Այլ

Ուղիղ բանակցություններ պատերազմից առա՞ջ. ինչ կնախընտրեն ԱՄՆ-ն եւ Իրանը

Ուղիղ բանակցություններ պատերազմից առա՞ջ. ինչ կնախընտրեն ԱՄՆ-ն եւ Իրանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերաբերյալ հերթական հնչեղ հայտարարությունն է արել: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո, որի երկիրը եւ որն անձամբ դեմ են Իրանի` միջուկային զենք ունենալուն, եթե չասենք` պատմական «թշնամական հարաբերությունների» մեջ են Իսլամական հանրապետության հետ, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, թե ԱՄՆ-ն եւ Իրանն ուղիղ բանակցություններ են վարում:

«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, եւ դրանք արդեն սկսվել են: Դրանք կշարունակվեն շաբաթ օրը (ապրիլի 12-ին): Մենք շատ մեծ հանդիպում կունենանք եւ կտեսնենք, թե ինչ կստացվի դրանից: Եվ ես կարծում եմ, որ բոլորը կհամաձայնեն, որ գործարքը նախընտրելի է»,- ասել է Թրամփը: Կողմերը կքննարկեն իրանական միջուկային ծրագիրը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կոնֆլիկտի բանակցային կարգավորումը բխում է ե՛ւ Միացյալ Նահանգների, ե՛ւ Իսլամական հանրապետության շահերից։ «Հուսով եմ, որ այս բանակցություններն արդյունք կտան»,- հավելել է նա։

Այդուհանդերձ, նրա խոսքով, Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցությունների հնարավոր ձախողումը չափազանց բացասական հետեւանքներ կունենա Իրանի համար, եւ երկիրը «կհայտնվի մեծ վտանգի տակ». «Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Եթե բանակցությունները հաջող չանցնեն, կարծում եմ, որ դա շատ վատ օր կլինի Իրանի համար»: Ամերիկացի առաջնորդը չի պատասխանել ճշտող հարցին, թե արդյո՞ք իր խոսքերը պետք է համարել Իսլամական հանրապետությանը հարվածելու ԱՄՆ պատրաստակամության հաստատում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նա Իրանին սպառնացել էր աննախադեպ ռմբակոծություններով, եթե Թեհրանը հրաժարվի գործարքից: «Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Ահա եւ վերջ,- շեշտել է ԱՄՆ առաջնորդը։- Այժմ կան երկրներ, որոնք ունեն միջուկային էներգիա, որոնք չպետք է ունենան այն։ Բայց ես վստահ եմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ այս հարցում... ավելի ուշ»։

Միեւնույն ժամանակ, The New York Times-ի թղթակից Ֆարնազ Ֆասիհին, վկայակոչելով իրանցի երեք բարձրաստիճան պաշտոնյաների, հաղորդում է, որ Իրանի եւ ԱՄՆ ներկայացուցիչները կարող են բանակցություններ վարել Օմանում ապրիլի 12-ին. «Իրանի երեք պաշտոնյաներ ինձ ասացին, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները նախատեսում են շաբաթ օրը հանդիպել Օմանում՝ անուղղակի բանակցությունների համար: Իրանը Վաշինգտոնին ասել է, որ բաց է եւ պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել, եթե առաջին փուլը հաջող լինի, ինչը հստակ դիրքորոշման փոփոխություն է»։ Թերթի աղբյուրները պարզաբանել են, որ դրանք ուղիղ բանակցություններ չեն լինելու։ Նրանք նշել են, որ յուրաքանչյուր պատվիրակություն նստելու է առանձին սենյակում, որտեղ Օմանի դիվանագետները կողմերի ուղերձները կփոխանցեն միմյանց: Իրանցի պաշտոնյաներն ասել են, որ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները հնարավոր կլինեն, եթե Օմանի հանդիպումը հաջող լինի: Այս ամենի ֆոնին ուշագրավ է տեղեկությունը, ըստ որի՝ Իրանը դիվանագիտական նոտա է հղել Թուրքիա, Իրաք, Քուվեյթ, ԱՄԷ, Կատար եւ Բահրեյն՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային եւ կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»: Ընդգծվել է, որ այն պետությունները, որոնք կդիմեն այդ քայլին, կհայտնվեն «կրակային գծում»:

Չնայած իրանական կողմից տարածվող լուրերին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ոչ մի նոտա չի ստացել, սակայն չի բացառել, որ հաղորդագրությունը կարող էր փոխանցվել այլ ուղիներով։ Հայտնի է նաեւ, որ այս բոլոր իրադարձությունների ֆոնին Իրանի բարձրագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հրամանով երկրի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի: Հիշեցնենք, որ շուրջ մեկ շաբաթ առաջ Խամենեին հակադարձել էր Թրամփի սպառնալիքին՝ նշելով, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին դրսից հարվածելու հավանականությունը ցածր է, սակայն եթե հարված, այնուամենայնիվ, հասցվի, այն կոշտ պատասխան կստանա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնագիր չկնքեն։

Իրանի նախագահ Մահսուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Թեհրանը Թրամփին ուղղված պատասխան նամակում հրաժարվել է միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններից, բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդության դեպքում։ «Նրանք (ԱՄՆ-ն՝ խմբ.) սպառնում են չարիք պատճառել... Քիչ հավանական է, որ այն կլինի դրսից, սակայն եթե դա արվի, նրանք, անկասկած, կոշտ պատասխան կստանան... Իսկ եթե նրանք որոշեն անկարգություններ հրահրել երկրի ներսում, Իրանի ժողովուրդը նրանց պատասխան կտա»,- ասել է Խամենեին։

Մարտի սկզբին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին եւ նշել, որ նախընտրում է Թեհրանի հետ գործարք կնքել Իրանի միջուկային ծրագրի հարցով: Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է իրանական միջուկային խնդրի լուծման երկու հնարավոր ճանապարհ՝ ռազմական կամ դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախընտրում է բանակցությունները։ Թե փոխադարձ եւ շարունակական սպառնալիքներով ուղեկցվող ուղիղ բանակցային գործընթացում ինչ որոշում կկայացնեն Վաշինգտոնն ու Թեհրանը, պետք է սպասել առնվազն մինչեւ ապրիլի 12-ը, երբ քննարկումների առաջին փուլի արդյունքները հայտնի կդառնան: Բայց որ հերթական ճակատագրական իրադարձության նախաշեմին ենք, կասկածից վեր է...

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image