Արդեն պաշտոնապես հայտնի է, որ հուլիսի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում հանդիպել են Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Առաջին անգամ նրանք հանդիպում են ոչ թե որպես իրար թշնամի, իրար հետ հակամարտության մեջ գտնվող երկրների ղեկավարներ, այլ որպես դաշնակիցներ, երկրներ, որոնք ունեն մեկ ընդհանուր սյուզերեն, թեեւ` տարբերակված աստիճանակարգմամբ։ Չնայած խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը պաշտոնապես գոյություն ունի, բայց Փաշինյանի քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի ստվերում՝ միանալով հակառուսական դաշինքին, մասնակցելով Ռուսաստանի դեմ իրականացվող արշավանքին։ Նրանց հանդիպումը կարող է կապված լինել հենց այդ արշավանքի շրջանակներում իրականացվող գործողությունները համաձայնեցնելուն։
Թեեւ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը կապ ունի խաղաղության գործընթացի հետ, բայց քանի որ այդ գործընթացը վաղուց ավարտված է, կողմերը համաձայնեցրել են փաստաթուղթը, դրա հետ կապված՝ խոսելու թեմա չկա։ Ադրբեջանը հավելյալ պահանջներ է ներկայացնում՝ փաստաթուղթը ստորագրելու համար, իսկ Հայաստանը ներկայացնող անձը խնդրում է իրեն ժամանակ տալ՝ մինչեւ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, որից հետո ինքը պատրաստ կլինի բավարարել բոլոր պահանջները, բայց չի կարող հանդիպումը նվիրված լինել Փաշինյանին ժամանակ տրամադրել-չտրամադրելու հարցին կամ ներկայացված հավելյալ պահանջների կատարմանը։ Ամերիկացիներն ուզում են, որ փաստաթուղթը հնարավորինս շուտ ստորագրվի, ուղղակի Հայաստանը մյուս տնային առաջադրանքները կկատարի հետագայում, բայց Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց նկատառումներն ունեն, համարում են, որ դա կարելի է անել միայն այն դեպքում, երբ Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը վերջնականապես զրոյանա, անցնի իրենց ազդեցության տակ․ ավանսով ոչինչ չեն ուզում անել։
Հայաստանում հակառուսական արշավը սկսվեց անհամեմատ ավելի շուտ, քան դա արեց Ադրբեջանը։ Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը ոչ այլ ինչ է, քան պայքար Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելու համար։ Գաղտնի չէ, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը հիմնված է եղել տեղի քրիստոնյա բնակչության՝ հայերի եւ վրացիների վրա։ Ցանկացած ռուս-պարսկական կամ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայերն ու վրացիները միշտ եղել են Ռուսաստանի դաշնակիցը, եւ, ընդհակառակը, թաթարները՝ ադրբեջանցիները, որպես իսլամադավաններ, անցել են պարսիկների կամ թուրքերի կողմը` ընդդեմ Ռուսաստանի։ Դրա համար էլ Ռուսաստանը` լինի դա Ռուսական կայսրության անվան տակ, թե ԽՍՀՄ-ի, ամեն ինչ արել է՝ հայերին իրենց պատմական հայրենիք վերադարձնելու՝ ներգաղթ կազմակերպելու, հայերի տեսակարար կշիռն ավելացնելու համար։ 1828 թվականից մինչեւ 1970-ականների վերջը՝ 150 տարի, Ռուսաստանը նպաստել է հայերի` դեպի Հայաստան հայրենադարձմանը, ինչը հերքելը կամ ուրանալը ոչ միայն կեղծիք է, այլեւ երախտամոռության դրսեւորում։ Քանի որ Փաշինյանն Էրդողանին եւ Ալիեւին խոստացել է, որ Հայաստանը դարձնելու է թուրքական ազդեցության տարածք, բնական է, որ առաջին պահանջը լինելու էին Հայ առաքելական եկեղեցու ոչնչացումը՝ որպես միասնական կառույցի, եւ Հայաստանի հայաթափումը։
Հաջորդը Հայաստանի վրա Ռուսաստանում ապրող հայերի ազդեցության չեզոքացումն է․կալանավորելով Սամվել Կարապետյանին եւ նրան ունեզրկելով՝ Փաշինյանը միանգամից երեք հարց է լուծում` ով կկանգնի Հայ առաքելական եկեղեցու կողքին, կհայտնվի բանտում, ով Ռուսաստանից կգա Հայաստան եւ կփորձի խոչընդոտել Հայաստանի թրքացմանը, կհայտնվի բանտում, ով ապրում է Ռուսաստանում եւ մտածում է, որ Հայաստանում կարող է սեփականություն ունենալ, սխալվում է, այդ սեփականությունը խլվելու է նրանից։
Հայաստանից հետո Ադրբեջանն անցավ հակառուսական քաղաքականություն իրականացնելուն։ Ադրբեջանի համար կարեւոր էր ապահովել իր թիկունքը, փորձով եւ գործով համոզվել, որ Հայաստանը հակառուսական պայքարում իր դաշնակիցն ու աջակիցն է եւ չի օգտագործվի Ռուսաստանի կողմից՝ իրեն թիկունքից հարված հասցնելու համար։ Երբ Փաշինյանն իր գործողություններով ապացուցեց, որ ինքը ոչ միայն խոստանալ, այլեւ գործել գիտի, Ալիեւն արեց իր քայլը՝ թշնամանք հրահրելով Ռուսաստանի դեմ։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, որը կալանավորում եւ հետապնդում է Ռուսաստանում ապրող հայերին, Ալիեւը կանգնեց Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների թիկունքին՝ ցույց տալով, որ կապ չունի, թե ադրբեջանցին ինչ քաղաքացիություն ունի: Եթե նա ադրբեջանցի է, Ադրբեջան պետությունը պատրաստ է պաշտպանել նրան, թեկուզ՝ անօրինական միջոցներով։
Արաբական Միացյալ Էմիրություններում Ալիեւն ու Փաշինյանն իրար հետ ճշգրտելու եւ համաձայնեցնելու են Ռուսաստանի դեմ իրականացվող քայլերի հաջորդականությունը, այսպես կոչված՝ ճանապարհային քարտեզը։ Ռուսաստանը Հայաստանում, բացի ՀԷՑ-ից, ազդեցության այլ լծակներ եւս ունի, այդ թվում՝ գազամատակարարման համակարգը՝ «ՀայՌուսգազարդը», երկաթուղին, ատոմակայանը, 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը թողնելու են վերջում։ Ռուսաստանից լիակատար էներգետիկ անկախություն ունենալու համար Հայաստանը պետք է հրաժարվի ռուսական գազից, պարտադիր չէ, որ դրա փոխարեն ինչ-որ այլընտրանք առաջարկեն, կարող են ասել, որ գազ չի լինելու, եւ վերջ, կարեւորը՝ Ռուսաստանից կախված չենք։ Հայաստանի էներգետիկ «անկախության» համար Հայաստանը պետք է հրաժարվի ատոմակայանից, փակի ատոմակայանը։ Գազից եւ էլեկտրաէներգիայից հրաժարվելը կարող է տնտեսական եւ էներգետիկ շոկ առաջացնել Հայաստանում, բայց դա ոչ թե խնդիր է, այլ՝ խնդրի լուծում։ Տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաեւ՝ արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխությունը կարող են ստիպել, որ տասնյակ եւ հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր համառորեն դեռ ապրում են իրենց երկրում, փոխեն իրենց որոշումը եւ հեռանան Հայաստանից։ Այն, ինչ արել է Ռուսաստանը վերջին 150-200 տարվա ընթացքում, պետք է հետ պտտել, եւ, ինչպես հասկանում եք, դրա մեջ մտնում է նաեւ Հայաստանի դատարկումը հայերից։ Սա գուցե հիմնական գործն է։
Այնպես որ՝ պետք չէ սպասել, թե Փաշինյանն ու Ալիեւը հրապարակային պայմանավորվածություն են ձեռք բերելու կամ ինչ-որ փաստաթուղթ են ստորագրելու, դրա կարիքն ուղղակի չկա։ Նույնիսկ Սահմանադրության փոփոխությունը հիմա իմաստ չունի, որովհետեւ այն, ինչ կընդունվի այսօր, մեկ կամ երկու տարի հետո ենթակա է լինելու հերթական փոփոխության կամ չեղարկման։ Հայաստանն այնպիսի արագությամբ է շարժվում դեպի թուրքական հպատակեցում, որ ոչ մի Սահմանադրություն չի կարող հասնել դրա հետեւից։