Այսօր վաղ առավոտյան՝ 6։30-ից, ոստիկանությունը շրջապատել էր Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքը՝ Ալավերդի համայնքի գործող ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու համար։ Շենքի առջև հավաքված համայնքի ղեկավարին, ավագանու «Ապրելու երկիր» և ՀԱԿ կուսակցության անդամներին, նաև՝ համայնքապետարանի աշխատակազմին ու դրսում հավաքված բնակչությանը թույլ չտվեցին մտնել վարչական շենք։
Կարմիր բերետավորների ուղեկցությամբ ավագանու նիստերի դահլիճ մտան ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու 13 անդամները։ Նրանց միացել էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունից ավագանու անդամ Սիմոն Զախարովը, որն ամիսներ առաջ ճամբարափոխ էր եղել եւ հնարավոր դարձրել իշխանազավթան այս գործընթացը։ Ներսում փակ, գաղտնի քվեարկություն էր ընթանում ավագանու ՔՊ-ական անդամների և Սիմոն Զախարովի մասնակցությամբ, սակայն դա այնքան կանխատեսելի էր, որ կարող էին նաեւ բաց քվեարկել։ Քվեարկելուց հետո նրանք տեղ զբաղեցրեցին դահլիճում: Դահլիճում էր նաեւ ՔՊ-ի Ալավերդու քաղաքապետի թեկնածու, պարտված եւ ավագանու մանդատից հրաժարված ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը, փաստորեն, ռևանշի հնարավորություն էր ստացել։
10։53 հայտարարվեց, որ ընտրությունն ավարտված է՝ ավագանու 14 անդամ մասնակցել է քվեարկությանը։ Քվեատուփից դուրս բերվեցին քվեաթերթիկները և ընտրության «ժողովրդավարական» լինելը կասկածի տակ չդնելու համար մեկ առ մեկ ցուցադրվեցին գործընթացին հետևող լրագրողներին։ Ամփոփելով՝ հայտարարեցին, որ ավագանին անվստահություն է հայտնել Արկադի Թամազյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու անդամ, Շնողի նախկին գյուղապետ, բազմաթիվ քրեական գործերի ու ծեծկռտուքների հերոս Դավիթ Ղումաշյանին ընտրեց համայնքի ղեկավար։
Մենք, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկինում ՔՊ-ից ավագանու անդամ Գրիգոր Երիցյանին հարցրեցինք, թե ինչ տպավորություն է ստացել այս գործընթացից: Նա կարծում է, որ համայնքապետին անվստահություն հայտնելն ու իշխանական թեկնածուին քաղաքապետ կարգելը որևէ պարագայում չի կարող համարվել դեմոկրատիայի դրսևորում: Նրա կարծիքով` իշխանությունների ժողովրդավարությունը կլիներ իրական, եթե իմպիչմենտ հայտարարելու փոխարեն հայտարարվեին նոր արտահերթ ընտրություններ: Ի դեպ, ալավերդցիները նման պահանջ էին դնում.
«Տեղի ունեցածը դեմ է ժողովրդավարական սկզբունքներին: Ժողովրդավարական տարբերակն արտահերթ ընտրությունն էր, բայց հայտնի է, որ թե ՛Երևանի, թե՛ Վանաձորի և թե՛ Ալավերդու դեպքերում իշխանությունները խուսափում են արտահերթ ընտրություններից, նախընտրելով սեփական թեկնածուներին ուղղակի քաղաքապետ կարգել: Երևանի նախկին քաղաքապետի իմպիչմենտից հետո երկու անգամ քաղաքապետ նշանակվեց հանրության կողմից ոչ ծանոթ, կառավարչական ունակություններից զուրկ անձ: Նրանք լոյալ էին ՔՊ-ին և դա էր միակ պատճառը: Հիմա նույն բանը տեսնում ենք Ալավերդիում: Իրականում հանրության կարծիքը ՔՊ-ին չի հետաքրքրում, նրանք միայն մտածում են ամեն գնով վերարտադրվելու մասին: ՔՊ-ն գիտակցում են, որ իրենց հեղինակությունն այսօր շրիշակից էլ ցածր մակարդակի վրա է, ուստի գիտեն, որ արտահերթ ընտրությունների պարագայում և ոչ մի քաղաքում չեն կարող մեծամասնություն ապահովել, այնպես, ինչպես եղավ Երևանում` սեպտեմբեր ամսին: Երևանի ավագանիում ՔՊ-ն անգամ չի կարողացել մեծամասնություն լինել, դառնալով իշխանություն, որը կազմված է փոքրամասնությունից: Նույն բանը կլինի Ալավերդիում, Վանաձորում և բոլոր այն քաղաքներում, որտեղ արտահերթ ընտրություններ կլինեն: ՔՊ-ն ասում է, որ արտահերթ ընտրությունից չի վախենում, սակայն ոչ մի արտահերթի չի գնում», - նշում է Երիցյանը:
Իսկ հնարավո՞ր է, որ Երևանի ավագանին ևս Տիգրան Ավինյանին անվստահություն հայտնի և նոր քաղաքապետ ընտրի, մեր զրուցակիցն ասում է. «Իսկզբանե մեր քաղաքական ուժն առաջարկել էր, որ մեր թեկնածուն առաջադրվի քաղաքապետի պաշտոնում, բայց մենք տեսանք, որ նման բան տեղի չունեցավ, որովհետև Երևանի ավագանու ընդդիմության կազմում կա իրեն ընդդիմադիր համարող մի խմբակցություն, որն այնուամենայնիվ բոլոր հարցերում իշխանություններին է աջակցում: Իմպիչմենտը հենց նրանից է կախված: «Հանրային ձայն» խմբակցությունը ստացել է 7 մանդատ, սակայն փաստացի ունի ընդամենը 5-ը: Նրանցից երկուսը չեն ներկայանում` չիրացնելով մանդատը: Այսինքն` եթե մենք այսօր շատ ուզենք` բոլոր ընդդիմադիրներով ունենք 31 մանդատ, մեզ պակասում է 2 մանդատ` «Հանրային ձայնի» երկու մանդատը, որն իրենք այդպես էլ չեն իրացնում: Եթե նրանք վայր դնեն այդ երկու մանդատը և ավագանի գան նոր անդամներ, մենք կարող ենք 33 մանդատով իմպիչմենտ իրականացնել` փոխելով Երևանի քաղաքապետին, բայց այդ պրոցեսը կախված է այն ընդդիմադիր ուժից, որն ունի 7 մանդատ, որից իրացնում է հինգը: Առանց նրանց մասնակցության իմպիչմենտն անհնարին է: Կա նաև «Հանրապետություն» խմբակցությունը, որն իբրև ընդդիմադիր էր, բայց իշխանության հետ կոալիցիա կազմեց: Չեմ կարծում, թե նրանք պատրաստ կլինեն ընդդիմության հետ իշխանության դեմ դուրս գալ: Օրենքով այս պահին չունենք նման հնարավորություն, մեզ պետք են բավարար մանդատներ», - եզրափակում է Երիցյանը: