Վերլուծություն

Հաղթանակը նոր ծնված երեխա է, կենդանի պիտի ծնվի․․․

Հաղթանակը նոր ծնված երեխա է, կենդանի պիտի ծնվի․․․

Հայկական քաղաքական միտքը հերթական անգամ նոր բարձունք նվաճեց։ Եթե աշխարհի հետամնաց երկրներում նախ հաշվում են ձայները, հետո հաղթանակ հայտարարում, ապա մեզ մոտ որոշվել է ժամանակ չկորցնել նման հնացած ընթացակարգերի վրա։

Ընտրական հանձնաժողովը դեռ նոր էր սկսել հաշվել քվեաթերթիկները, տոկոսներն օդում էին կախված, արձանագրությունները՝ ճանապարհին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
- Ժողովուրդ, ես հաղթել եմ։
Ժողովուրդն անմիջապես հետաքրքրվեց.
- Լավ, բայց ո՞վ հաշվեց։
- Կհաշվեն։
-Իսկ եթե ուրիշ բան դուրս գա՞։
- Չի կարող։
-Ինչո՞ւ։
- Որովհետև ես արդեն հայտարարել եմ, որ հաղթել եմ։ Վրաստանն արդեն շնորհավորել է, մյուսներն էլ հերթով կզանգեն։
Մի պահ տպավորություն էր, թե ընտրությունների արդյունքները նախ հասել են Թբիլիսի, հետո նոր պետք է հասնեին ԿԸՀ։
Սա մոտավորապես նույնն է, երբ մանկաբարձը ծննդատնից դուրս գա ու հայտարարի.
-Շնորհավորում եմ, երեխա է ծնվել։
Հարազատները ուրախանան, ծաղիկ պատվիրեն, սեղան գցեն, երաժիշտ կանչեն։
Հետո հարցնեն.
-Իսկ կարո՞ղ ենք տեսնել երեխային։
Մանկաբարձն ուսերը թոթվի.
-Կարող եք, բայց մի փոքր խնդիր կա. երեխան մահացած է ծնվել։
- Բա ինչի՞ համար էիք շնորհավորում։
- Ես ծնվելու փաստն էի նշում։ Մնացածը տեխնիկական մանրուք է։

Հաղթանակը նոր ծնված երեխա է, կենդանի պիտի ծնվի․․․ Իսկ երբ մարդիկ տեսնումեն իրենց առաջ անշնչացած փոքրիկ մի անօգ մարմին, չեն հավատում ծննդին, ու դա ծնունդ չեն համարում։

Հենց այստեղ է Փաշինյանի քաղաքական նորարարությունը։ Կարևորը ոչ թե արդյունքն է, այլ արդյունքի մասին հայտարարությունը։ Եթե հայտարարությունն արվել է, ուրեմն իրականությունը պարտավոր է համապատասխանել դրան։
Նախ հայտարարվում է հաղթանակը։
Հետո գալիս են շնորհավորանքները։
Հետո կազմակերպվում է քեֆը։
Իսկ արդյունքի հետ հետո էլ կհաշվեն։

Վերջիվերջո, ժողովրդավարությունը ժողովրդի իշխանություն է։ Պարզապես Փաշինյանի տարբերակում ժողովուրդը վերջինն է իմանում, թե նա ինչ է որոշել։ Մի խոսքով, Նոր Հայաստանում ընտրությունները գնալով ավելի շատ հիշեցնում են սովետական անեկդոտը․ կարևորը ոչ թե ով է քվեարկում, այլ ով է առաջինը հայտարարում հաղթանակը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image