Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում գրված է․ «Այսօր՝ հունվարի 16-ին, տեղի է ունեցել 2026 թվականի ձմեռային զորակոչի Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։ Օրակարգի առաջին հարցով ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Տավուշի տարածքային ստորաբաժանման ղեկավար՝ գնդապետ Մհեր Ավալյանը ներկայացրել է հաշվետվություն 2026 թվականի ձմեռային զորակոչի ընթացքի վերաբերյալ»:
ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Տավուշի տարածքային ստորաբաժանում չկա, դա Տավուշի զինկոմիսարիատն է, դրա ղեկավար Մհեր Ավալյանը Տավուշի զինկոմն է։ Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը պետք է ի պաշտոնե դա իմանար։
2025թ․ հուլիսի 8-ին ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Հ․ Բատիկյանի ստորագրությամբ գրություն եմ ստացել, որտեղ նշված է․ «Ի պատասխան պաշտպանության նախարարին հասցեագրված 2025 թվականի հուլիսի 2-ի Ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ զինվորական կոմիսարիատների օպտիմալացման շրջանակներում իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարի 2023թ․ նոյեմբերի 23-ի համապատասխան հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայությունը վերանվանվել է ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատ, իսկ տարածքային ստորաբաժանումները՝ Երեւան քաղաքի եւ մարզերի զինվորական կոմիսարիատներ»։
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, ամուսնության քավոր Հայկ Ղալումյանը մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահն է, նա ուրիշների տղաներին զինծառայության է ուղարկում, սակայն իր սանիկ Նիկոլ Փաշինյանի նման՝ ինքը նույնպես չի ծառայել բանակում։ Այդ մասին գրավոր հարցմանս մարզպետը պատասխանել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է օրենքով սահմանված կարգով։
44-օրյա պատերազմի ժամանակ, 2020թ․ հոկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը դիմեց բոլոր հայ տղամարդկանց՝ նրանց կոչ անելով զենք վերցնել եւ մեկնել Արցախ։ Առաջիններից մեկն այդ կոչին արձագանքեց Փաշինյանի կողմից 2019թ․ սեպտեմբերի 12-ին Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Հայկ Ղալումյանը, որն իր հերթին կոչով դիմեց իր հայրենակիցներին․ «Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության համար ստեղծվում է «Իջեւան» կամավորական ջոկատ: Հայրենիքի առջեւ իմ սուրբ պարտքը կատարելու համար առաջինն եմ կամավորագրվում այս ջոկատին: Կոչ անում բոլորիդ` համախմբվել եւ միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը: Վստահ եղեք, որ մենք առաջնագիծ ենք մեկնում մեր վերջնական ու անշրջելի հաղթանակն ամրագրելու համար»:
Սակայն այդ ջոկատը մի քանի օր Տավուշի մարզում վարժանքների մասնակցելուց հետո Արցախ չմեկնեց, նաեւ չմեկնեց Տավուշի սահմանագոտին պաշտպանելու։ Այդ կապակցությամբ տեղեկատվական հարցում եմ ուղարկել 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին․ ««Իջեւան» կամավորական ջոկատը մեկնե՞լ է Արցախ, եթե՝ ոչ, Տավուշի սահմա՞նն է պաշտպանել, եթե` այո, ապա մարզի ո՞ր տարածաշրջանի առաջնագիծն է պաշտպանել, ո՞ր ժամկետում, քանի՞ օր։ Ճի՞շտ են տեղեկությունները, որ այդ ջոկատի անդամները ՀՀ պետական բյուջեից 3 ամսվա (2020թ․ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր) համար աշխատավարձ են ստացել, մեկ ամսվանը՝ ամբողջությամբ, երկու ամսվա համար՝ ոչ ամբողջությամբ: Ինչքա՞ն է կազմել ձեր ստացած աշխատավարձը ընդհանուր 3 ամսվա համար»։
Հ․ Ղալումյանի պատասխանում նշված է․ «Ի պատասխան Ձեր 03.08.2021թ. թիվ 261602 հարցման, հայտնում եմ, որ «Իջեւան» կամավորական ջոկատ ստեղծելու վերաբերյալ 2020թ. հոկտեմբերի 22-ին սահմանների պաշտպանության համար կոչով դիմել եմ բնակչությանը: Կամավորական սկզբունքով կազմավորվել է ջոկատ, որը հանդերձավորվել, սպառազինվել եւ անցել է նախապատրաստական վարժանքներ X զորամասում: Կամավորական ջոկատի կիրառման բոլոր հարցերը կոորդինացվել են ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունների կողմից: Ծառայության համար իմ կողմից ստացված ամբողջ գումարը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը, տեղեկատվություն չի տրամադրվում ջոկատի ռազմական գործողություններին մասնակցելու եւ ստացված աշխատավարձի չափի մասին»:
Արցախ մեկնելու համար կամավորագրվածներից մեկը, որի անունը չենք հրապարակում, մեզ հայտնեց հետեւյալը․ «Ես էլ եմ այդ գումարտակում եղել, մի 5-6 օր գնացինք-պարապեցինք, որ պետք է տանեին Տավուշի դիրքեր։ Հետո ասացին՝ գնացեք, ձեր տներում պատրաստ սպասեցեք, մենք կկանչենք, այդպես էլ չկանչեցին։ Հետո երկու ամսվա համար մի 200 հազար դրամ փող տվին, չգիտեմ՝ ինչի համար»։