Հասարակություն

«Հրապարակ». 23 տարում Տավուշի աշակերտների թիվը նվազել է 6 հազար 428-ով

«Հրապարակ». 23 տարում Տավուշի աշակերտների թիվը նվազել է 6 հազար 428-ով

Օրերս Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ զեկուցեց հայ հանրությանը, որ 2025 թվականին Հայաստան ելքի ու մուտքի թվերը վերջապես դրական սալդոյով են, այսինքն` ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան մեկնել Հայաստանից: 8 հազար 660 մարդ ավելի է ժամանել Հայաստան, ինչը, ըստ Փաշինյանի, խոսում է ներգաղթի եւ խաղաղության մասին: Ուշագրավ է, որ իշխանական փորձագետները եւ Միգրացիայի վարչությունը 2025-ի օգոստոսին Հանրայինին հարցազրույցներ էին տվել եւ ասել. «Հայաստանի քաղաքացիները մեր երկրից այս տարվա առաջին վեց ամսում ավելի շատ մեկնել են, քան՝ եկել», եւ դա բացատրել էին այսպես. «Այդ տարբերության պատճառն ավելի շատ զբոսաշրջային այցելություններն են, ինչն իր հերթին խոսում է քաղաքացիների կյանքի պայմանների բարելավման մասին»: 

Իհարկե, 8 հազար 660 թիվը շատ փոքր թիվ է, եւ անգամ անհարմար է, որ դրանով հպարտանում է երկրի վարչապետը, սակայն եթե որեւէ մեկը մեկնի մեր մարզեր, կտեսնի, որ ներգաղթի մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Հայաստանի անկախանալուց հետո Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից, փոքր բնակավայրերից մեծ արտագաղթ է եղել։ Սահմանագոտում ապրողները հայրենի շեները լքել, հեռացել են պատերազմական իրավիճակի, զբաղվածություն չունենալու, Հայաստանում տիրող անօրինականության, օտար երկրում ավելի լավ կյանք որոնելու պատճառներով։ Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես գյուղից տասնյակ ընտանիքներ բնակություն են հաստատել Մոսկվայում, ուր զբաղվում են գործարարությամբ։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից տասնյակ ընտանիքներ արտագաղթել են Ռուսաստանի Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաք, որը ոսկեպարցիները կատակով Նոր Ոսկեպար են կոչում։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ, հեռավոր Բարեկամավան գյուղում այժմ ապրողներից թվով առավել շատ բարեկամավանցիներ ներկայում բնակվում են Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում եւ Ստավրոպոլի երկրամասում։ 

Տավուշի մարզից նաեւ ներքին արտագաղթ է եղել դեպի մայրաքաղաք եւ շարունակվում է։ Սահմանամերձ եւ փոքր գյուղերի բնակիչները վերաբնակվում են Երեւանում, Հայաստանի այլ քաղաքներում։ Տավուշի մարզի սահմանամերձ եւ փոքր գյուղերում արտագաղթի տխուր հետեւանքներն ակնառու են հատկապես երեկոները, երբ թաղամասերի տներում քիչ լույսեր են վառվում, առանձնատներում ապրողներն էլ հիմնականում տարեց մարդիկ են, որոնց զավակները մեկնել են, իրենք` մնացել։ Արտագաղթի եւ ծնունդների թվի նվազման հետեւանքով անցած 35 տարում նվազել է դպրոցների աշակերտների թիվը։ 2025թ․ դեկտեմբերի 16-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել մարզի հանրակրթական դպրոցների աշխատողների եւ աշակերտների թվի վերաբերյալ։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում աշխատողների հաշվառում չի իրականացվում, սովորող աշակերտների թիվը 15 հազար 468 է»։ Ինչո՞ւ պետական հանրակրթական դպրոցներում աշխատողների հաշվառում չի իրականացվում, դա անհասկանալի ու անտրամաբանական է։ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ 2002-2003 թթ․ ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում սովորել է 21 հազար 896 աշակերտ, որոնց դասավանդել է 2 հազար 532 ուսուցիչ։ 23 տարում մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը, փաստորեն, նվազել է 6 հազար 428-ով, ինչը շատ մեծ թիվ է մեկ մարզի կտրվածքով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image