Հասարակություն

«Հրապարակ». Ամիսներ են ծախսել՝ անձնական տվյալները կայքից հեռացնելու համար

«Հրապարակ». Ամիսներ են ծախսել՝ անձնական տվյալները կայքից հեռացնելու համար

Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2025թ․ հուլիսի 9-ի որոշումը, որով Դիլիջան համայնքի 2025 թ. բյուջեով նախատեսված «Ընտանիքի անդամներ եւ զավակներ» նախահաշվից մեկ միլիոն ՀՀ դրամ է փոխանցվել «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի «Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ-ի հաշվեհամարին՝ Դիլիջանի համայնքապետարան դիմած նորածին երեխաների ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու նպատակով։ 

30 նորածինների ընտանիքներին ցուցաբերվել է 20-50 հազար դրամ աջակցություն։ Համայնքի ղեկավարի որոշման մեջ առանձին փաստաթղթով հրապարակված են նորածինների մայրերի անուն-ազգանունները, անձնագրերի եւ ՀԾՀ-ի՝ հանրային ծառայության համարանիշների տվյալները։ Դիլիջանի համայնքապետարանի կողմից նորածինների մայրերի անձնական տվյալների այս անթույլատրելի հրապարակման կապակցությամբ դիմել էի ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանին։ Հարց էի բարձրացրել, թե ինչու գործակալությունն այդ առթիվ վարույթ չի իրականացնում, միջոցներ չի ձեռնարկում՝ չէ՞ որ մարդկանց անձնական տվյալների գաղտնիությունն է խախտվել։ Դրանից հետո գործակալությունն օգոստոսի 25-ին վարույթ էր հարուցել։ 

Ամիսներ անց՝ նոյեմբերի 19-ին, Գ․ Ներսիսյանին նոր հարցում ուղարկեցի․ «2025 թվականի օգոստոսի 25-ին հարուցվել է վարչական վարույթ, անցել է 3 ամիս, ի՞նչ եղավ այդ վարչական վարույթի ընթացքը»: Գործակալության պետը պատասխանել է․ «Գործակալությունում 2025 թվականի օգոստոսի 25-ին հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված 2025թ․ սեպտեմբերի 24-ի որոշմամբ Դիլիջանի համայնքապետարանից պահանջվել է դադարեցնել Դիլիջանի համայնքապետարանի //(https: dilijancity.am/) պաշտոնական համացանցային կայքում՝ Դիլիջան համայնքի ղեկավարի 2025թ․ հուլիսի 9-ի թիվ 513 որոշմանը կից փաստաթղթում հրապարակված անձնական տվյալների մշակումը։ Վարչական ակտի պահանջի կատարման փաստը պարզելու նպատակով, Գործակալության կողմից ուսումնասիրվել է վերոնշյալ կայքը եւ պարզվել, որ վերոնշյալ կայքում հրապարակված Դիլիջան համայնքի ղեկավարի 2025թ․ հուլիսի 9-ի թիվ 513 որոշմանը կից փաստաթղթում ներառված են միայն որոշմամբ աջակցություն տրամադրված քաղաքացիների անուն-ազգանունները եւ գումարի չափը։ Միեւնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների շրջանակներում անձի անունը եւ ազգանունը դասվում են հանրամատչելի անձնական տվյալների շարքին»։ 

Փաստորեն, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը երկար ամիսներ է ծախսել պարզ բանի համար՝ դիմումիս հենքով վարույթ հարուցելու համար, որպեսզի Դիլիջանի համայնքապետարանին պարտադրեն՝ համայնքապետարանի կայքից հեռացնել դրամական օգնություն ստացած նորածին մայրերի անձնագրերի եւ ՀԾՀ-ի՝ հանրային ծառայության համարանիշների տվյալները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image