Այսօր «Հրապարակը» առաջինը տեղեկացրեց, որ վաղ առավոտյան Երևանի Հակակոռուպցիոն կոմիտեն, 6-րդ վարչությունը և Կումայրի բաժինը մտել են «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի գրասենյակ և շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարան, ինչպես նաեւ «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակ եւ սկսել են խուզարկություն իրականացնել։ Նույն կառույցներն այս պահին խուզարկում են նաեւ «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները։
Հենց նոր՝ մեր այցելության պահին, պարզեցինք, որ Սիմոնյանի գրասենյակը դեռևս խուզարկում են, բոլորին դուրս են հրավիրել, ներսում երիտասարդներից մի քանիսն են՝ Կարեն Սիմոնյանի հետ, Սիմոնյանի իրավապաշտպանն է, որի հետ բանակցում են։ Ըստ ամենայնի, իրավապահները ընտրակաշառքին առնչվող փաստեր են փնտրում։
«Հրապարակ»-ի հետ զրույցում գրասենյակից մամուլի պատասխանատուներից ասացին, որ իրենց կին ավագանու թեկնածուներից մեկին՝ Էմմա Գրիգորյանին են Երևան տարել՝ Հակակոռուպցիոն կոմիտե։
«Երկու անչափահաս երեխաների մայր է, տեղեկություններ ունենք, որ սիրտն է վատացել, արնահոսել է։ Այսօր մեր ամենամեծ հանրահավաքն էր նախատեսվում, մեծ համերգային ծրագիր էր սպասվում, Արսեն Սաֆարյանը պիտի երգի, այս ամենին ընդառաջ, իրենք կազմակերպեցին, որ տապալեն մեր ծրագրերը»,-փոխանցեցին մեզ։
ՀԳ Ավելի ուշ փաստաբանները գրեցին, որ իրենց թույլ չեն տալիս տեսակցել ավագանու թեկնածու կնոջ՝ Էմմա Գրիգորյանի հետ։