Մինչ Հայաաստանում համառորեն լուրեր են շրջանառվում, թե ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանը շուտով կնշանկվի Արցախի պետնախարար, վերջինս հերքում է այդ լուրերը. երեկ Forbes-ի ռուսական ամսագրին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե՝ «Նախատեսու՞մ եք պետական պաշտոն ստանձնել», գործարարը պատասխանել է .«Ոչ: Ուզում եմ գործելու լիակատար ազատություն ունենալ, այդ թվում՝ բարոյական տեսանկյունից։ Այնուամենայնիվ, Արցախը մի տարածք է, որը դեռևս չունի լիարժեք որոշակի կարգավիճակ, և այս հակամարտության պատմության մեջ ես չեմ ուզում փոխարինել Ռուսաստանին»։ Հիշեցնենք, որ 2007 թ-ից Վարդանյանը ռուսական Forbes ցուցակի անդամ է:
Այնուհետեւ, իր քաղաքական կարիերայի սկզբի մասին հարցին ի պատասխան, Վարդանյանն ասել է.«Ռուսաստանի համար շատ ցավոտ թեմա է այն, ինչ կատարվում է Ուկրաինայում։ Հայերի համար Արցախն ավելի շատ ցավ է. Նման ճգնաժամի պայմաններում և՛ քաղաքականությունը, և՛ պաշտոնները երկրորդական են, հիմա, առաջին հերթին, անհրաժեշտ է կոնսոլիդացնել հասարակությունը, կանխել մի իրավիճակ, երբ մենք կարող ենք կորցնել ամեն ինչ։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ տեղի են ունենում կարդինալ փոփոխություններ. հին աշխարհը փլուզվում է, և ոչ թե մեկ տարածաշրջանում, այլ ամենուր և բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տեխնոլոգիական և հոգեբանական: Համաճարակ, տեխնոլոգիական նորարարություններ, քաղաքական կատակլիզմներ, պատերազմներ... Սա հանգեցնում է նրան, որ մարդկանց մոտ աճում է անհանգստության և անվստահության մակարդակը։ Ապագայի անկանխատեսելիությունը շատ վտանգավոր է։ Իսկ ես նախընտրում եմ լինել այնտեղ, որտեղ ամենադժվարն է իրավիճակը»։
Այնուհետեւ գործարարը խոսել է այն դժվարությունների մասին, որում հայտնվելու է իր ընտանիքը՝ որը Արցախ է տեղափոխվելու հարմարարվետ ու ծանոթ կյանքից: Իսկ իր գործողությունների ծրագրի մասին հարցին ի պատասխան Վարդանյանն ասել է. «Արդեն 20 տարի է, ինչ նախագծերով զբաղվում եմ Հայաստանում, Արցախում։ Առաջին հերթին պետք է շեշտը դնել կրթության, առողջապահության, տեղեկատվական և մշակութային հանրային տարածքի ձևավորման, կառավարման կադրային համակարգի ստեղծման վրա, ինչպես ես արել եմ Սկոլկովոյի բիզնես դպրոցում։ Ես կարող եմ իմ գործընկերներին և իմ ռեսուրսներին ներգրավել այս խնդիրների լուծման մեջ, որպեսզի դա անեմ արագ, արդյունավետ և լավագույն համաշխարհային չափանիշներին համապատասխան»։