Հասարակություն

Թուրքիան մոտ 2 հազար հատ «Բայրաքթար» է ուղարկել․ Մարտոյանը՝ Դոնբասի մասին

Թուրքիան մոտ 2 հազար հատ «Բայրաքթար» է ուղարկել․ Մարտոյանը՝ Դոնբասի մասին

Ապրիլի 3-ից Դոնբասի տարածաշրջանում՝ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուղղությամբ, էսկալացիան մեծացել է։ Ուկրաինական զինված ուժերը մեծաթիվ ուժեր են կուտակել թե՛ Դոնբասի, թե՛ Ղրիմի ուղղությամբ։ Այս տարածքներն Ուկրաինան համարում է իրենը։ 

Դոնեցկն ու Լուգանսկն անկախություն են հռչակել 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո․ ինքնահռչակ հանրապետությունների ինքապաշտպանական ուժերին սատարում է Ռուսաստանի Դաշնությունը։ Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով 2014-ին ստեղծվել է Նորմանդյան քառյակը՝ Ֆրանսիայի Հանրապետություն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա։

Այս օրերին Դոնբասի ուղղությամբ ուկրաինական զինված ուժերը բացի հրետանուց, կիրառում են նաև թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր։ 

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Ղրիմի աշխարհազորայինների միության ղեկավար, Ղրիմի Հանրապետության Պետական խորհրդի (խորհրդարան) «Միասնական Ռուսաստան» խմբակցության հայազգի պատգամավոր Արմեն Մարտոյանի հետ, ով Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի օրերին այցելել էր թե՛ Հայաստան, թե՛ Արցախ։

- Պարո՛ն Մարտոյան, Ուկրաինան մեծաթիվ զորքեր է կուտակել, ի՞նչ իրավիճակ է Ղրիմի և Դոնբասի շուրջ։

- Ղրիմում նորմալ է։ Դոնբասի ուղղությամբ այսօր արդեն ուկրաինական կողմը տեռորիստական ակտեր է սկսել՝ Թուրքիայի հետ համագործակցելով, «Բայրաքթար» կոչեցյալ մի քանի անօդաչու թռչող սարքեր ուղարկելով։ Չնայած այդ ԱԹՍ-ները դարձել են, որ երեխաները դպրոցում թղթից ինքնաթիռներ են սարքում, դարձել են դրանց նման, ինչպես թռել են, այդպես էլ ընկել են։ Սա խեղճ Հայաստանը չէ, որ թուրքական կամ թուրքին սատարող ուժեր կարողանան «խաղեր տալ»։ Եթե անգամ Ղրիմը, Աստված մի արասցե, առանձնանա (լիրիկայի սերիայից եմ ասում) Ռուսաստանից․․․ Եվրոպան է հիմա վախենում Ղրիմի սպառազինությունից, ուր մնաց, թե Ուկրաինան չվախենա։

- Արևմուտքը, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրոպան այս իրավիճակի հետ կապված ի՞նչ են անում՝ թե՛ Ղրիմի, թե՛ Դոնբասի հետ կապված, որ պատերազմի չվերածվեն ռազմական գործողությունները։

- Ի՞նչ եք կարծում։ Արևմուտքը, Ամերիկան, Եվրոպան, մյուս երկրներն ինչքա՞ն են ներդրում արել Հայաստանում, որպեսզի հակառուսական պրոպագանդա գնա, և 102-րդ բազան հանվի։ Մոտավորապես կարո՞ղ եք ինձ թիվ ասել։ Ես Ձեզ ասեմ։ Պատերազմից հետո Հայաստան է մուտք գործել (ըստ օդում պտտվող տեղեկությունների) 350 միլիոն դոլար․ 150 միլիոնը՝ ԱՄՆ-ից, 200 միլիոնը՝ Եվրոպայից։ Մտցրել են Հայաստան գրանտների և մյուս-մյուս ներմուծումների տեսքով, որպեսզի արմատապես գնա հակառուսական պորպագանդա։

- Դոնբասի, Ղրիմի հետ կապված ի՞նչ են անում։ Ինչ-որ քննարկումներ կա՞ն։

- Ես հենց այդ օրինակով եմ ասում։ Եթե փոքր Հայաստանի նկատմամբ այդքան ռեսուրսներ են կիրառվում, պատկերացնո՞ւմ եք՝ Ռուսաստանի ու Դոնբասի նկատմամբ ինչքան ռեսուրս կծախսվի, ինչ ուժեր կծախսվի, որպեսզի իրենք հասնեն իրենց նպատակին։

- Դոնբասի ուղղությամբ էսկալացիայի թուլացման հնարավորություն դեռևս չե՞ք տեսնում։

- Իհարկե ոչ։ Հայաստանը, Արցախը սկիզբն էին։ Ցավոք, Հայաստանը վերջը չէ։ Հլա էլի խաղեր ունենք խաղալու, հլա էլի փողեր ունեն տալու դավաճաններին, որոնք էլի բաներ պետք է տան, զիջումներ անեն։ Այդ զիջումներն օր-օրի դուք տեսնում եք, զգում եք։ Իրենք դեռ մեր մեջից պետք է վերացնեն «Ծիծեռնակաբերդ» հասկացությունը, «ցեղասպանություն» հասկացողությունը, պտի մեր մեջ ներմուծեն, որ «Թուրքիան մեր բարեկամն է», «իրականում թուրքը մեր բարեկամն է, թուրքի հետ պետք է առևտուր կազմակերպվի», «սահման պետք է բացվի»։ Ստափվե՛ք, պարոնա՛յք, տիկնա՛յք։

- Թուրքիա՞ն էլ է ինչ-որ կերպ Դոնբասի խնդրի մեջ ներգրավված։

- Մոտ 2 հազար հատ «Բայրաքթար» է ուղարկել Ուկրաինային։

- Ղրիմի ուղղությա՞մբ էլ է ուկրաինական ուժերի կուտակումը նույնպիսին, ինչպիսին Դոնբասի ուղղությամբ։

- Իհարկե, իհարկե։ Առաջին հերթին Թուրքիան է, Ուկրաինան իրենից ոչինչ չի ներկայացնում։ Այսինքն, Թուրքիայի դեմքով Ամերիկան, ինչպես մեր Արցախում։ Թուրքիայի և Ադրբեջանի դեմքով Ամերիկան և Եվրոպան։ Եվրոպայից նայած որ երկրները, բայց այս պարագայում ձայն չհանելը սատարել է, չէ՞։ Մի հատ ցույց տվեք եվրոպական երկիր, որ նախատել է Ադրբեջանին, ասել է․ «Էս ի՞նչ վայրագություններ ես անում», «Էս ի՞նչ տեռորի ես ենթարկում հայ ազգին»։

- Ընդհանուր հայտարարություններով են հանդես եկել, բայց թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմին ուղղված։

- Հայտարարություններով էնքան գեղեցիկ խոսքեր կարող եմ ասել, որ ասեն․ «էս մարդը մարգարե է»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image