Ադրբեջանում վերջին շրջանում գլուխ բարձրացրած հակառուսական տրամադրությունների եւ քինախնդիր հայտարարությունների ֆոնին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի երկնչում ոչ միայն տողատակերով, այլեւ ուղիղ Ռուսաստանին «խայթելուց»: Ավելին, Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի շրջանում սպանությունների եւ այլ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց հայտնաբերման նպատակով ռուս իրավապահների հատուկ, բայց, որ կարեւոր է՝ իրավաչափ գործողություններից մեծ ցնցումների մեջ ընկած Բաքվի ռեժիմն անցել է բացահայտ թշնամանքի՝ ծանր մեղադրանքներ հասցնելով ռուսական կողմին:
Բաքվի բռնապետը, ինչպես ասում են, հիշել է «հին նեղվածություններն ու վերքերը» եւ հանդգնել է հոխորտալ Մոսկվայի հասցեին, սպառնալ միջազգային դատական հայցերով: «Ադրբեջանը ռուս պաշտոնյաներից պատասխան չի ստացել Ակտաու օդանավակայանի մոտ «Ադրբեջանի ավիաուղիներ» (AZAL) ընկերությանը պատկանող Embraer 190 ուղեւորատար ինքնաթիռի կործանման վերաբերյալ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ պատասխանելով «Ռոյթերս»-ի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցին։
«Ցավոք, մենք այս հարցի վերաբերյալ ռուս պաշտոնյաներից որեւէ պատասխան չենք ստացել, չնայած անցել է յոթ ամիս։ Մեզ համար ամեն ինչ պարզ է։ Մենք գիտենք, թե ինչ է պատահել, եւ կարող ենք ապացուցել դա։ Եվ մենք գիտենք, որ ռուս պաշտոնյաները նույնպես գիտեն, թե ինչ է պատահել։ Եվ այստեղ հարց է առաջանում. ինչո՞ւ նրանք պարզապես չեն անում այն, ինչ կաներ ցանկացած հարեւան։ Մեր խնդրանքներն ու պահանջները բացարձակապես բնական են. այս աղետը ճանաչել որպես մեղք, պատժել մեր ինքնաթիռը խփածներին, փոխհատուցում վճարել զոհերի ընտանիքներին, վիրավորներին եւ AZAL-ին՝ ինքնաթիռի կորստի համար»,- հոխորտացել է Ալիեւը։ Նրա պնդմամբ, AZAL-ի օդաչուները ցուցաբերել են քաջություն, արիություն եւ պրոֆեսիոնալիզմ։ «Հենց որ մենք խումբ ուղարկեցինք դեպքի վայր՝ պարզելու, թե ինչ է պատահել, նրանք անմիջապես հայտնեցին եւ նկարահանեցին, որ ինքնաթիռի ֆյուզելաժը լի է անցքերով: Ներսում երկու մարդ կար, որոնք վիրավորվել էին բեկորներից: Այն միտքը, որ իբր ինքնաթիռը խոցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից, բացարձակապես ծիծաղելի է։ Ինքնաթիռի վրա երկու հարձակում է եղել։ Պատկերացրեք՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքը ժամանում է, թիրախավորում է ադրբեջանական ինքնաթիռը, հարվածում է այն, կործանում, ապա կրկին հարձակվում։ Սա մանկապարտեզին հարիր պատմություն է։ Մենք գիտենք, թե ինչ է պատահել։ Ավելին, Ռուսաստանի օդային տարածքը փակ չի եղել. այն փակվել է ինքնաթիռի խոցումից մի քանի րոպե անց։ Եվ սա նաեւ նրանց պատասխանատվությունն է, ովքեր իրականացրել են այս «Գորգ» գործողությունը, ինչպես մենք ենք այն անվանում, որի արդյունքում երկինքը փակվել է։ Այս ամենը պարզ է, ինչպես ցերեկը։ Բայց անցել է յոթ ամիս, եւ մենք պատասխան չունենք։ Մեր գլխավոր դատախազը պարբերաբար նամակներ է ուղարկում Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարին։ Բայց բոլոր նամակները