Ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին Ռուսաստանի առանձին հասարակական, քաղաքական գործիչներ հիշել են, որ ժամանակին Ղարաբաղի խաներն իրենց են դիմել՝ իրանական շահերից պաշտպանվելու խնդրանքով, ռուս կայսրերն էլ մեծահոգաբար այն վերցրել են իրենց պաշտպանության տակ, որի արդյունքում Ղարաբաղը դարձել է «հավերժ Ռուսաստանին ենթակա»։ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրող եւ Մոսկվայի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Մեդվեդեւը մի հատված է մեջբերում 1902 թվականին Թիֆլիսում հրատարակված Վասիլի Պոտտոյի «Ղարաբաղի առաջին կամավորները՝ ռուսական տիրապետության հաստատման դարաշրջանում» աշխատությունից: Իմաստ չունի մեջբերել Մեդվեդեւի ամբողջ գրառումը, բայց դրա մի մասն իսկապես հետաքրքիր է:
Վասիլի Պոտտոն գրում է, որ Շուշիի Իբրահիմ խանը, մի կողմից սեղմված լինելով ռուսական զորքի կողմից, մյուս կողմից զգալով պարսկական սպառնալիքը, հասկանում էր, որ իր ինքնուրույնության ավարտը մոտ է, եւ պետք է ընտրություն կատարի պարսից Աղա Մուհամմադ շահի ու ռուսական ցար Ալեքսանդր 1-ի միջեւ: Եվ, ահա, Իբրահիմ խանը որոշում է դիմել ռուս իշխան Ցիցիանովին՝ ռուսական հպատակություն ընդունելու խնդրանքով: Ահա թե ինչ է պատասխանում Ցիցիանովն Իբրահիմ խանին. «Չնայած, դատելով Ձեր վարքից, ես չպետք է միջամտեմ եւ Ձեզ պաշտպանության տակ առնեմ պարսիկներից, ովքեր, ինչպես իրենց սովորությունն է, կհանեն Ձեր աչքերը կամ կկտրեն Ձեր քիթը եւ ականջները, չնայած, կրկնում եմ, ես, ընդհակառակը, պետք է Ձեզ հանձնեմ նրանց եւ միայն դրանից հետո նրանցից խլեմ Շուշին ու Ղարաբաղը, այլ ընդօրինակելով իմ միապետի անբացատրելի ողորմածությունը, որը, ինչպես օրվա վառ կարմիր արեւը, տաքացնում, սնուցում, բարիք է անում եւ լուսավորում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են վայելել այն, ես հայտարարում եմ Ձեզ համայն Ռուսաստանի կայսր եւ ինքնակալի սուրբ, բարձր եւ փառավոր անունով, որ նա բարեհաճում է Ձեզ ներում շնորհել, ամեն ինչ մոռացության է մատնում եւ ընդունում է Ձեզ Համառուսական կայսրության օրհնյալ հավատարմության մեջ, որպեսզի Դուք պահպանեք անսասան հավատարմություն՝ հաստատելով դա Ձեր երդմամբ, հանձնելով ամրոցը (նկատի ունի Շուշիի ամրոցը՝ Ա. Բ.) ռուսական բանակին, Ձեր ավագ որդուն հանձնելով որպես ամանաթ (հավատարմությունը երաշխավորող պատանդ՝ Ա. Բ.), եւ Ձեր հավատարմությունը ցույց տալու համար տարեկան 8 հազար չերվոնեց տուրք կվճարեք»։
Ռուսաստանի իշխանությունները հասկանում են, որ Հարավային Կովկասը դուրս է եկել իրենց վերահսկողությունից, իրենք այլեւս այստեղ ո՛չ դաշնակից ունեն, ո՛չ բարեկամ եւ ո՛չ էլ ազդեցության լծակ: Մինչեւ 44-օրյա պատերազմը Ռուսաստանն օգտագործում էր Արցախի չկարգավորված հարցը՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նկատմամբ իր ազդեցությունը պահելու համար: Հիմա ազդեցության այդ լծակը չկա, Հայաստանը վաղուց այլեւս Ռուսաստանի դաշնակիցը չէ, Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող տարածք է, եւ դրանում իր ներդրումն ունի նաեւ Ռուսաստանը:
Վերջերս Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային ֆորումում Վլադիմիր Պուտինը հայտարարեց. «Որտեղ ռուս զինվորը ոտք է դրել, դա մերն է»: Սա ռուսական ցար Նիկոլայ 1-ի հայտնի խոսքերի վերաշարադրանքն է, որը ժամանակին ասել էր. «Որտեղ մեկ անգամ բարձրացվել է ռուսական դրոշը, երբեք չպետք է իջեցվի»: ՌԴ նախագահի խոսքերը գուցե վերաբերում էին Ուկրաինային, նա ակնարկում էր, որ իրենք Ուկրաինայի գրաված տարածքներից դուրս չեն գա: Բայց չէ՞ որ 2024 թվականին նրանք դուրս եկան Արցախից, որտեղ եւս ոտք էր դրել ռուս զինվորը, եւ ռուս զինվորի տված անվտանգության երաշխիքին հավատալով էր, որ տասնյակ հազարավոր արցախցիներ 2020-21 թվականներին վերադարձան իրենց հայրենի տները, բայց խաբվեցին իրենց հավատի մեջ` երկրորդ անգամ գաղթական դառնալով:
Ռուսաստանին թվում է, թե Ադրբեջանի վրա ազդեցության լծակ կարող է լինել նրան իրական սպառնալիքով վախեցնելը՝ հասկացնելով, որ ինչպես 200 տարի առաջ, այժմ էլ Իրանը սպառնում է Ադրբեջանին, եւ միայն Ռուսաստանը կարող է ապահովել Ադրբեջանի ու նրա խանի անվտանգությունը: Բայց Ադրբեջանն այլեւս Իրանից սպառնալիք չի տեսնում, ընդհակառակը՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն օկուպացված Ստեփանակերտում էր`Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Պատկերն ամբողջական կլիներ, եթե այնտեղ լիներ նաեւ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հաստատ այնտեղ կլիներ, եթե Ադրբեջանն արդեն ստորագրած լիներ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը: Բայց նույնիսկ նրա բացակայությունն էլ ավելի է ընդգծում, թե ովքեր են հիմա Հարավային Կովկասի տերը եւ ովքեր են որոշում նրա ճակատագիրը:
Լիակատար ներդաշնակության համար պետք է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան հեռացվի Հայաստանից, եւ իջեցվի ռուսական դրոշը: Ի դեպ, Նիկոլայ 1-ի կիսանդրին տեղադրված է ռազմաբազայի տարածքում, եւ կիսանդրու վրա նրա վերոնշյալ արտահայտությունն է: Եթե կամ երբ ռուսական դրոշն իջեցվի ռազմաբազայի տարածքում, ինչպես դա եղավ Ստեփանակերտում, եւ հեռացվի ցարի կիսանդրին, ամեն ինչ գրեթե կվերադառնա 200-ամյա վաղեմության վիճակին, երբ Հարավային Կովկասն իրար մեջ կիսում էին Թուրքիան եւ Իրանը, իսկ Ռուսաստանը կլինի կովկասյան լեռների այն կողմում: