Արագածոտնի թեմի առաջնորդը բերման է ենթարկվել, իր գտնվելու վայրի մասին այս պահին տեղեկություններ չունենք: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Արագածոտնի մարզի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազան Պռոշյանի և նույն թեմի հինգ քահանաների՝ Տեր Փառենի, Տեր Մանուկի, Տեր Հայկի, Տեր Մկրտիչի, Տեր Ղևոնդի ձերբակալությանը:
Հիշեցնենք, որ Հովնանավանքի քահանա Տեր Արամը, ով Հանրային Հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ մեղադրանքներ էր հնչեցրել հոգևոր վերնախավի դեմ ու հետո վեճ էր սկսել Տեր Մանուկի հետ, ծառայում է նույն թեմում:
«Գիտենք հինգ քահանաներին բերման ենթարկելու մասին՝ նրանք Քննչական կոմիտեում են հիմա, իրենց տներում խուզարկություն է կատարվել: Հետաքրքիրն այն է, որ առանց համապատասխան ծանուցման է իրականացվել ամենը և իրենք զրկված են եղել իրավաբանի ծառայություններից»,-ասաց Տեր Եսային:
Այս գործողությունները Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարն ասաց, որ սա հակաեկեղեցական արշավի շրջանակներում է, իսկ այս գործողությունների գնահատականը Մայր Աթոռը կտա քիչ անց: