44-օրյա պատերազմում որդուն կորցրած Աբրահամ Հակոբյանը հույս չունի, որ իշխանությունները կբացահայտեն Էջմիածնի «Քիմիկների զորամասի» առեղծվածը: Գոռ Հակոբյանը Վաղարշապատի հայտնի «Քիմիկների խմբի» զինծառայողներից էր: Հայրը պատմում է, որ 2020-ի հոկտեմբերի 20-ին նրան՝ 61 զինծառայողներից բաղկացած խմբի հետ, ավտոբուսներով տարել են Կովսական (Զանգելան)՝ այն ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանի հրամանով:
Այս ամենի հետեւանքով «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, իսկ մյուս 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդն անհետ կորած են համարվում։
Աբրահամ Հակոբյանը «Հրապարակին» հայտնեց, որ վաղը տեղի կունենա այս զորամասի առնչությամբ հարուցված քրեական գործի հերթական դատական նիստը: Նշենք, որ, ըստ քննվող գործի նյութերի, գեներալ Անդրանիկ Մակարյանը խմբին հավաքել է Կապանի զորամասում ու հրահանգել՝ զբաղվել Կովսական մտած 12-15 հոգանոց ադրբեջանական խմբով։ Նաեւ նշել է, որ ինքը նույնպես անձամբ մասնակցելու է գործողությանը։ Սակայն արդեն նշված վայրում են 62 հայ զինծառայողները պարզել, որ իրենց 500-ից ավելի ադրբեջանական խումբ է սպասում։
«Վաղը դատի ենք, տեսնենք՝ ինչ կլինի: Հույս միշտ կա, հույսով սպասում ենք…. իշխանություններից որեւէ սպասելիք չկա, ոչ մի բան չեն անում։ Որ ինչ-որ բան անելու լինեին, մինչեւ հիմա կանեին։ Թե ինչն է անգործության պատճառը, չգիտեմ, ականջի հետեւ են գցում, հավանաբար՝ ձեռնտու չէ, որ իրականությունը բացահայտվի: Փափուկ բարձ են դնում գլխներիս տակ, ասում` գնացեք տուն, ամեն ինչ լավ կլինի: Դե, երեւի ձեռք չի տալիս, որ այս գործը բացահայտվի: Հոկտեմբեր ամսին գնացինք Էջմիածին, որոշ ծնողներ էնտեղ էին, մոտեցանք հրամանատար Աբգարյանին, Աբգարյանն ասեց` գնացել են Զանգելան ու պլեն եմ մնացել»,- նշեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով` ավելի քան 22 զինծառայող նույն զորամասից վերադարձել է տուն, նրանց թվում կան նաեւ գերիներ, որոնք հետո վերադարձվել են Հայաստան, բայց այդպես էլ չեն ներկայացնում իրականությունը, չեն ասում, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչ պայմաններում են զինվորները հայտնվել թշնամու թիրախում. «Սկզբնական շրջանում այլ բան էին ասում, հետո սկսեցին խուսափել, ընդհանրապես չեն խոսում հիմա»,- նշում է Հակոբյանը: Ըստ նրա` տեսնելով, որ որեւէ կողմ շահագրգիռ չէ, որպեսզի տղաների մարմինները վերադարձվեն, ծնողներն իրենք են իրենց նախաձեռնությամբ բանակցություններ սկսել ադրբեջանական կողմի հետ, գնացել են Կովսական եւ հողի տակից գտել մասունքներ. «14 պարկ մասունք ենք բերել, հետո հանձնել դիահերձարան»: ԴՆԹ անալիզի արդյունքում Հակոբյանների ընտանիքին են հանձնվել թեւ, ծնոտ, կրծքավանդակի մի հատված եւ երեք ոտք։ «Ո՞վ է տեսել երեք ոտք` մեկ զինվորին: Ասեցի` էս ի՞նչ է, մի ոտքը վերցրին հետ: Այ, էսպիսի խայտառակ վիճակ է»,- եզրափակում է Աբրահամ Հակոբյանը: