Մամուլի հրապարակումների արխիվը լավագույնս ներկայացնում է տվյալ շրջանի իրադարձությունները եւ հնարավորություն է տալիս մեր հիշողությունը թարմացնել։ Համացանցում ինչ-որ նյութի փնտրտուքի ժամանակ մի ուշագրավ պատմություն գտանք, որը հաստատ ջնջվել է շատերի հիշողությունից։
Պարզվում է՝ ժամանակին իշխանությունն ուղղակի խնդրում-համոզում էր ընդդիմությանը՝ Ազգային ժողովում պաշտոններ զբաղեցնել։ Իհարկե, խոսքն այն պաշտոնների մասին է, որոնք նախկին՝ ոչ դեմոկրատական Սահմանադրությամբ վերապահված էին ընդդիմությանը։ Եվ ընդդիմությունն էլ չեմուչում էր անում՝ պայմաններ դնում, մերժում այդ առաջարկները։
2012 թվականի հուլիսի սկզբին ՀԱԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն «ապօրինի եւ անընդունելի» է անվանել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանը՝ իրեն հինգերորդ գումարման Ազգային ժողովի էթիկայի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու մասին:
Նա հայտարարություն է տարածել այդ օրերին․ «Հովիկ Աբրահամյանը հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, որով հանձնաժողովի նախագահ է նշանակել ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանին, իսկ նախագահի տեղակալի կարգավիճակը վերապահել է տողերիս հեղինակին` առանց Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ներկայացման, ինչն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.1 հոդվածի 3-րդ կետի կոպիտ խախտում է: Աբրահամյանի ստորագրած կարգադրության մասին տեղեկացել եմ մամուլից եւ իմ նշանակումն էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ, համարում եմ ապօրինի եւ անընդունելի: Սույնով հայտարարում եմ, որ չեմ ստանձնի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: Նաեւ մտադիր եմ ակտիվ մասնակցություն ունենալ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին՝ որպես առաջնահերթություն ունենալով իրենց օրենքից վեր դասող օլիգարխ-պատգամավորների վարքուբարքի հարցերը սույն հանձնաժողովի շրջանակներում քննության առնելու օրենսդրական արգելքները վերացնելը, բացերը լրացնելը»։
Եթե նկատեցիք՝ Փաշինյանի վրդովմունքը պայմանավորված էր նրանով, որ ինքը հրամանի մասին տեղեկացել է մամուլից եւ հրաժարվել։ Ի դեպ, այն ժամանակ «ԱԺ կանոնակարգ» օրենքն ասում էր, որ ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողովի նախագահի եւ նախագահի տեղակալի պաշտոններում նշանակվում են խորհրդարանի ամենամեծ իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ ռոտացիոն կարգով. մեկ նստաշրջանում նախագահը լինում է ընդդիմության ներկայացուցիչը, մյուսում՝ իշխանության ներկայացուցիչը:
Եվ 2012-ի ամռանը Նիկոլ Փաշինյանն էթիկայի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվում է, իսկ աշնանը՝ սեպտեմբերին, համաձայնում եւ դառնում նույն հանձնաժողովի նախագահ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին կարգադրությունը ստորագրել է սեպտեմբերի 14-ին, եւ Փաշինյանն էլ նույն օրերին հայտարարել է. «Սեպտեմբերի 24-ին հանձնաժողովի նիստ է նշանակված, որտեղ քննարկվելու է օրինակելի դիմումի ձեւեր մշակելու հարցը, որպեսզի քաղաքացիները հնարավորինս հեշտ եւ ամբողջական դիմումներ գրեն էթիկայի հանձնաժողովին, եւ երկրորդը՝ մենք ունենք քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումը, հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում պետք է որոշում կայացնի Վարդգես Գասպարիի դիմումի քննությունը սկսելու կամ մերժելու մասին»: Իսկ Գասպարին էթիկայի հանձնաժողովին էր դիմել ԱԺ-ի մոտ իր հետ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նրա ձեռքից խլել էր բողոքի պաստառը, իսկ Առաքել Մովսիսյանի թիկնապահը հրել-գցել էր նրան:
