Ընդդիմությունը, արտախորհրդարանական ուժերը այս օրերին արդեն բավականաչափ դժգոհել են, որ ԱԺ ղեկավարությունը, ՔՊ-ն ի չարս է գործադրում ԱԺ կանոնակարգ օրենքը և իրենց դուր չեկող որևէ նախադասություն, բառ լսելուց հետո նախ սանկցիաներ է կիրառում, ապա ԱԺ դահլիճ հրավիրում անվտանգության աշխատակիցներին «ընդդիմությանը ծեծելու համար»։Այդպես է, բայց ինչու է այդպես։
ԱԺ կանոնակարգ-օրենքում այս փոփոխություններն արվել են 19 տարի առաջ և ժամանակին ստացել էին «օրենք ականջ քաշելու մասին» անվանումը։ Լրացումների և փոփոխությունների նախաձեռնությունը 2002 թվականին 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարությանն էր, որի համար գլխադասային ԱԺ պետաիրավական հանձնաժողովը ներկայացրել էր բացասական եզրակացություն։ Այդ հանձնաժողովի նախագահը «Արդարություն» դաշինքից Վիկտոր Դալլաքյանն էր։
Հիշեցնենք, որ պատգամավորի էթիկայի կանոնները սահմանելու 6-րդ հոդվածի ներքո այն սահմանում է․
ա) հարգել օրենքը եւ ենթարկվել դրան,
բ) հարգել հանրության բարոյական նորմերը, պահպանել Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը, իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով,
ե) չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի, իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս։
25 հոգանոց ընդդիմադիր խմբակցությունը տեղը տեղին դիմադրում էր, և ի վերջո, մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը առաջարկել էր, որ կառավարությունը կողմ է, որ հարցի քվեարկությունը հետաձգվի մինչեւ հաջորդ արտահերթ։ Այն ժամանակ էլ մեծամասնությունը նման անհարմար դեպքերում դիմում էր միաբանվելու կոչերին, ինչին դաշնակցական ֆրակցիայից Վահան Հովհաննիսյանն արձագանքել էր՝ ասելով. «Դուք, պրն նախագահ, միանալով Վարդան Մամիկոնյանին եւ Եղիշե Չարենցին, անում եք միասնության կոչ, բայց, այդուհանդերձ, ֆորմալ տեսանկյունից, եթե հետաձգվում է քվեարկությունը, ուրեմն մենք պիտի քվեարկենք այս տեքստը, այն, ինչ եղավ «Ոստիկանության ծառայության» օրենքի հետ»։
Նույն խմբակցության այն ժամանակվա ղեկավար Աղվան Վարդանյանն էլ մարգարեական կանխագուշակում էր արել՝ օրվա իշխանությանը զգուշացնելով․«Ինչ-որ ցանես, այն էլ հնձելու ես, մեր պարագայում՝ նման դեպքերի համար ավելի ցայտուն ասույթ կա՝ ուրիշի համար բիզ սրողը ուշ թե շուտ իր սրած բզի հետ գործ է ունենալու։ Այդպես եղավ նախորդների հետ, այդպես է լինելու այս դեպքում»։
Փաստորեն, 2003-ին սրած այդ բիզը սրողների համար սկսեց գործել 2021-ին։