Եկեղեցում այսօր տեսանելի ճգնաժամը ներսից չի ծնված, ինչպես իշխանությունն է փորձում ներկայացնել։ Սա հասկանալու համար ամենաբարդ իրավական վերլուծություններ պետք չեն։ Եթե ճգնաժամը ներքին լիներ, այն հնարավոր կլիներ կարգավորել սովորական մեխանիզմներով՝ ժողովներով, աստիճանական հաշտեցմամբ, ներքին կարգ ու կանոնի գործիքներով։ Նման խնդիրները լուծելի են, երբ դրանց արմատը ընտանիքի ներսում է։
Բայց այսօրվա իրավիճակը այդպիսին չէ։ Ճգնաժամը ինքնածին չէ, այլ ունի հստակ նախաձեռնող՝ շահագրգիռ, օրգանիզացված և հետևողական։ Նախաձեռնող, որն ունի ռեսուրս, ժամանակ և նպատակ՝ պառակտել եկեղեցին։ Երբ ճգնաժամը սնվում է արտաքին միջամտությամբ, ապա նույնիսկ ամենախոհեմ ներքին լուծումները դառնում են հարվածի թիրախ։ Ստեղծվում է մի պարադոքս. «Դու լուծում ես խնդիրը, բայց խնդիրն առաջացնողը չի դադարում ստեղծել նոր խնդիրներ»։ Ուստի ներսում կատարվող ամեն քայլ, անգամ ամենարդար ու կառուցողականը, արտաքին նախաձեռնողի համար դառնում է նոր շահարկման առիթ։
Այս պայմաններում կաթողիկոսը գիտակցված ընտրություն է անում՝ չմատակարարել նոր վառելիք՝ գործի դրված պառակտման մեխանիզմին։ Երբ հակառակ կողմը նպատակ ունի ոչ թե լուծում գտնել, այլ անվերջ բախումների տանել, ուժը դրսևորվում է ոչ թե կոշտ քայլերով, այլ զսպվածությամբ։ Մեր կաթողիկոսը հենց այդ ուղին է ընտրում՝ գիտակցելով, որ ցանկացած կտրուկ պատասխան միայն կուժեղացնի արտաքին ձեռքի խաղը։ Նա տեղի չի տալիս ճնշմանը, այլ ժամանակ է շահում, որպեսզի չտա այն, ինչից իրական նախաձեռնողը շահում է՝ բաժանում, աղմուկ և նոր ճգնաժամերի ալիքներ։
Տեսանելի ճգնաժամը ոչ թե ներքին անկատարության արդյունք է, այլ արտաքին նպատակի։ Ներքին ճգնաժամերն ունեն բնական լուծումներ, իսկ այսօրվա իրավիճակը չի արձագանքում այդ լուծումներին։ Առաքելական եկեղեցու ներսում գոյություն ունեին և միշտ կլինեն կազմակերպչական, վարչական կամ անձնական բնույթի հակասություններ։ Դրանք նոր չեն․ դարերի ընթացքում դրանք լուծվել են եկեղեցական ժողովներով, կանոնադրական ընթացակարգերով, մամուլի ու միջնորդության միջոցով։ Բայց այսօր այդ մեխանիզմները չեն աշխատում։ Երբ ներքին խնդիրը չի նահանջում նույնիսկ կանոնական քայլերից հետո, դա ցույց է տալիս, որ խնդրի աղբյուրը եկեղեցու ներսում չէ։ Նպատակը ոչ թե անհատի դեմ պայքար է, այլ ինստիտուտի թուլացումը։ Հարվածը հասցվում է բուն Եկեղեցու ինստիտուտին։ Վկայությունը․ հարցականի տակ է դրվում կաթողիկոսի լեգիտիմությունը, ստվերվում է Մայր Աթոռը, թուլացվում է հավատացյալի վստահությունը, քննարկման են դրվում եկեղեցու դարավոր կանոնները։ Սա ներքին պայքար չէ․ ստրատեգիական նպատակով իրականացվող գործընթաց է՝ եկեղեցու հեղինակությունն ու ազդեցությունը նվազեցնելու համար։ Նման նպատակ կարող է ձևավորվել և խրախուսվել միայն արտաքին նախաձեռնող ուժի կողմից։ Տեսանելի ճգնաժամը երբեք չէր հասնի այս ծավալին և այս ինտենսիվությանը, եթե լիներ միայն ներքին անկատարության արդյունք։ Նրանում հստակ երևում է արտաքին ուղղորդում, որը համակարգված է համացանցում համակարգված արշավներով, շեշտված տեղեկատվական հարձակումներով, նույնատիպ նարատիվների կրկնությամբ, քաղաքական ներքին դերակատարների բացահայտ ներգրավվածությամբ։
Ճգնաժամը հաղթահարելի է։ Մեր եկեղեցին, իր պատմության ու փորձի ուժով, կանցնի նաև այս փորձությունը։ Դրսից եկող փոթորիկները չեն կոտրի դարավոր հիմնասյունը։