Իսկ արդեն դեկտեմբեր ամսին ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվում էթիկայի հանձնաժողովի հետ կապված օրենսդրական փոփոխությունների հարցը։ Մի քանի տարբերակ է առաջարկվել, եւ ՀՀԿ-ական մեծամասնությունն ամեն ինչ արել է, որ ընդդիմության համաձայնությունը ստանա։ Այս դեպքերի առթիվ «168 ժամ» թերթում լրագրող, այժմ «Հրապարակի» մեկնաբան Ավետիս Բաբաջանյանը հրապարակում է արել, որից մի հատված մեջբերենք․
«Ինչո՞ւ է խորհրդարանական մեծամասնություն ՀՀԿ-ն փորձում համաձայնություն գտնել ընդդիմության հետ, իսկ ընդդիմությունը՝ սպառնում բոյկոտով: Ի վերջո, ՀՀԿ-ն կարող է հենց վաղը երկրորդ ընթերցմամբ ընդունել փոփոխությունները եւ հայտարարել` չեք ուզում մասնակցել հանձնաժողովի աշխատանքին, մի մասնակցեք, Աստված ձեզ հետ` լավագույն դեպքում… Բայց ընդունված է համարել, որ եվրոպական ժողովրդավարական ընտանիքին ինտեգրվող Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն փոքրամասնության տեսակետը, պետք է լսեն նաեւ նրանց ձայնը եւ հաշվի առնեն այն: Թե չէ՝ ընդդիմությունը կհայտարարի, որ սպանեցին վերջին ժողովրդավարական ինստիտուտը Հայաստանում, ջարդեցին ու ոտնակոխ տվեցին ժողովրդավարության վերջին կանաչ ծիլը: Հնարավոր է, որ Եվրոպայում դա դիտարկվի որպես բռիություն եւ ոչ բարեկիրթ վարքի դրսեւորում: Հնարավոր է՝ եվրոպացի չինովնիկներն օրորեն գլուխները եւ ասեն. «Չէ, Հայաստանը դեռ չի հասունացել՝ մեզ հետ լինելու համար»:
Դրա համար իշխանությունն արդեն երկու օր շարունակ հանդուրժում է ընդդիմության «նազուտուզը»՝ հենց դրանով ցույց տալով, որ փոքրամասնության կարծիքն այստեղ եւս հաշվի են առնում: Բայց եթե չհաջողվի համաձայնության գալ, իշխանությունն ավելի շուտ կհամաձայնի, որ եվրոպացիներն իրենց մեղադրեն եւ խելք սովորեցնեն, քան հանդուրժեն, որ ընդդիմադիր պատգամավորները որոշեն, որ ՀՀԿ-ականները խախտել են էթիկայի կանոնները, եւ «խայտառակեն» նրանց»:
Ահա, այսպիսի ժողովրդավարական երկրում ենք, փաստորեն, մենք ապրել 2012 թվականին, որտեղ խորհրդարանական փոքրամասնությունը պաշտոններ էր զբաղեցնում, բոյկոտում օրենքների ընդունումը եւ հասնում իր ուզածին, իսկ մեծամասնությունը փորձում էր համագործակցել նրանց հետ որոշ հարցերում, որպեսզի եվրոպաներում չասեն, որ բռի իշխանություն ունենք` էթիկայի մասին օրենքը չի համաձայնեցնում ընդդիմության հետ: Կարող եք ինքներդ համեմատել, թե ինչ խայտառակ իշխանություն ունենք այսօր, որը թույլ չի տալիս, որ Սահմանադրությամբ ընդդիմությանը պատկանող պաշտոններում ընդդիմադիրներն ընտրվեն, անհեթեթ ու վնասակար օրենքներ է մշակում եւ ուսապարկերի քվեարկությամբ ընդունել տալիս խորհրդարանում, որտեղ ոչ մի առարկություն եւ այլ տեսակետ չեն հնչում: Իսկ ընդդիմության կողմից հայտարարված բոյկոտներին, առհասարակ, ուշադրություն դարձնող չկա:
Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