նույն պատասխանն են ստանում. հետաքննությունը շարունակվում է։ Մենք կսպասենք դրա ավարտին, բայց ես կարծում եմ, որ նման վարքագիծը հակաարդյունավետ է։ Սա մեզ չի ստիպի մոռանալ։ Մենք չենք մոռանա։ Մենք ներկայում պատրաստվում ենք եւ արդեն տեղեկացրել ենք ռուսական կողմին, որ պատրաստում ենք թղթապանակ՝ այս հարցով միջազգային դատարաններ ներկայացնելու համար։ Մենք հասկանում ենք, որ դա կարող է ժամանակ պահանջել, եւ պատրաստ ենք 10 տարի սպասել, բայց արդարությունը պետք է հաղթի։ Եվ, ցավոք, այժմյան առկախված իրավիճակը չի նպաստում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- եզրափակել է Ալիեւը։
Թեման առավել արդիական դարձնելու եւ Ալիեւի պնդումներն արդարացնելու համար ադրբեջանական ԶԼՄ-ներն ու փորձագիտական շրջանակներն այս ընթացքում պարբերաբար համապատասխան ֆոն են ապահովել՝ ինքնաթիռի կործանման հետ կապված ներկայացնելով ամենաանհեթեթ հրապարակումները: Իշխանամերձ քարոզչակայքերն այնքան մոլեգին են լծվել այս գործին, որ պնդում են, թե իբր սենսացիոն «փաստական ապացույցներ» են ձեռք բերել, թե ինչպես եւ ում հրահանգով է խոցվել ինքնաթիռը, տարածում են աուդիոձայնագրություններ՝ ոմն ռուս հրամանատարի մասնակցությամբ, այն մասին, թե ինչպես է նա հրահանգում ենթականերին՝ հարվածել օդանավին եւ այլն: Կրեմլն արձագանքը չի ուշացրել:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաքվի՝ AZAL ինքնաթիռի կործանման գործով Ռուսաստանի դեմ դատական հայց ներկայացնելու հայտարարությունները, նշել է. «Ընթանում են քննչական գործողություններ, ընթանում են դատավարություններ։ Եթե Ադրբեջանը նման որոշում կայացնի, սա Ադրբեջանի իրավունքն է, մենք կսպասենք պաշտոնական դատավճիռներին»: Դատելով մեկնաբանությունից՝ Կրեմլում առայժմ զգուշավորություն են պահպանում, մի կողմից, հավանաբար, չցանկանալով ավելորդ ու անհարկի ուռճացնել թեման, մյուս կողմից՝ չվտանգելով ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որոնք գոնե հռչակագրային առումով ռազմավարական-դաշնակցային բնույթ ունեն: Ադրբեջանում, սակայն, ավելի են ոգեւորվել Մոսկվայի չափավորությունից. ադրբեջանական մասմեդիայում արդեն իսկ ներկայացվում են թեզեր, թե Կրեմլում հասկացել են՝ «ում հետ գործ ունեն, եւ թե ով է թիվ մեկ երկիրը Հարավային Կովկասում»:
Ի դեպ, ինչ վերաբերում է Բաքվի առաջին դեմքի՝ Ալիեւի շուրթերով Ռուսաստանին ուղղված տողատակային մեղադրանքին, ապա հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը օկուպացված Ստեփանակերտում ընթացող միջազգային մեդիաֆորումում ելույթի ժամանակ Ադրբեջանի ղեկավարն ուկրաինացիներին խորհուրդ տվեց երբեք չհամաձայնել օկուպացիայի հետ եւ չհանդուրժել տարածքային ամբողջականության խախտումը: Այլ կերպ ասած՝ դաշնակից Ռուսաստանին Ալիեւը ներկայացրեց որպես ագրեսոր եւ օկուպանտ: Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Ալիեւի հայտարարած շանտաժն ու քարոզչաքաղաքական «պատերազմն» ընդդեմ Ռուսաստանի խոստանում է նոր հորիզոններ բացել, քանի որ այս փուլում «գոլահարի» դերում հենց նախահարձակ Բաքուն է, իսկ «գնդակը, չգիտես ինչու, դեռ Մոսկվայի դաշտում չի նշմարվում...»: