Իջեւան համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղալումյանի գործով դատավարությունը շուտ սկսվեց։ Օրերս Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Իջեւան համայնքի նախկին ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ. Ղ.-ն չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որի հետեւանքով անհատույց տրամադրման եւ ուղղակի վաճառքի միջոցով օտարման ոչ ենթակա անշարժ գույքն օրենքի պահանջների խախտմամբ ուղղակի վաճառքով օտարել է էականորեն ցածր՝ կադաստրային արժեքից շուրջ 3 անգամ պակաս գնով, ինչն էական վնաս է պատճառել հասարակության եւ համայնքի օրինական շահերին։
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Իջեւան համայնքը 2011-2019 թվականներին ղեկավարած Վարդան Ղալումյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին)։ Վարդան Ղալումյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նոյեմբերի 25-ին հակակոռուպցիոն դատարանում այդ գործով դատական նիստ է կայացել։
Դատավոր Գիվի Հովհաննիսյանը փոխել է Վարդան Ղալումյանի խափանման միջոցը, բացակայելու արգելքը փոխարինվել է 500 հազար դրամ գրավով։ Մեղադրողը դեմ է եղել խափանման միջոցի փոփոխությանը, Վարդան Ղալումյանը դատարանում հայտարարել է, որ ինքը տնտեսական գործերով հաճախ Վրաստան է մեկնում, ուստի բացակայելու արգելքը խանգարում է իր ձեռնարկատիրական գործունեությանը։ Մեղադրողը դեմ է եղել նաեւ գրավի 500 հազար դրամ չափին՝ կողմ լինելով գրավի ավելի մեծ չափին։ Վ․ Ղալումյանը դրան հակաճառել է, թե այդ գործն ընդամենը 500 հազար դրամի չափով պատմություն է։ Նա մեզ ասաց, որ նիստին առանց փաստաբանի է ներկայացել, սակայն հաջորդ նիստին կմասնակցի փաստաբանի հետ։