Ընդամենը 2 շաբաթ առաջ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, հանրության աչքին թոզ փչելով, այց էր կազմակերպել անտուն շների համար նախատեսված նորաբաց կացարան։ Նախկինում այդ տարածքում, որը մասնագիտացված է շների խնամքի համար, պահվել են ոստիկանության շները։ Դիլիջանի կացարանը բացվել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով։ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ մասնակցությամբ այնտեղ կազմակերպվել են թափառող կենդանիների առաջին ստերջացումները։
Եվ ահա, Երեւանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանն այցելել էր այնտեղ, ապա իր ՖԲ էջում գրել, թե ինչ լավ են աշխատում Դիլիջանում թափառող կենդանիների հետ, նրանց ստերջացնում, կատաղություն հիվանդության դեմ պատվաստում են, որոշ ժամանակ պահում են կացարանում, խնամում են։ Իսկ երեկ կենդանասերներն իրենց խմբերում տեղադրեցին Դիլիջանի կացարան կոչվածից սոսկալի լուսանկարներ։ Կեղտոտ, մոռացված, սոված, սեփական արտաթորանքի մեջ կենդանիների պատկերը՝ անհասկանալի, կիսավեր, հակահիգիենիկ բներում, սարսափելի էր։
«Պատկերացնո՞ւմ եք, իբր թե կացարան են ստեղծել։ 1 կոպեկ կերի փող չեն հատկացնում։ Ռուսներն են իրար մեջ փող հավաքում, կեր առնում։ Այ քեզ խայտառակութուն։ Ավելի լավ է շանը քնեցնես, քան էս պայմաններում կյանքը քարշ տա։ Անհասկանալի է, թե որն է այդ դժոխանման կացարան ստեղծելու իմաստը»,- ասում է «Դինգո թիմի» անդամ Վերա Կարապետյանը։ Նա մեզ պատմեց, որ կացարանի անմխիթար վիճակը փաստող լուսանկարն արել է մի կին, որն իր կորած շանը փնտրելով՝ հասել է Դիլիջան եւ ականատես է եղել կենդանիների լքվածության սարսափազդու տեսարանների։
Երեւանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանին հարցրինք, թե արդյոք նա, երկու շաբաթ առաջ լինելով կացարանում, չէ՞ր տեսել այս հակահիգիենիկ վիճակը։ Նա պատասխանեց, որ այդ ժամանակ կացարանը նոր էր բացվել, եւ նման վիճակ չկար։ «Մենք գնացել ենք այնտեղ, այդ տարածքի ողջ մաքրությունն ու կահավորումն իրականացրել ենք, կենդանիների ստերջացման ծրագիր ենք իրականացրել, կենդանիների ինչ-որ քանակ բաց թողնելուց եւ ինչ-որ քանակ այդ վոլյերներում տեղավորելուց հետո վերադարձել ենք Երեւան։ Այդ տեսանյութն ինձ էլ էին ուղարկել։ Կարծում եմ, դա եղել է մեզնից հետո, մենք չէինք կարող տեսնել, թե մեզնից հետո ինչ է կատարվել»,- ասաց Առաքելյանը։ Հարցին արդյոք տեղյակ չէ՞, թե որքան գումար է հատկացնում Դիլիջանի քաղաքապետը՝ այդ կացարանի կենդանիների համար կեր ձեռք բերելու նպատակով, եւ ինչու են ռուսները կերակրում Դիլիջանի քաղաքապետի պահած կենդանիներին, նա պատասխանեց, որ այդ հարցերը Երեւանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս են, պետք է դիմենք Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին։ 2 օր է՝ Դավիթ Սարգսյանը չի պատասխանում ո՛չ զանգերին, ո՛չ նամակներին՝ խուսափում է լրագրողներից։ Իսկ հետո էլ իրեն «արու» է համարում։ Բա «արուն» կխուսափի՞ լրագրողից։