Քաղաքականություն

Ընդդիմության հերթական սխալի արդյունքը

Ընդդիմության հերթական սխալի արդյունքը

Հակակոռուպցիոն կոմիտեն վերջապես գնաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետեւից: Վերջապես, քանի որ զարմանալի էր քաղաքապետ ընտրվելուց հետո կես տարի տեւած այս հետաձգումը: Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, օրինակ, անմիջապես ձերբակալեցին` ընտրությունից մի քանի օր անց: Վարդան Ղուկասյանի հետեւից գնալն արդեն օրերի հարց էր, երբ վերջերս ինչ-որ պատճառաբանությամբ տնային կալանքի ենթարկեցին նրա որդուն՝ Սպարտակին: Նրա նկատմամբ քրեական վարույթ հարուցեցին եւ մեղադրական եզրակացությամբ այն շատ արագ ուղարկեցին դատախազություն՝ հաստատման, որին նույնքան արագ հետեւելու է գործը դատարան ուղարկելու միջնորդության բավարարումը, եթե արդեն դա չի կատարվել: Իսկ պատճառաբանությունն անիմաստ էր, քանի որ հասուն տղամարդը, ըստ պաշտոնական հաղորդագրության, բեռնատարի վարորդից պահանջել է մեքենայի թափքին բեռնված եւ Գյումրի համայնքին պատկանող գույքը տեղափոխել իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի, ինչը եւ, վախի ազդեցության ներքո, կատարվել է վերջինիս կողմից: Բայց ողջ խնդիրն այն է, որ այդպես ուղղակի չի լինում՝ եթե անձն անմեղսունակ չէ: Իսկ Սպարտակ Ղուկասյանը, որքան ինձ հայտնի է մամուլի հաղորդումներից, մտավոր նման հիվանդությամբ չի տառապում: 

Ղուկասյանենց ընտանիքից անցում կատարենք գյումրեցիներին: Երբ այս տարվա գարնանն այնտեղ ավագանու ընտրություն էր անցկացվում, նրանք ընտրեցին նախկինում կրկին քաղաքապետ եղած Ղուկասյանին: Դա կարելի էր համարել ողջամիտ քայլ, եթե գոյություն չունենային քրեական հետապնդումներ նրա եւ նրա որդու նկատմամբ: Իսկ որ վարչապետի աթոռից կառչած անձը հենց այնպես չէր զիջելու տեղական իշխանությունը, դա պարզ էր էն գլխից, հատկապես՝ համապետական ընտրություններից մեկ տարի առաջ: Ու վաղ թե ուշ, իսկ տվյալ դեպքում՝ կես տարի անց, եկան թե՛ նրա եւ թե՛ որդու հետեւից: Ենթադրում եմ, որ «Գյումրու համայնքի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու եւ ստանալու դեպքերի վերաբերյալ» հաղորդագրությունը նույնքան «հիմնավորված» է, որքան Սպարտակ Ղուկասյանի կողմից շորթման հանգամանքը: 
Այդ ամենը հաշվի առնելով՝ գյումրեցիները պետք է որ ձայն տային Ռուբեն Մխիթարյանի կողմից գլխավորվող «Իմ հզոր համայնք» կուսակցությանը՝ նրան դարձնելով քաղաքապետ: Վերջինս խնդիրներ չուներ օրենքի հետ՝ չունենալով այն անցյալը, որից իրավապահները կարողանային ինչ-որ բան պեղել: Միաժամանակ աչքի էր ընկնում թե՛ հայրենասիրությամբ, թե՛ մակարդակով եւ թե՛ կազմակերպական շնորհով: Դրան առաջին հայացքից կարծես թե պետք է աջակցեր նաեւ Վարդան Ղուկասյանը:

Ով վստահաբար տեղյակ էր, որ մի ոչ գեղեցիկ օր գալու են թե՛ իր եւ թե՛ որդու հետեւից: Եվ գյումրեցիներից ստացած մանդատը նրան չի պաշտպանելու, ինչպես չպաշտպանեց Մամիկոն Ասլանյանին, ինչը նշանակում է, որ Գյումրին 2026 թվականի ընտրություններից առաջ կունենար ընդդիմադիր իշխանություն, ինչը կնպաստեր ընդդիմության ընդհանուր հաղթանակին: Դա էլ, իր հերթին, կդադարեցներ նրա ընտանիքի անդամների նկատմամբ քրեական հետապնդումները: Իսկ հիմա, վստահաբար, կլինի այլ իրավիճակ՝ Նիկոլը կրկին իր ձեռքը կվերցնի Գյումրու կառավարումը, ու ամեն ինչ կմնա նույնը, ինչպես դա արդեն արվել է նախորդ անգամ: Եվ գյումրեցիներն էլ կընկնեն հերթական դեպրեսիայի մեջ, ինչն օգուտ կլինի գործող իշխանությանը: Ահա, այդպիսի հեռանկար՝ սխալ քայլ կատարելու արդյունքում: Իսկ Նիկոլը, եթե ուշադիր հետեւել եք, շատ հազվադեպ է սխալ քայլեր անում իշխանության պահպանման առումով, այն էլ՝ ոչ ճակատագրական:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image