Նյութի վերնագիրը կարդալով՝ մարդիկ կմտածեն, թե դա ինչպե՞ս է հնարավոր, եթե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կաթողիկոսի դեմ արշավը նախաձեռնել է հենց բարոյականության հողի վրա: Սակայն իրականում դա ոչ թե պատճառ է, այլ ընդամենը պատրվակ: Որովհետև եթե կաթողիկոսը, Աստված չարասցե, քրեական պատմության մեջ հայտնվեր, ապա նրա ունեցած արտամուսնական կապը չէր էլ հիշվի: Ուղղակի այլ բան չկար՝ այն էլ լուրջ, ու Նիկոլը ստիպված էր կառչել այդ հանգամանքից (հիմա որոշել են օգտագործել հանրահավաքին գնալը պարտադրելը): Ինչն, ի դեպ, իր իրավասությունների, որպես վարչապետի, սահմաններից դուրս է: Բացի դրանից, ինքը վաղուց արդեն լրագրող կամ էլ ընդդիմադիր գործիչ չէ, որպեսզի աղմուկ բարձրացներ այդ հարցի առնչությամբ: Չնայած դրան, ինքը շարունակում է այդ անբարո և անօրինական գործընթացը, քանի որ նպատակը ոչ թե հայոց եկեղեցու ներկայացուցիչների բարոյական կեպարը բարեփոխելն է, այլ եկեղեցին, որպես ընդդիմադիր հասարակական ինստիտուտ, կազմաքանդելը: Ու այն իրեն ենթարկեցնելը՝ ինչպես դա արվեց, օրինակ, նախկինների օրոք մարտունակ հայոց բանակի գլխավոր շտաբի ղեկավարության նկատմամբ:
Ու հենց այդ պատճառով էլ «ժուչոկներով» գաղտագողի հետևում է ընդդիմադիր գործիչներին՝ լինեն դրանք աշխարհիկ, թե հոգևոր: Ու հետո դրա շնորհիվ ձեռք բերված տեղեկություններն օգտագործում է որպես կոմպրոմատ: Իսկ դրա նպատակը ոչ թե ինչ-որ երևույթի բարեփոխումն է, ինչպես անընդհատ հայտարարում է ինքը, այլ կոնկրետ այս կամ այն անձի նկատմամբ չարիք գործելը: Որովհետև հանրային ինչ-որ երևույթ բարեփոխում են ոչ թե անօրինական (կամ թեկուզ օրինական) միջոցներով կոմպրոմատներ հայթայթելով ու դրանք հրապարակայնացնելով, այլ խնդրո առարկայի տեր անձանց հետ համագործակցության հողի վրա: Այսպիսով, վերջինիս կողմից ծավալված՝ եկեղեցակաների դեմ պայքարը չի կարող բնորոշվել որպես «Հայաստանում իրական հոգևոր կյանքի» վերականգնման աջակցություն: Այն նշանակում է հասարակության շրջանում չարիքի սերմանում բարի նպատակի անվան ներքո: Դա նույն երևույթն է, ինչ, ասենք, «ժողովրդավարության բաստիոնի» անվան ներքո բռնապետության հաստատումը:
Ներկայացնեմ չարիքի մեդալի մյուս կողմը. գաղտնալսումներն ու գաղտնի նկարահանումները հրապարակայնացնելը փչացնում է հասարակությունը: Սովորեցնում է նրան տեսարանների ու զրույցների, որ այլ պարագայում կմերժվեին նույն հասարակության կողմից եւ մերժվում են նորմալ հասարակություններում: Այս կամ այն անձի ոչ հրապարակային զրույցի մանրամասները կամ նրա ինտիմ կյանքը ներկայացնելը չէր հավաքի մեծ լսարան, եթե դրա օբյեկտը չլիներ հանրային գործիչ: Իսկ հետո, երբ դա վերածվում է սովորության, գեներացնում է անառողջ հետաքրքրասիրություն: Ու դռան բանալու ճեղքից լսելը կամ դիտելը վերածվում է յուրաքանչյուր քաղաքացու անձնական կյանքի նկատմամբ միջամտության: Այնինչ, յուրաքանչյուր գիտակից ու դաստիարակված անձնավորություն սովորաբար խուսափում է նման հետաքրքրասիրությունից: Օրինակ, ԱՄՆ-ից իր լսարանի հետ հայհոյանքներով հաղորդակցվող Դոգի դեպքում ես մի անգամ մի 5-10 րոպե լսելուց հետո անջատել եմ դրա հաղորդումը և այլևս չեմ միացրել: Էլ չասած այլ անձանց մասնակցությամբ ննջարանային տեսարաններ դիտելու մասին: Ու այս դեպքում հարց է առաջանում, թե հասարակությանը փչացնող երկրի ղեկավարն ի՞նչ հիմքով է իրեն իրավունք վերապահում Հայաստանում «վերականգնել իրական հոգևոր կյանքը», եթե անում է դրա ճիշտ հակառակը: