Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանի մոտ ննջեցյալների հետ սելֆի անելն ավելի լավ է ստացվում, քան քաղաքական հայտարարություններ անելը

Վահագն Խաչատուրյանի մոտ ննջեցյալների հետ սելֆի անելն ավելի լավ է ստացվում, քան քաղաքական հայտարարություններ անելը

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մոտ ՀՀ նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը խախտել է անտեսանելի լինելու ռեժիմն ու դարձել քննարկումների առարկա: Ոչ, ոչ, հերթական ննջեցյալի հետ ինքնանկար կամ սելֆի չի արել, այլ խոսել է Սյունիքի «դարպասների մասին»: «Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասներն են դառնալու հետագա զարգացման համար:

Եթե մենք կարողանում ենք դարպասները բացել Սյունիքի, ես նկատի ունեմ 42 կիլոմետրի հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալիս մեզ:

Եվ այն մեծ ծրագիրը, որը մենք հիմա ներկայացնում ենք ու առաջ ենք տանում, խաղաղության խաչմերուկը, նաև որը շատ լավ ընկալվում է միջազգային հանրության կողմից: Ես կարող է ուղղակի իմ անձնական շփումների արդյունքում ներկայացնել ձեզ, և բոլորի համար շատ գրավիչ է, և շատ տեսանելի է, շատ մեծ հայտնագործություն չենք արել, բայց այն, ինչ-որ կա, իրականությունը որ սեղանին ենք դնում, ու նաև պատկերավոր ներկայացնում ենք հնարավորությունները, հասկանում ենք, թե ինչքան կարևոր է այդ 43 կիլոմետրը և Սյունիքը:

Մեր նպատակը հետևյալն է, մոտ ժամանակներին որպեսզի այդ համաձայնագիրը խաղաղության ստորագրենք»,-հայտարարել է Խաչատուրյանը:

Հասկանալի է, որ Փաշինյանը Խաչատուրյանին Սյունիք էր գործուղել սյունեցիներին համոզելու, որ անհրաժեշտ է այդ կարևորագույն հատվածից հրաժարվել ինչ-որ չհստակեցված «մենք»-ի բարգավաճման ու այսպես կոչված խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, որպեսզի 2026-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանը պողպատե «չագուչի» փոխարեն այդ թուղթը թափ տա ու դրա վրա քարոզարշավ ծավալի:

Խաչատուրյանը խոսում էր, այսպես կոչված միջազգային հանրության կողմից «խաղաղության ճանապարհի» դրական ընկալման մասին, ինչը կարծես թե ֆանտաստիկայի ոլորտից է, որովհետև նույն միջազգային հանրության կողմից այդ «խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ ոչ մի լուրջ հայտարարություն կամ քննարկում կարծես թե չի եղել:

Խաչատուրյանի փաշինյանական ոճի հայտարարության կողքով անտարբեր չի անցել նաև Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։ Նա գրում է․«Գուցե Խաչատուրյանը տեղյակ չէ, բայց Սյունիքի դարպասները Հայաստանի համար բաց են։

Այդ դարպասներով մենք մտնում ենք Իրան և կարող ենք հասնել Հնդկաստան։ Աշխարհում բոլորը գիտեն, որ մեր սահմանները շրջափակման մեջ են պահում Ադրբեջանը և Թուրքիան, իսկ ՀՀ նախագահը խնդիրը այնպես է ներկայացնում, կարծես մենք ինչ-որ բան ենք փակել, ու հիմա լավ կլինի՝ բացենք… Հայաստանը ունի դարպաս, և այդ դարպասը բաց է, սակայն եթե Վահագն Խաչատուրյանի տրամաբանությամբ առաջնորդվենք և «արտապատվիրակենք» կամ «վարձով տանք» զրկվելու ենք նաև մեր ունեցած դարպասից։ Ի՞նչ անենք, որ մեր իշխանավորները մեկը մեկից բեխաբար խայտառակություններ չխոսեն»։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն էլ Խաչատուրյանի այս հայտարարությունը որակում է ոչ այլ ինչ, քան հակապետական հայտարարություն: «Վահագն Խաչատուրյանի այդ հայտարարությունը այլ բան չէ, քան պարզապես հակապետական հայտարարություն:

Ասածս բացարձակապես չի վերաբերում ճանապարհների, հաղորդակցությունների բացմանը: Միայն անգետ մարդը կխոսի ճանապարհները, հաղորդակցությունները բացելու դեմ: Բայց, ապագայի հնարավորությունները կապել 43 կմ-ը բացելու հետ, դա էլ որակելով «Սյունիքի դարպասներ», դա նշանակում է ըստ էության ասել, որ առանց այդ 43-կմ-ի, Հայաստանը չունի զարգացման հնարավորություն:

Իսկ ինչու՞ է Հայաստանի հանրապետության նախագահը այդ 43 կմ-ը համարում Սյունիքի դարպաս: Սյունիքի դարպասը Ադրբեջանով Նախիջեւանի հետ կա՞պն է: Իսկ, եթե ոչ, ապա ինչու՞ Հայաստանի նախագահը չի խոսում այն մասին, որ Երեւանը որպես Չինաստանից Եվրոպա հաղորդակցային ուղի, կարող է առաջարկել Հայաստանի տարածքով այլ երթուղիներ, որոնք ռազմավարական իմաստով շատ ավելի շահեկան կարող են լինել Հայաստանի համար»,- գրում է քաղաքագետը:

Բադալյանը շեշտում է, որ սա կարելի է դիտարկել շանտաժ Հայաստանի ժողովրդի դեմ՝ ՀՀ զարգացումը կապելով միայն այդ 43 կմ-ի հետ:

«Ակնառու է, որ ՀՀ նախագահի պաշտոնին գտնվող մարդու հայտարարությունը հակասում է Հայաստանի հանրապետության ռազմավարական շահին եւ արտացոլում է այն «ոգին», որ «զանգեզուրյան միջանցք» անվանման ներքո ներկայացնում են Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ Հայաստանի նախագահը ներկայացնում է «Սյունիքի դարպասներ» անվան ներքո»,- եզրափակում է քաղաքագետը:

Ինչպես նկատել է Բադալյանը, Խաչատուրյանը Փաշինյանի որդեգրած հակահայկական քաղաքականության կրողն է դարձել: Այնուամենայնիվ, երևի թե պարոն Խաչատուրյանի մոտ ավելի լավ ստացվում է ննջեցյալների հետ սելֆի անելը, քան թե քաղաքական, այն էլ պաշտոնավարածդ երկրի դեմ հայտարարություններ անելը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image