Ընտրությունները մոտենում են։ Իշխանության սիրտը դող է ընկել։ Վարկանիշը՝ գետնին, վստահությունը՝ փոշիացած, իսկ հիշողությունը ժողովրդի մոտ՝ ավելի երկար, քան իրենք կուզեին։ Էլ ուրիշ ելք չկա՝ արջ պար ածելու, շոկոլադ են խոստանում։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասում է, թե Հայաստանում կառուցվում է տարածաշրջանի ամենամեծ շոկոլադի գործարանը․
145 մլն եվրո ներդրում
2000 նոր աշխատատեղ
մի ամբողջ հեկտար տարածքի վրա գործարան
Ութ տարի ժողովրդին սուտ խոստումներով կերակրելուց հետո հիմա որոշել են՝ սուտը շոկոլադով մատուցեն։ Քանի որ խոստումները դառն էին, հիմա փորձելու են դրանք քաղցրացնել։ Թե չէ նախկինում ինչե՜ր էին խոստանում՝ ներդրումների հեղեղ, աշխատատեղերի պայթյուն, տնտեսական հրաշք… բայց ամեն ինչ մնաց՝ կամ թղթի վրա, կամ ֆեյսբուքյան փոստերի մեջ։
Բա լա՞վ է, որ Սամվել Կարապետյանը տնտեսական ծրագիր է ներկայացնում, ասում՝ գործարան կկառուցի, աշխատատեղ կստեղծի։ Այո՛, գոնե կոնկրետ բան է ասում, ոչ թե «տեսլական», «ռեֆորմ», «մոդեռնիզացիա» ու մնացած դատարկ կախարդական բառերը։ Նախկիններով վախեցնելու մեթոդն արդեն չի անցնում։ Իրենք վաղուց են նախկիններին խփել, անցել, ու հիմա պարզվում է՝ իրենք են դարձել այն, ինչով ահաբեկում էին։
Ուրիշ ելք չկա՝ արջ պիտի պարացնեն։
Հազար ներողություն եմ խնդրում կոշտ այլաբանության համար, բայց ութ տարի այս իշխանությունը ժողովրդի հետ վարվում է այնպես, ինչպես «արջ կպարացնեն»։ Մեզ խաղացնում են՝ քարոզարշավի համար, մեզ խաղացնում են՝ վարկ վերցնելու համար, մեզ խաղացնում են՝ իրենց պաշտոններն ապահով պահելու համար։ Մեզ խաղացնում, իրենք փող են աշխատում։
Բայց մոռացել են մի բան․ նույնիսկ եթե ժողովուրդը արջ լիներ իրենց դիմաց, այդ «ծուռթաթը» վաղուց մի այնպիսի հարված կտար, որ իրենց հոր հարսանիքը կհիշեին։ Արջը պատառոտող հատկություն ունի։ Իսկ ժողովուրդը՝ հիշողություն ու համբերության սահման։
Թումանյանը լավ էր ասում․
«Մի օր էս քաղքին փորձանք կբերի, արջերոց կանի, կտա, կավերի»։
Արջերոց անելը՝ արջի բաժին դառնալն է։
Լավ, էդքան խաբելուց հետո դուք չե՞ք մտածում, որ կարող եք հենց արջի բաժին դառնալ։ Թե՞ իսկապես կարծում եք, որ ժողովուրդը մի արջի չափ էլ չկա։