Բանակում ծառայելու առումով հասարակության մեջ առկա՝ «կեղծիք, կեղծիք, կեղծիք կեղծիքի հետևից, հետո կեղծիքը փակելու համար կեղծիք…» ասողն ու այն դատապարտողը մոռանում է, որ կեղծիք կոչված երևույթի հեղինակներից մեկն ինքն է: Այս դեպքի համար է ասված՝ իսկ ովքե՞ր են դատավորները: Երևի մոռացել է, որ ընտանեկան օրաթերթի սեփականատեր և գլխավոր խմբագիր լինելով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա և համատեղության կարգով բարձրաստիճան պաշտոնյա Միքայել Մինասյանի նոր ծնված երեխայի համար ոսկուց պատրաստված և ադամանդակուռ ծծակ էր «հայտնաբերել»: Ու աննորմալ այդ կեղծիքը տարածել էր Հայաստանով մեկ: Մոռանում է, որ 2018-ի գարնանային իրադարձությունների ընթացքում, մարդկանց հիմարացնելու նպատակով, հերոսի կեղծ պապ էր մեջտեղ գցում և կամ ոստիկան Աշոտի կեղծ տատ:
Ավելին, ՀՀ վարչապետի պաշտոնում պատերազմի խայտառակ պարտության մեղավոր լինելով՝ սեփական մեղքն ընդունելու փոխարեն փորձեց այն հեռացնել իրենից՝ տարածելով մնացած բոլորի վրա՝ զինվորից մինչև գեներալ: Հիշենք վերջինիս կնոջ կողմից բարձրաձայնած՝ 11 000 դասալիքների հեքիաթը, որը փոխառնվել էր թշնամի երկրի ղեկավարից: Մոռանում է, որ փոխանակ հենց սկզբից ընդուներ արհեստական արբանյակի կամ իրենց քարոզչությամբ ներկայացված ՝ համարյա թե տիեզերական էպոպեայի, մեղմ ասած, զավեշտը, շարունակում էր այդ անհեթեթությամբ մարդկանց ուղեղների լվացումը: Նույնն էլ ԱՆԻՖ կոչված կառույցի կամ հայկական ավիացիայի զարգացման առումով: Եվ դա այն դեպքում, երբ իր կողմից պաշտոնի նշանակված՝ ընդամենը ավիացիոն տոմսավաճառի փորձառություն ունեցող «սիրուն աղջիկն» անիծեց այդ ոլորտի հերը: Ու այդ անձը դատապարտում է այլոց կողմից «կեղծիք, կեղծիք, կեղծիք կեղծիքի հետևից, հետո կեղծիքը փակելու համար կեղծիք…» անելու երևույթը:
Հիսնամյա այդ մարդը չի գիտակցում, որ իր իշխանության կողմից հանրությանը «մատուցված» համատարած կեղծիքի պայմաններում մարդիկ պետք է դիմեն նույն կողծիքին, որպեսզի իրենց զավակներին ազատեն «ինքնիշխան» երկրի «անվտանգ ու բարեկարգ» դիրքերում ծառայելու պարտավորությունից: Բողոքելով այդ հարցում՝ չի գիտակցում, որ զինվորական վարժանքների անվան ներքո քաղաքացիական անձանց, առանց լուրջ ֆիզիկական ու, ինչու չէ, հոգեբանական պատրաստության, դիրքեր հասցնելը ևս կեղծիք է: Ինչը փորձում են շղարշել հայրենիքին ծառայելու անվան ներքո: Մոռացել է, որ վերջին պատերազմում իբրև թե կամավոր Արցախ մեկնած որդին իրականում մոր և թիկնապահների հետ շրջում էր ռմբապաստարաններով: Համացանցը պահպանել է դրա վերաբերյալ վկայությունները, որոնցից մեկն էլ ներկայացված է հոդվածին կից լուսանկարում:
Կեղծիքն, իհարկե, լավ բան չէ՝ երբ այն կիրառվում է կենցաղային մակարդակում: Բայց կեղծիքը դառնում է վտանգավոր, երբ օգտագործվում է պետական մակարդակով: Ու այն անհրաժեշտ է արմատախիլ անել: Բայց եթե առկա է իշխանություն, որը փողոցից եկել է կեղծիքով, կեզծիքով շարունակում է իր գոյությունը, ապա դրա վերացումն անհնար է, եթե, իհարկե, պատմության աղբարկղ չի նետվում դրա հովանավոր իշխանությունը: Կկարողանանք դա անել՝ կազատվենք նաև կեղծիքից՝ համապատասխան աշխատանքի դեպքում: Չկարողանանք դա անել՝ կեղծիքը կուղեկցի մեզ՝ եթե, իհարկե, հրաշք պատահի և այս իշխանության պարագայում պահպանվի հայոց պետականությունը:
Կեղծիքի առումով. եթե ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հետևանքով Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել, որի համար վերջինս դատվում է, ապա ինչո՞ւ չի դատվում ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը, որի, մեղմ ասած, սխալ հրամանատարության պատճառով մենք խայտառակ պարտություն կրեցինք պատերազմում՝ տալով բազմահազար զոհեր: