Հասարակություն

«Հրապարակ»․ Դա նույն բանն է, որ մեքենայից պահանջես թռչել

«Հրապարակ»․ Դա նույն բանն է, որ մեքենայից պահանջես թռչել

Մյուռոնօրհնեքի եւ մայր տաճարի վերաօծման սպասված արարողության բուն խորհուրդը ինֆորմացիոն հարթակներում ու հանրային-քաղաքական դիսկուրսում ստվերվեցին իշխանություն-եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ քննարկումներով ու այն հարցով՝ արդյո՞ք քաղաքական իշխանությանը հրավեր ուղարկելով, Մայր Աթոռը հաշտության ձեռք է մեկնում Արցախը հանձնած ու թշնամուն Հայաստանի սահմաններից ներս բերած Փաշինյանի իշխանությանը։ Այս օրակարգը, որքան գայթակղիչ կարող է թվալ ընդդիմադիր հայացքներ ունեցող շարքային քաղաքացու համար, նույնքան խնդրահարույց է պետության առջեւ ծառացած իրական սպառնալիքները գնահատելու տեսանկյունից, որովհետեւ սրանով պառակտման հատիկը հիմա էլ եկեղեցի-ընդդիմադիր հասարակություն հարթություն է բերվում, ու այն կառույցը, որը, թվում է, լայն հասարակությանը միավորող եւ ուղղորդող դերակատարում պիտի ունենա, դառնում է թիրախ։

Խոսքը, իհարկե, այն մասին չէ, որ եկեղեցուն չի կարելի քննադատել, կամ այն մասին, որ Մայր Աթոռն ազգին, պետության ապագային վերաբերող հարցերում պետք է լռի։ Մյուռոնօրհնության առիթով կաթողիկոսի խոսքում այդ շեշտադրումները կային՝ հայկական ինքնության դեմ արվող արշավի, Արցախի ու արցախահայության, գերիների վերադարձի ու պետականությանն ուղղված սպառնալիքների հետ կապված, իսկ մայր տաճարի վերաօծմանը, որին Փաշինյանն էլ էր ներկա, խոսվեց եկեղեցու դեմ ուղղված պայքարի մասին, արարողություններից առաջ Արշակ սրբազանն էլ հայտարարեց, որ իշխանության վերաբերյալ Մայր Աթոռի դիրքորոշումները չեն փոխվել՝ անկախ ֆորմալ հրավերից։

Առավել արմատական հայացքներ ունեցողների համար գուցե սա բավարար չէր, բայց սա այն էր, ինչ կարող էր անել եկեղեցին՝ լինելով ոչ թե քաղաքական, այլ կրոնական կառույց։ «Ես կարծում եմ՝ մեր հասարակությունը եւ սոցիալական դաշտում ակտիվ մարդիկ ուղղակի չգիտեն՝ ինչ է եկեղեցին, ինչ է պետությունը, եւ ինչ է կուսակցությունը։ Մի քիչ խորքից գամ․ երբ քրիստոնեական եկեղեցին հալածվում էր Հռոմեական կայսրությունում, որոշակի համաձայնության եկան եւ 311 թվականին՝ Միլանի էդիկտից՝ հրովարտակից հետո քրիստոնյա եկեղեցին ստացավ գործելու ազատություն, եւ պայմանն էր, որ իր արարողությունները սկսի իշխանության փառաբանմամբ։ Այդ ժամանակվանից սկսած, ընդհանրապես եկեղեցիները՝ քրիստոնեական եւ ոչ քրիստոնեական, որ տարածքում որ գտնվում են, իրենց հիմնական արարողությունները սկսում են իշխանության  փառաբանմամբ։ Այդպես անում է Թուրքիայում հայկական եկեղեցին, Իրանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ այլուր։ Բոլոր եկեղեցիները՝ ինչ-որ պետության տարածքում, կարեւոր չէ՝ հայկական եկեղեցի է, թե ոչ, իրենց արարողությունները պետք է սկսեն այն տարածքի իշխանության օրհնությամբ, որտեղ գտնվում են։ Դա ստանդարտ է՝ 3-րդ դարից սկսած, քրիստոնեական եւ ոչ միայն ընդունված կարգ, բայց մարդիկ այս պարզ բաները չեն հասկանում։ Եկեղեցին չի կարող, եւ սխալ է, որ մտնի քաղաքականություն, նա կարող է իշխանության դեմ արտահայտվել, երբ իշխանությունը քրիստոնեական ուսմունքի դեմ այնպիսի քայլեր է կատարում, որ իրենք չեն կարող չարձագանքել։ Հիմա, երբ եկեղեցուց պահանջում են քաղաքական քայլեր, նշանակում է, որ այն կառույցներն ու կուսակցությունները, որոնք պարտավոր են դա կատարել, չեն կարողանում եւ իրենց արդարացման համար փորձում են մեղքը բարդել եկեղեցու վրա»,- «Հրապարակ»-ին ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հանրային դիսկուրսում Մայր Աթոռի թիրախավորումներին։ Ըստ մեր զրուցակցի, այդ քննարկումն ուղղակի մառազմ է ու հանրության ուշադրությունը շեղող վարքագիծ։

«Դա սխալ է, ըստ բոլոր կանոնների, որովհետեւ իշխանությունները գալիս-գնում են, եկեղեցի-պետություն հարաբերությունները մնում են, ուստի, այո, անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում գործող իշխանությանը, եկեղեցին պետք է բոլորին հրավիրեր պետք է հրավիրեր նաեւ մյուս կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Դա ստանդարտ է, մենք դա պետք է հասկանանք, եւ եկեղեցին հրավիրում է ե՛ւ իշխող ուժին, ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ հանրային գործիչներին, ե՛ւ մտավորականությանը, տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին, եթե դա կարեւոր արարողակարգ է։ Եկեղեցին արեց այն, ինչ պետք է աներ, եւ եթե դա չաներ, կստացվեր, որ իր իրավական դաշտից դուրս է գալիս եւ մտնում է կուսակցական գործունեության դաշտ։ Այլ բան է, եթե եկեղեցին իր ուսմունքից ելնելով է ստիպված լինում քայլ կատարել իշխանության դեմ»,-կարծիք է հայտնում Դանիելյանը։

Արցախի կորստի փաստը, Հայաստանի պետականության դեմ ուղղված քաղաքականությունը, ինքնության ու արժեքների դեմ հայտարարված պատերազմը, որի պահպանողն ազգային եկեղեցին է, արդյո՞ք հիմք չեն Մայր Աթոռի նման կեցվածքի համար։ Ըստ քաղաքագետի՝ ոչ․ «Իրենք հայտնել են իրենց դիրքորոշումն ավելի շատ, քան եկեղեցին կարող էր։ Դրանից ավելի, ուղղակի, անհնար է պատկերացնել, թե իրենք ինչպես կարող էին իրենց կարծիքը հայտնել։ Դա նույն բանն է, որ մեքենայից պահանջես, որ նա թռչի, այն դեպքում, երբ նա ինքնաթիռ չէ, կամ գնացքից՝ որ ծովում լողա։ Դա անհեթեթություն է։ Մենք պետք է հասկանանք, որ սա քաղաքական կառույց չէ, եւ նման քայլերին կարող են լինել հակաքայլեր։ Եթե  եկեղեցին իր սահմաններից կոպիտ ձեւով դուրս գա, ապա հիմք կտա իշխանություններին՝  համապատասխան կերպով վարվել»։

Քաղաքագետն ասում է՝ եթե ԱԺ ուժերն են քաղաքական պահանջ ներկայացնում եկեղեցուն ու հայտարարում են, որ չեն ընդունում իշխանությանը, ապա պետք է դուրս գան խորհրդարանից, մինչդեռ իշխանությանն ուղղված հրավերի համար եկեղեցուն թիրախավորելը նշանակում է՝ իրենց պարտավորությունները կատարել չկարողանալու պատճառով դա անել։ Իսկ իշխանության պահվածքը, որը հեռացավ պատարագի կեսից՝ չմասնակցելով խաչը համբուրելու արարողությանը, ըստ Դանիելյանի, եկեղեցի-իշխանություն պառակտման ցուցիչն է, եւ առաջին  դեպքը չէ, որ Փաշինյանի իշխանությունը սկզբունքային պատերազմ է հայտարարում եկեղեցուն՝ սկսած դեռ 2018-ից։ «Սա մտածված քաղաքականություն է եւ սա ավելի լայն քաղաքակրթական կոնտեքստ ունի, որի մասին արժե առանձին խոսել, սա միայն եկեղեցու արժեհամակարգի դեմ չէ, իրենք բացահայտ ելույթ են ունենում ընտանիքի ինստիտուտի նկատմամբ, ուզում են վերափոխել պատմությունը, հեղինակազրկել այն հերոսներին, որոնցով պետք է երեխաները դաստիարակվեն։ Սա այլ խոսակցություն է, բայց եկեղեցուն սոցիալական ցանցերում տարբեր խմբերի թիրախավորումը՝ այլ։ Մեր հասարակությանն այս 30 տարիների ընթացքում չեն դաստիարակել, շատ հարցերում մեր հասարակությունը տգետ է եւ մեղավոր չէ դրանում, որովհետեւ չի սերմանվել հասարակության սոցիալական, քաղաքական ու քաղաքացիական գիտակցությունը»,- ասում է Դանիելյանը, որի համոզմամբ՝ եկեղեցուն պետք է այլ բանի համար քննադատել, օրինակ, սոցիալական ու բարոյաէթիկական ոլորտում ունեցած բացթողումների կամ չիրականացվող աշխատանքի։ 

Դանիելյանը Վրաց ուղղափառ եկեղեցու օրինակն է նշում։ Վրաց պատրիարքի այն հայտարարությունից հետո, թե ինքն անձամբ է կնքելու ընտանիքի երրորդ զավակին, այդ երկրում դեմոգրաֆիական աճ է գրանցվել։ Մեկ այլ խնդիր, որի համար, ըստ մեր զրուցակցի, կարելի է քննադատել եկեղեցուն, իր ներսը մաքրելն է։ Առաքինի հոգեւորականի կողքին կան նաեւ այնպիսիք, որոնք վարկաբեկում են կառույցը։ Դանիելյանը համոզված է․ եթե Մայր Աթոռն այս՝ սոցիալ-հասարակական, բարոյական հարթությունում իր հիմնական առաքելությունը լավ կատարեր, իշխանությունը կվախենար այն դեմարշներից, որոնց ականատեսն ենք լինում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image