Հոգեբանական շատ նուրբ խնդրի առաջ ենք կանգնած։ Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ըստ մամուլի, դիմել է խնդրանքով՝ իրեն տեղափոխել այն խուցը, որտեղ գտնվում են Բագրատ և Միքայել սրբազանները։ Այս թվացյալ տեխնիկական դիմումը իրականում բացում է մի խորը հարց՝ եթե այս մարդիկ հասարակության աչքում չեն ընկալվում որպես հանցագործներ, ապա ինչո՞ւ են նրանք կալանքի տակ։ Եվ եթե նրանք իսկապես վտանգավոր են, ապա ինչո՞ւ է մարդը ձգտում լինել հենց նրանց կողքին։ Սա այն «հոգևոր պարադոքսն» է, երբ կալանավայրի բարոյական շերտը կարծես հակառակ է ըստ պաշտոնական իրավական մեղադրանքների։ Եվ հենց այդ հակասությունն էլ բացատրում է, թե ինչու է Վարդան Ղուկասյանը ցանկանում հայտնվել հենց նրանց կողքին։
Նա դա ընկալում է որպես բարոյական, անվտանգ, վստահելի, վերահսկելի տարածք։ Եթե նա դա ընկալեր որպես վտանգավոր տարածք, չէր խնդրի իրեն տեղափոխել Սրբազանների խուց, նրանց ներկայությունն իր համար հանգստացնող չէր լինի։ Այստեղ առաջանում է հոգեբանական երկրորդ թաքնված շերտը։ Եթե մի խցում փակված մարդիկ համարվում են «ոչ վտանգավոր», «ոչ հանցագործ», «լուսավոր» կամ «սրբազան»՝ ոչ միայն իրենց ստացած կարգավիճակով, այլ հենց կալանավորների աչքում, ապա դա փաստացի նշան է, որ այդ մարդիկ դրական ազդեցություն ունեն միջավայրի վրա։ Եթե բանտում նույնիսկ նախընտրում են նստել նրանց հետ, ուրեմն նրանք ոչ թե վատ են ազդում միջավայրի վրա, այլ հակառակը՝ բարելավում են այն։
Այս խնդրանքը երկու կարևոր ճշմարտություն է հնչեցնում։ Հոգևորականների կալանավորումն ընկալվում է ոչ թե որպես հանցագործության ապացույց, այլ որպես իրավական ու հասարակական ընկալումների բախում։ Նրանց ներկայությունը կալանավայրում համարվում է այնքան դրական, որ նույնիսկ այլ «կալանավորներ են» ուզում «կիսել» այդ տարածքը։ Եվ այս ամբողջ պատմության ամենաբացահայտ հակասությունն այն չէ, որ Վարդան Ղուկասյանը խուց է ուզում փոխել, այլ այն, որ սրբազանների նկատմամբ կիրառված իրավական ընթացակարգը և նրանց իրական հասարակական ընկալումը իրար հետ չեն համընկնում։ Երբ բանտում մարդիկ ուզում են նստել քո կողքին, դա արդեն գնահատական է՝ նույնիսկ առանց դատավճռի։ Բանտի ներսում առաջացած «սրբազանական խցի» հեղինակությունը խոսում է մի պարզ ճշմարտության մասին։ Սրբազանների խուցը հանցանքի վայր չէ, այլ բարոյական ապաստան, ապահով տարածք, մարդկային շունչ ունեցող միջավայր։ Այս պատմությունը, որքան էլ փոքր թվա, բացում է ճշմարտության դուռը։