Եթե վարչապետը ուզում է նոր կրոնական ուղղություն ստեղծել, ապա թող այդ կրոնը ստեղծի իր տարածքում, ոչ մեր Հոր Տանը։ Եկեղեցու Տունն ունի իր կանոնը, իր ավանդույթը, իր առաջնորդը, և ժամանակավոր իշխանությունը չի կարող փոխել դրա ներսի կարգը։
Պատարագի ընթացքում Կաթողիկոսի հիշատակությունը եկեղեցական կարգի անբաժան մաս է։ Հիշատակել նշանակում է ընդունել նրա հոգևոր գերագույն իշխանությունը։ Եթե քահանան գիտակցաբար հրաժարվում է հիշատակել Կաթողիկոսին, ապա ըստ եկեղեցական կանոնագրության, նա գործնականում հայտարարում է, որ չի ենթարկվում ներկա եկեղեցական իշխանությանը։ Փաստորեն, դա նշանակում է, որ ինքը դուրս է Եկեղեցուց։ Սա եկեղեցու ներքին իրավունքի տրամաբանությունն է։
Վերջին պատարագներում, որոնց մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, նկատվում է մի արտառոց երևույթ․ պատարագ կատարող քահանան չի հիշատակում Կաթողիկոսին։ Սա սովորական արարողակարգային մանրուք չէ։ Սա եկեղեցական համակարգի ներսում ճեղքման ազդանշան է, որն արդեն դուրս է գալիս կրոնական դաշտից և վերածվում քաղաքական ճնշման գործիքի։
Եթե Նիկոլ Փաշինյանն իր թիմով, իր իշխանությամբ, ոստիկանական և ուժային համակարգով մասնակցում է միայն այն պատարագներին, որոնցում կաթողիկոսի անունը չի հնչում, ապա հիմնավորման հարկ չկա՝ դա համարել քաղաքական ճնշման միջոց։ Երբ վարչապետն է ներկա և հիշատակումը բացակայում է, առաջանում է մի պարզ հարց․ ինչո՞ւ պատարագի նույն արարողակարգը փոխվում է հենց այդ պահին։ Բնական է՝ քահանան ինքնակամ չի փոխում պատարագի ընթացքը վարչապետի ներկայությամբ․ դա հակասում է ավանդույթին, կարգին և սովորությանը։ Այս հանգամանքը հստակ ցույց է տալիս, որ ներկա վարքագիծը հնարավոր է միայն քաղաքական ճնշման կամ հաշվարկի արդյունքում ։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների կողմից սա դիտարկվում է որպես քաղաքական ճնշման միջոց, հատկապես, երբ բռնի ուժով կաթողիկոսի անունը արտասանողին ոստիկանական ուժով դուրս են հանում Եկեղեցուց։ Իրականում, այս իրավիճակում իշխանությունը նմանվում է այն «անհոգ» կնոջը, ով տուն ու տեղ դրած մորը փորձում է բռնի ուժով վռնդել սեփական տնից և տիրանալ նրա տարիների վաստակին։ Այս պարագայում կարևոր է, որ խոսքը գնում է ոչ թե տարիների, այլ բազմադարյա վաստակի մասին, որը չունի իրավական կամ բարոյական արդարացում իշխանության նման միջամտության համար։