Նոյ Լյովայի Թևոնյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 19-ին Արարատի մարզի Արալեզ գյուղում՝ Լյովա և Գայանե Թևոնյանների ընտանիքում։
Նոյը երեք քույրերից հետո ծնված միակ արու զավակն էր։ Զբաղվել է «Դոքենդո» կարատեով, սիրել է նոր տեխնոլոգիաները, հաճախել «Թումո» կենտրոն:
Նոյը ՌԴ քաղաքացի էր, ընտանիքով Ռուսաստան մշտական բնակության էին մեկնել, սակայն Նոյը որոշել է վերադառնալ ու ծառայել հայրենիքում․իր ապագան էլ Նոյը կապում էր Հայաստանի հետ:
2019 թվականին ընդունվել է Հայաստանի Ագրարաին համալսարանի Գյուղտեխնիկայի ավտոմատացման բաժին: 2020 թվականի հունվարի 19-ին զորակոչվել է ՀՀ բանակ․ ծառայել է Մատաղիսի հետախուզական վաշտում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մասնակցել է պատերազմին՝ արդեն ութ ամսվա զինծառայող էր։ Մարտական ընկերները Նոյին «Ռազվեդկի Պոնչ» էին ասում։
Նոյի քույրը՝ Լիանան, պատմում է, որ Նոյը դեռ մանկուց աչքի է ընկել մյուսների հանդեպ ընդգծված հոգատարությամբ: Դպրոցի բուլկու կամ կոնֆետի գումարը ծախսում էր մանր իրեր վաճառող տատիկ-պապիկներից գնումներ անելու համար, գրքավաճառներից էլ իրեն ոչ պետքական գրքեր էր գնում՝ պարզապես փոքրիկ օգնություն ցուցաբերելու համար: Չէր հանդուրժում անարդարությունն ու միշտ ուրիշի ցավով էր ապրում, շատ զուսպ էր, հավասարակշռված ու համեստ: Եթե ինչ-որ բան էր անում՝ անում էր պրոֆեսիոնալի պատասխանատվությամբ:
Արցախյան ազատամարտով, հերոսներով շատ էր ոգեշնչվում: Ազատամարտի մասին լսել էր հայրիկից:
Մի անգամ Նոյը մայրիկին ասել էր․«Խիղճս, խիղճս չեմ սիրում, խիղճը ինձ շատ ա խանգարում էս անարդար աշխարհում ապրել»։
Դասընկերները Նոյին նմանեցնում էին ՀՀ ազգային հերոս Ջիվան Աբրահամյանին և նույնիսկ զինկոմիսարիատում տեսնելով Աբրահամյանի՝ պատից կախված դիմանկարը, ասել էր․«Ինչ նման ենք ես և Ջիվան Աբրահամյանը»։
Քույրն ասում է, որ եթե աշխարհի ծայրում էլ լիներ, մի հնար կաներ ու կգար մասնակցելու պատերազմին:
Նիցշե էր սիրում ու կարդում Նոյը և ասում. «Ինչ գործ էլ ընտրեմ, պիտի լավագույն մասնագետը լինեմ»:
Մարտական ընկերները պատմում են. «Հանձնարարությունները այնքան հավասարակշռված, կենտրոնացած էր անում, որ տպավորություն էր ստեղծվում, թե առաջին անգամ չի, որ պատերազմի է մասնակցում: Երբ նկատում էինք, որ Նոյը ինչ-որ բան է անում, ամբողջ վաշտով հավաքվում էինք նայելու, թե ինչ է անում, ոնց է անում, թե ոնց է ամեն դետալը մանրակրկիտ մտածել»,-պատմում է մարտական ընկերը:
Ամեն անգամ ընտանիքի անդամների հետ խոսելիս, երբ հրետակոծության ձայներն էին լսվում, Նոյը հանգստացնում էր հարազատներին, ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, թույլ չեն տա թշնամին առաջ գա, ասում էր․«Ամեն գնով պահելու ենք»․․․
Մարտական ընկերները պատմում են, որ Նոյի` տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները շատ պետքական են եղել․Դրոն է վերանորոգել, խրամատից դուրս է եկել ու կարկոցների տակ վերանորոգել վնասված տեսախցիկները, որպեսզի զինվորները ստիպված չլինեն դիտարկումներ անելու համար խրամատից դուրս գալ ու թիրախ դառնալ թշնամու համար:
Նոյը նույնիսկ հաշվում էր, թե ինչ կոորդինատներով ճիշտ կլինի հարվածել թշնամուն և քանի որ չգիտեին, թե ով ողջ կմնա, փորձում էր տղաներին սովորեցնել ճիշտ հաշվելու ամենահեշտ ձևը․․․տանկեր էլ էին խոցել Նոյի ճիշտ հաշվարկների շնորհիվ:
Վերջին անգամ խոսել են Նոյի հետ հոկտեմբերի յոթին: Ի տարբերություն մյուս օրերի կարճատև ու կցկտուր զանգերի, այս անգամ Նոյը ընտանիքի բոլոր անդամների հետ է խոսել ու խոսել է երկար: Միայն զոհվելուց հետո են իմացել, որ Նոյն ու իր հետախույզ ընկերները գիտակցված գնացել են մի հանձնարարություն կատարելու, որից ողջ այլևս հետ չէին գալու: Գիտակցաբար զանգել են, խոսել բոլոր հարազատների հետ, որ հետո գնան կատարելու հանձնարարությունը, որից այդպես էլ հետ չեկան:
Նոյը զոհվել է հոկտեմբերի 11-ին Վարանգաթաղ բարձունքը պաշտպանելիս․․․
Նոյը հուղարկավորված է հայրենի գյուղի՝ Արալեզի գերեզմանատանը։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշպան», «Մայրական Երախտագիտություն Արցախի Քաջորդիներին», ՀՀ «Առաջին Գունդ» ՀԿ «Մարտական խաչ» մեդալներով: