Քաղաքականություն

Ճապոնական մոտեցումը

Ճապոնական մոտեցումը

Ճապոնիայից վերադարձած «մեծարգո վարչապետը» կիսվել է իր տպավորություններով: Եվ պարզվում է, որ առավելագույն տպավորությունը ստացել է փողոցներում աղբամանների բացակայության հանգամանքից: Դրան անմիջապես ու ըստ էության արձագանքել է ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը՝ ներկայացնելով պատճառը: Այն է՝ ճապոնական տոտալիտար աղանդներից մեկի՝ «Աում Սինրիկյո»-ի ղեկավար Շոկո Ասահարայի կողմից 1995-ին մետրոյում գազային թունավորում կազմակերպելն էր: Ճիշտ է, զարին գազով փաթեթներն աղբամանների մեջ չէին դրվել, բայց առաջնորդվելով ավելորդ զգուշավորությունը չի խանգարի մտածողությամբ՝ այդ դեպքից հետո դրանք հեռացվեցին հանրային վայրերից: Եթե ես գնացած լինեի Ճապոնիա, ապա ամենամեծ տպավորությունը կստանայի զուգարանակոնքերից, որոնք ամբողջական ավտոմատ բժշկական լաբորատորիաներ են: Դրանց վերաբերյալ առանձին հաղորդումներ կան Յութուբում: Եվ եթե նման սարքավորումներ ներկրվեին Հայաստան, ապա առողջապահության առումով հսկայական օգուտ կտային հանրությանը: Բայց հաշվի առնելով, որ «մեծարգո վարչապետն» իր էության մեջ մնացել է լրագրող (կամ բլոգեր/վլոգեր), ապա նրա համար առաջնայինը ոչ թե «սիրելի ժողովրդի» առողջությունն է, այլ փիառվելը: Հատկապես որ տվյալ դեպքի առումով դրա համար ոչինչ անել անհրաժեշտ չէ: 

Աղբամանները հանրային վայրերից վերացնելու կապակցությամբ այլ արձագանքներ ևս եղան, և կարծում եմ, որ լավագույնը ճապոնական ավանդույթի՝ խարակիրիի հիշատակումն է: Ի դեպ, ասեմ, որ այն տարածված էր առաջին հերթին ճապոնական ազնվականների՝ սամուրայների շրջանում: Ճիշտ է, մեր քաղաքական էլիտայում ու դրա գլխավերևում կանգնած Փաշինյանը որևէ առնչություն չունեն ազնվականության հետ: Բայց եթե ինչ-որ մեկն ուրիշներից ինչ-որ բան է ուզում կրկնօրինակել, ապա պետք է ձգտի գտնել էականն ու արժեքավորը: Իսկ ճապոնացիների առումով առաջնային արժեքը պատասխանատվությունն է: Ու եթե որևէ անձ՝ հատկապես լիազորություններով օժտված, տապալում է որևէ պատասխանատու աշխատանք, ապա նա պետք է ընդունի դրա մեղավորությունը: Իսկ մեղավորության ընդունման ճապոնական ավանդույթի զարդն ու պսակը խարակիրին է: Բայց դե «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց ով ասաց, որ թիվ մեկ մեղավորն եմ» մտածողությամբ Նիկոլն ո՜ւր, ճապոնական ազնվական ավանդույթն ո՜ւր…

Նյութից մի փոքր շեղվելով ասեմ, որ նախկինների օրոք սկսել էի ուսումնասիրել Հեռավոր Արևելքի ժողովուրդների քաղաքակրթությունը՝ պատմությունն ու մշակույթը: Ճապոնական բաժինը համընկավ 44-օրյա պատերազմի հետ, ու այն այդպես էլ կիսատ մնաց: «Մեծարգոյի» այցի հետ կապված՝ որոշեցի մի երկու բան նայել համացանցում: Տնտեսության առումով ճապոնական հանրահայտ բրենդներն էլեկտրոնիկայում են ու մեքենաշինության մեջ: Որոշեցի նայել երկրորդն ու մեքենաշինական մեկ-երկու ընկերությունից հետո անցա Տոյոտային: Առաջին հայացքից նույն պատմությունն էր՝ դժվար սկիզբ ու վերելքներ ու վայրէջքներ համաշխարհային մակարդակի հասնելու ճանապարհին: Ու կրկին աչքի զարնեց պատասխանատվության հանդեպ ճապոնական մոտեցումը: Ընկերության Լեքսուս մակնիշի մեքենան 2009-ին Կայիֆորնիայում կորցնում է կառավարումը և վթարի ենթարկվում: Զոհվում է մի ողջ ընտանիք: Դա կրկնվում է մի քանի անգամ, ու ԱՄՆ-ի Կոնգրեսում հետաքննություն է սկսվում: Դեպքից որոշ ժամանակ առաջ ընկերության ղեկավարությունը ստանձնած Ակիյո Տոյոդան (ընկերության հիմնադրի թոռը) ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Բնականաբար, չի բավարարվում ներողություն խնդրելով ու զոհերի ընտանիքներին հատուցում վճարելով: Նաև ներդրվում է 5 միլիարդ դոլար մեքենայի թերությունները վերացնելու վրա:

Ինչպես տեսնում ենք, սա այն դեպքն է, երբ պատասխանատվությունն ու մեղավորությունն իրարից չեն զատվում: Ու դա ճապոնական մոտեցում է: Եվ եթե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ցանկանում է ճապոնական ինչ-որ նորամուծություն ներդնել Հայաստանում, ապա ճիշտ կաներ, եթե դա լիներ ոչ թե աղբամանի մակարդակով, այլ գործունեության հանդեպ մոտեցման: Ի դեպ, մեր օրերում պատասխանատվությունն առաջին հերթին հատուկ է կամ պետք է հատուկ լինի բարձրագույն պաշտոններ ունեցողներին: Որովհետև որքան բարձր է պաշտոնը, այդքան մեծ են լիազորությունները, ինչն էլ բերում է պատասխանատվության մեծացմանը: Իսկ անհաջողության դեպքում՝ մեղքի զգացումն ընդունելուն:   

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image