Մենք առավոտյան գրել էինք, որ այսօր Բարձրագույն դատական խորհրդում նիստ էր նշանակված, որի ընթացքում պետք է քննեին Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։ Այսինքն՝ դատախազությունն ակնկալում է, որ ԲԴԽ-ն կզրկի դատավոր Անի Հարությունյանին անձեռնմխելիությունից, որ կարողանան նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, մեղադրանք առաջադրել և ոչ միայն։
Բանն այն է, որ պարզվում է՝ Անի Հարությունյանը 100 հազար դոլար գումար է որպես փոխառություն, այսինքն՝ պարտքով տվել իր դատավոր գործընկերներից մեկին՝ Գևորգ Նարինյանին։ Փոխառության փաստը դատավորն արտացոլել է նաև իր 2020 թվականին ներկայացրած հայտարարագրում, սակայն դատախազությունը կասկածի տակ է դրել այն՝ համարելով, որ դատավոր Անի Հարությունյանը հայտարարագրում կեղծ տվյալներ է ներկայացրել։ Ուստի, որոշել է քրեական հետապնդում սկսել դատավորի նկատմամբ՝ այդ առիթով դիմելով ԲԴԽ-ին, որ ստանա համապատասխան թույլտվությունը։
Նիստը պետք է կայանար առավոտյան 11:00-ին, սակայն ԲԴԽ-ն հետաձգել էր միջնորդության քննությունը` նիստի ժամ նշանակելով 17:00-ն: Քիչ առաջ ավարտվեց այս գործով նիստը: Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը մեզ ասաց, որ Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց դատախազության միջնորդությունը, իսկ դա նշանակում է, որ դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի: Այլ մանրամասներ Մելիքյանը չհայտնեց: