Քաղաքականություն

«Հրապարակ». Ձեռագիրը նույնն է․ փորձում են լռեցնել ծեծի միջոցով

«Հրապարակ». Ձեռագիրը նույնն է․ փորձում են լռեցնել ծեծի միջոցով

Երեկ առավոտյան իր տան շքամուտքում ծեծի է ենթարկվել  քաղաքական գործիչ, նախկին դեսպան եւ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Նա այս իշխանության ամենասուր քննադատներից է, մշտապես աչքի է ընկել ընդդիմադիր ակտիվ գործունեությամբ, սուր գրառումներով ու հայտարարություններով՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի։ Այս իշխանությունները որոշեցին, որ Էդգար Ղազարյանին լռեցնելու միակ ճանապարհը ոչ թե իրենց ճիշտ աշխատանքն է, երկիրը կործանման չտանելը, այլ Էդգար Ղազարյանին ծեծելը, որ վախենա ու այլեւս իրենց դեմ չխոսի։

Նրա հարազատները մեզ պատմեցին, որ առավոտյան Էդգարը վարսավիրանոցից վերադառնալիս է եղել, երբ երկու հոգի կանգնած են եղել շքամուտքի մոտ եւ առանց որեւէ բան ասելու՝ հարձակվել են նրա վրա, հարվածելով գցել գետնին, ապա ոտքերով հարվածել գլխին։ Ղազարյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ կար են դրել նրա գլխին, հետազոտել։ Կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։

Էդգար Ղազարյանի դեպքը, ցավոք, միակը չէ Նիկոլ Փաշինյանի բերած «Նոր Հայաստանում», երբ ակնհայտ քաղաքական նպատակներով հարձակվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող ակտիվ անձանց վրա ու ծեծում նրանց։ Դեռեւս 2021 թվականի փետրվարին էլ Չարենցավանում «Ծիտ» մականունով հայտնի Հարություն Ծատուրյանի վրա էին հարձակվել՝ դարձյալ նույն ձեռագրով։ Հարութի վրա էլ էին հարձակվել տան շքամուտքում, երկուսի փոխարեն չորս-հինգ հոգով էին եղել՝ մահակներով զինված, դիմակավորված, դարձյալ գցել էին գետնին ու հարվածներ հասցրել գլխին։ Հարութին տեղափոխել էին Երեւանի «Հերացի» թիվ մեկ համալսարանական հիվանդանոց, որտեղ տասը կար էին դրել նրա գլխին։ Հարություն Ծատուրյանն ակտիվ ընդդիմադիր է՝ քոչարյանական թեւից, մշտապես աչքի է ընկել սուր գրառումներով, որի հետեւանքը եղավ այն, որ հայտնվեց հիվանդանոցում ու մահից փրկվեց, քանի որ լուրջ վնասվածքներ էր ստացել։

Ընդ որում, կասկածներ կային, որ նրան ցանկացել են սպանել, ոչ թե զուտ վախեցնել, բայց իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ հանցագործությունն ավարտին չէին հասցրել։ Դեպքից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն իրավապահ մարմինները ոչինչ չեն արել՝ ծեծողներին չեն հայտնաբերել, ոչ մեկի մեղադրանք չեն առաջադրել։ Մեծ հավանականությամբ՝ Էդգար Ղազարյանի դեպքում էլ հանցագործներն անպատիժ կմնան, ոստիկանությունը դարձյալ «չի կարողանա» մեղավորներին հայտնաբերել, հայտնաբերի էլ՝ քննչական մարմինները նրանց կալանավորելու «բավարար հիմքեր» չեն գտնի՝ դատարանի առջեւ կանգնեցնելու եւ պատժելու համար։

Հարություն Ծատուրյանը մեզ ասաց, որ գործը կասեցված է՝ ոչինչ չեն արել, ոչ ոք չի պատժվել։ Ապա, խոսելով Էդգար Ղազարյանի ծեծի դեպքից, հավելեց․ «Ձեռագիրը նույնն է»։
Ու սա հենց այս իշխանությունների ձեռագիրն է․ ռեպրեսիաներով, ծեծով, վախեցնելով, ապօրինի քրգործեր հարուցելու ու մարդկանց բանտարկելու միջոցով, շանտաժով, աշխատանքից հեռացնելով ու ռազմաճակատ ուղարկելու սպառնալիքով փորձել ճնշել, լռեցնել իրենց դեմ խոսողներին, որ այլեւս ոչ ոք չհամարձակվի բարձրաձայնել իրենց սխալների մասին, իրենց երեսին ասել ճշմարտությունը, հիշեցնել՝ ով են իրենք, ինչ խոստումներով եկան ու ինչ փորձանք բերեցին մեր երկրի ու ժողովրդի գլխին։ Մյուս կողմից՝ ակնհայտորեն պատվիրելով ու խրախուսելով ծանր հանցագործությունները եւ «սեփական» հանցագործներին «չհայտնաբերելով»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image