցին` 44-օրյա պատերազմից հետո կա՞ն մարմիններ, որոնք դեռևս չեն նույնականացվել, նախարարն ասաց. «Մենք երկու անգամ չնույնականացված դիերի հետ կապված փորձաքննություններ իրականացրինք նաև Հոլանդիայում, առաջին և երկրորդ փորձաքննությունների պատասխաններն արդեն իսկ ստացել ենք, բայց դեռ ունենք մասունքներ, որոնք, ցավոք սրտի, էնտեղ էլ հնարավոր չի եղել նույնականացնել»:

Հարցին` կա՞ն ծնողներ, որոնք չեն համաձայնել փորձաքննության արդյունքներին, Ավանեսյանն ասաց. «Իհարկե, եղել են, 60-ից ավելի մեր իրականացրած փորձաքննությունները նաև տարվել են այլ երկրներում կրկնակի, եռակի փորձաքննությունների, և դրանք բոլորը նույնական պատասխան եմ ստացել: Բայց, այո, ցավոք սրտի, դեռ ունենք չհուղարկավորված դիակներ»:

Հետաքրքրվեցինք նաև, թե կա՞ն, արդյոք, այնպիսի ծնողներ, որոնք ինչ-ինչ պատճառներով դիտավորյալ չեն ցանկանում ընդունել փորձաքննության արդյունքներն ու հուղարկավորել իրենց զավակներին: Անահիտ Ավանեսյանը, սակայն, չցանկացավ այս հարցին պատասխանել, ինչից ենթադրելի է, որ կան այդպիսի ծնողներ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image