Կոտայքի մարզի Զովունի համայնքի որոշ բնակիչներ զրկված են մաքուր ջուր խմելու հնարավորությունից: Վթարների հետևանքով ջրատար խողովակների միջով հոսող խմելու ջուրն աղտոտվում է, բնակարաններում ծորակից մաքուր ջրի փոխարեն դեղնավուն ջուր է գալիս: Ըստ բնակիչների՝ դեկտեմբերի 29-ից մինչ այսօր 2 անգամ վթարվել է խողովակը, եւ հիմա խմելու ջուրն իրենք գնում են խանութներից.
«Եկել են վթարը վերացրել, սակայն ջուրը դեռ մաքուր չի: Երկու անչափահաս երեխաներ ունեմ, խմելու համար ջուրը խանութից եմ գնում, դե, առօրյայում էլ այդ ջուրն ենք օգտագործում՝ առանց իմանալու` արդյո՞ք կարելի է այն օգտագործել, թե՞ ոչ: «Վեոլիա ջուր»-ից եկան փորձանմուշ վերցրեցին։ Չգիտեմ` ինչու դա տեղ չէր հասել, հետո կրկին եկան, փորձանմուշ վերցրեցին եւ մինչեւ հիմա մեզ չեն պատասխանել՝ կարելի՞ է օգտագործել խմելու համար․․․ ոնց կարող ենք խմելու ջուր գնենք»,-մեզ հետ զրույցում ասաց տիկին Արմինեն:
Մեկ այլ բնակչի՝ Նելլի Գուրգենյանի խոսքով, համայնքում խմելու ջրի համակարգը պետք է փոխվի. «Անցած տարվանից սկսել են աշխատանքներ կատարել: Մենք հասկանում ենք, որ դա ժամանակ է պահանջում: Բայց պետք է գոնե ժամանակավոր լուծումներ տալ, զոդել այդ խողովակները: Գալիս շիվեր են խրում անցքերի մեջ, իսկ դրանք ջրի ճնշումից հեշտությամբ բացվում են, եւ շաբաթը մեկ նման կենցաղային խնդրի առաջ ենք կանգնում: Իսկ հետաքրքիրն էլ այն է, որ ջրի նմուշները տանում են քիմիական և մանրէաբանական անալիզի, հետո ասում, որ մաքուր են, իսկ այս վերջին նմուշների արդյունքների մասին մեզ դեռ տեղյակ չեն պահել: Ո՞նց կարող է մաքուր լինել, երբ ծորակը բացում ես՝ ավազ ու հող է գալիս: Ի՞նչ երաշխիք կա, որ մի շաբաթ հետո կրկին վթար չի լինի»:
Բնակիչներին եւս մեկ հարց էր հուզում. ինչո՞ւ պետք է 200 դրամ սակագնով իրենք գումար վճարեն կեղտոտ ջրի համար. «Ամեն տարի, երբ նույն վիճակն ա լինում, մենք ծորակը բացում էինք, որ ջուրը մաքրվի, եւ այդ ամիսը 7000 դրամ ջրի վարձ էր գալիս: Երբ մենք ասում էինք, որ վթարի հետեւանքով է այն գոյացել, ջրմուղից պատասխանում էին, որ վթարի ժամանակ պետք է տեղյակ պահեինք ջրմուղ: Քանի որ ջրի վարձը թանկացավ, այս անգամ մենք ասեցինք` գոնե նկարեք թիվը, որ այս անգամ շատ գումար չմուծենք: Ինչ-որ բան արեցին, բայց չենք հավատում, որ մեզ կփոխհատուցեն, ասենք՝ այս օրերի օգտագործած հողոտ ջրի համար մենք չվճարենք»:
Պարզելու համար, թե ինչու վթարված խողովակների վերանորոգում չի իրականացվում, կապ հաստատեցինք «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանի հետ:
«Ես գիտեմ, որ բողոք ա եղել, բայց կոնկրետ չեմ հետաքրքրվել, ինձ ոչինչ չի հասել, իսկ իրենք գրե՞լ են, ջրմուղ դիմե՞լ են: Քանի որ մեր հիմնարկը մեծ է, ես չգիտեմ՝ ով է զբաղվել այդ հարցով: Բերեք` ես ձեզ էլեկտրոնային հասցեն տամ, գրեք, թող ձեզ պատասխանեն, թե ինչպիսին են եղել ջրի լաբորատոր հետազոտության պատասխանները»,- պատասխանեց Սարգսյանը եւ հավելեց, որ ընկերությունը Եղվարդում մասնաճյուղ չունի, իսկ հեռախոսով լաբորատոր հետազոտության պատասխաններն աշխատակիցները չեն տրամադրի, կարգն է այդպիսին: