Այլ

Նախարարների մի խումբ իմ անունից կայցելի Հարավային Կովկասի երեք երկիր․ Բորել

Նախարարների մի խումբ իմ անունից կայցելի Հարավային Կովկասի երեք երկիր․ Բորել

Եվրամիության արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպումից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարել է , որ նախարարների մի խումբ կայցելի Հարավային Կովկասի երեք երկիր՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան։  

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի Էրֆշթադթ քաղաքի Գիմնիխ ամրոցում տեղի ունեցած ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսից հետո Բորելը հայտարարել է, որ անդրադարձ է եղել Արևելյան հարևանությունում չլուծված հակամարտություններին։   

«․․․ Այնուհետև մենք քննարկեցինք [ԵՄ անդամ երկրների նախարարների հետ հանդիպմանը] մեր Արևելյան հարևանությունում չլուծված հակամարտությունները: Մենք ավելի արդյունավետ դառնալու կարիք ունենք՝ պաշտպանելու մի տարածաշրջանի կայունությունը, որն անմիջական հետևանքներ ունի մեզ՝ եվրոպացիներիս վրա: Եվ հավատացեք ինձ, քննարկումը շատ երկար էր, որովհետև մեր Արևելյան հարևանությունում այնքան շատ չլուծված հակամարտություններ կան, որ նախարարները երկար քննարկման մեջ մտան՝ հակամարտությունից հակամարտություն անցնելով ու վերլուծելով, թե ինչ ենք կարող անել՝ այդ հակամարտությունների խաղաղ լուծումը մեծացնելու, երկկողմ շփումները մեծացնելու և մեր մասնակցությունն ուժեղացնելու համար Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ՝ հաշվի առնելով նաև Շվեդիայի ընթացիկ և Լեհաստանի առաջիկա ԵԱՀԿ գործող նախագահությունն ու Բայդենի վարչակազմի հետ [Ամերիկայի Միացյալ Նահանգների] ավելի սերտ աշխատելու անհրաժեշտությունը», - նշել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը։

«Մենք պայմանավորվեցինք ավելի տեսանելի լինելու անհրաժեշտության մասին: Հաշվի առեք Ղրիմի միջազգային հարթակում մասնակցությունն այս ամռանը Կիևում, որտեղ Եվրոպական Խորհրդի նախագահն [Շառլ Միշելն] արդեն հայտարարել է իր մասնակցության մասին», - շարունակել է Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Բորելը:

ԵՄ բարձր ներկայացուցիչը նաև ասել է, որ ԵՄ նախարարներ կայցելեն Հարավային Կովկասի երեք երկիր։ «Նաև [ԵՄ] նախարարների մի խումբ իմ անունից կայցելի Հարավային Կովկասի երեք երկիր՝ ցույց տալու տարածաշրջանում հետագա ներգրավվման մեր պատրաստակամությունը», - հայտարարել է Ժոզեպ Բորելը:

Եվրոպական հարևանության քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել կայունությունը, անվտանգությունն ու բարելավել բոլոր շահագրգիռ երկրների բարեկեցությունը:

Եվրոպական հարևանության քաղաքականության ոլորտում ընդգրկված երկրներն են՝ Արևելյան Եվրոպայում ՝ Ուկրաինա, Բելառուս և Մոլդովա, Հարավային Կովկասում՝ Հայաստան, Ադրբեջան ու Վրաստան, Միջերկրածովյան տարածաշրջանում՝ Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Պաղեստինյան ինքնավարություն, Լիբիա, Մարոկկո, Սիրիա, Թունիս:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image