Գիտե՞ք, թե ինչ տհաճ է կողքից հետեւել երդվյալ արեւմտամետների կամ ռուսամետների դրսեւորումներին։ Երկու խումբն էլ, աղանդավորների համառությամբ եւ նվիրվածությամբ, փորձում է առաջ մղել իր տեսակետը, թե Հայաստանի ու Արցախի փրկությունը Եվրոպայի կամ Ռուսաստանի վասալը լինելու մեջ է։ Եվ նույնքան եռանդուն փորձում են ապացուցել, որ «կոնկուրենտ ֆիրմայի» տեսակետն ապուշություն է, ստորություն, դավաճանություն հայկական շահին։ Այս խմբերի բանավեճն անհնարին է, որ առանց ծանր վիրավորանքների ու հայհոյանքների ընթանա։ Ամեն մեկը հարյուր (իրենք ասում են՝ հազար) տոկոս համոզվածություն ունի, որ իր տեսակետն է միակ ճշմարիտը․ որ, մի դեպքում, Ռուսաստանի հետ բարեկամությունն է մեզ կործանել, հասցրել այս վիճակին, մյուս դեպքում՝ ԱՄՆ-ն ու Արեւմուտքն են մեզ փուռը տվել։ Այդ վեճերին հետեւելիս միայն մի բան եմ մտածում՝ երանի՜ ձեր համոզվածությունն ունենայի եւ արտաքին աշխարհի հետ կապված հարցերում այդքան վստահ լինեի, որ միակ ճշմարիտն իմ կարծիքն է։
Ես շարունակ երկմտում եմ, թե որն է ճշմարիտ ճանապարհը, եւ որ աշխարհաքաղաքական ճամբարի թելադրանքն ու շահերն են առավելապես համընկնում հայկական շահի հետ։ Եվ ոչ մի փաստարկ ինձ չի կարողանում համոզել այս կամ այն ուղղության միանշանակ օգտավետության, հեռանկարայնության մեջ։ Միայն մի բանում եմ ավելի ու ավելի համոզվում, որ Հայաստանի եւ Արցախի շահերն ու ճանապարհը գնալով տարանջատվում են իրարից։ Դրանում ոչ միայն գործող իշխանությունների մեղավորությունը կա, թերեւս, նաեւ աշխարհաքաղաքական որոշ պրոցեսներ դրան նպաստեցին։ Այնուամենայնիվ, անչափ տխուր է, որ Հայաստանն ու Արցախն այլեւս մեկ միասնություն չեն եւ միասին չեն պայքարում հայ ժողովրդի ապագայի համար՝ լինի Հայաստանում, թե Արցախում։