Մշակույթ

Քրեական հետապնդում են պահանջում

Քրեական հետապնդում են պահանջում

«Մշակույթն ընդդեմ անարդարության», «Պահպանենք ու պաշտպանենք «Գոյ» թատրոնը», «Ես հավատում եմ արդարադատությանը», «Նոյեմբերի 25-ին դատարանից ակնկալում եմ արդարություն» կարգախոսներով մի քանի օր է՝ թատրոնի, մշակույթի մարդիկ, ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի, հանդես են գալիս տեսաուղերձներով։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս է, ինչ «Գոյ» թատրոնը դատական կարգով վիճարկում է կառավարության որոշումը։ Սակայն, չնայած վիճարկվող որոշմանը, այս տարվա հունվարի 30-ից թատրոնների միավորման փաստն այլեւս իրողություն է՝ արտացոլված պետական ռեգիստրում։

Արդեն 2 շաբաթ է՝ «Գոյ» թատրոնի դերասաններն ու անձնակազմը նստացույց են իրականացնում՝ պահանջելով իրենց խնդրին միջանկյալ լուծում տալ, որպեսզի կարողանան իրացնել իրենց ստեղծագործելու իրավունքն իրենց իսկ թատրոնի շենքում, մինչեւ որ լինի դատարանի որոշումը։   

Ամփոփելով 15 օրերի նստացույցը՝ թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանն ասում է՝ իրենց պահանջը թե՛ 15 օր առաջ, թե՛ հիմա մեկն է՝ ԿԳՄՍ նախարարությունից ակնկալում են միջանկյալ լուծում, մինչեւ դատարանը վճիռ կայացնի։ «Հիմա այդ միջանկյալ լուծումը մինչեւ այսօր տրված չէ։ Մենք այդ պահանջի հետեւից գնացինք նախարարություն, խոսեցինք ԿԳՄՍ փոխնախարար Դ․ Դանիելյանի հետ, որը մեզ ասաց, որ իրենց համար շատ կարեւոր է իրավական հիմք ունենալ, որի հիման վրա կլինի այդ միջանկյալ լուծումը։ Բայց դա անհեթեթություն է, որովհետեւ, եթե լիներ իրավական հիմք, կարիք չէր լինի նախարարությունից ինչ-որ բան պահանջել, քանի որ հենց այդ իրավական հիմքից էլ կբխեր եւ կլիներ լուծումը, այսինքն՝ իրենց միջամտության կարիքն այլեւս չէր լինի։ Այդ ընթացքում Դանիելյանը նաեւ մի ուրիշ բան էլ ասաց մեզ․․․, նշեմ, որ մենք մինչ այս, բանակցությունների ընթացքում քննարկել ենք «Գոյի»՝ որպես անկախ թատրոն աշխատելու ձեւաչափը։ Դեռ այն ժամանակ նախապայմանն այն էր, որ մենք դատարանից մեր գործերը հետ վերցնեինք եւ այդպիսով գայինք հաշտության, ու դատական որեւէ պրոցես չլիներ։ Այս անգամ առաջարկեց, որ եթե համաձայն եք՝ միջանկյալ լուծումը լինի որպես ՍՊԸ հանդես գալը, ապա կարող եք գնալ աշխատել, ընդ որում՝ դատարաններից պետք չէ դատական գործերը հետ վերցնել։ Մենք ասացինք, որ համաձայն ենք, եւ եթե դա ձեզ համար խնդիր չէ, դե կազմակերպեք այդ ամեն ինչը, բայց մինչ օրս ոչ մի քայլ չի արվել այդ ուղղությամբ»,- ասում է Արզումանյանն ու նկատում, որ այնպես չէ, թե փոխնախարարը դրանով փափուկ բարձր դրեց իրենց գլխի տակ, քանի որ ի սկզբանե չունեին այդ հավատը եւ գիտեին, որ դա չի արվելու։ «Այս ընթացքում մենք ավելի շատ մեր ակնկալիքը, շեշտադրումը դրեցինք դատարանի վրա, նոյեմբերի 25-ին մենք փորձելու ենք դատարանի միջոցով ստանալ այդ միջանկյալ լուծման պատասխանը, մինչեւ գործը վերջնական քննվի, ու վճիռ կայացվի։ Ակնկալում ենք, որ դատարանը հիմա թույլ տա մեզ, որպեսզի մենք աշխատենք մեր թատրոնում, մինչեւ գործը քննվի, ու կհասկանան, թե ինչ է կեղծվել։ Իսկ մենք բոլոր փաստերը ներկայացրել ենք դատարանին»,- նկատում է զրուցակիցս։

Ս․ Արզումանյանն ընդգծում է նաեւ, որ մինչեւ նստացույցի մեկնարկը իրենք թատրոն էին մուտք գործել ու նույն օրն էլ դատախազությանը դիմում էին ներկայացրել, որպեսզի «կոնկրետ մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեն․․․, օրինակ՝ Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, «Գոյ» թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Կարեն Սիմոնյանը, ԿԳՄՍ փոխնախարարը, նախարարությունից համապատասխան մարդիկ, ինչպես նաեւ՝ այն մարդիկ, ովքեր առնչվել են այս գործին ու ինչ-որ բաներ են արել, ինչը քննությունը կպարզի։ Հիմա այս մասով ունենք առաջընթաց, քանի որ նստացույցի ընթացքում գնացել էինք դատախազություն, Քննչական կոմիտե՝ ճշտելու գործի ընթացքը, ու պարզեցինք, որ գործն արդեն հարուցվել է, վարույթ է վերցվել, որն արդեն քննվում է»,- հավելեց Ս․ Արզումանյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image