Հարցազրույց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ
- Այսօր Ադրբեջանի Պաշտպանության նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հրահանգավորել է «պատրաստ լինել ցանկացած սադրանքի անհապաղ և վճռական կասեցմանը: Ի՞նչ է սա նշանակում:
- Ըստ իս՝ սա ուղիղ հրահանգ է նոր սադրանքների գնալու և՛ ՀՀ- ի հետ սահմանի, և՛ Արցախի հետ շփման գոտու երկայնքով: Այս հրահանգը հնչեց երեկվա կրակոցներից հետո և դա պատահական չէր: Այսօրվա խորհրդակցության ժամանակ Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը հրահանգ է տվել՝ «պատրաստ լինել ցանկացած սադրանքի անհապաղ և վճռական կասեցմանը, որը կարող է իրականացնել հակամարտող կողմը»: Բոլորին էլ ակնհայտ է, որ հայկական կողմը չունի որևէ շահագրգռվածություն լարվածության ստեղծման հարցում: Ուստի սա Ադրբեջանի կողմից նոր սադրանքների և հնարավոր էսկալացիայի գնալու ակնհայտ հրահանգ է և՛ ՀՀ- ի հետ սահմանի, և՛ Արցախի հետ շփման գոտու տարածքում՝ ռուս խաղաղապահների տեղակայման գոտում: Հարկ է հիշեցնել նաև, որ նմանատիպ մի հայտարարություն էլ արել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ՝ Ալի Նաղիևը երկու օր առաջ: Նա մասնավորապես ասել էր. «Ափսոսանք է առաջացնում այն հանգամանքը, որ Հայաստանում ռևանշիստները չեն հրաժարվել իրենց սադրիչ գործողություններից: Հատուկ ծառայության կառույցների կողմից վճռականորեն կասեցվելու են նմանատիպ գործողությունների հետևանքները»: Սա արվել է երեկվա սադրանքների նախօրեին: Ուստի Ադրբեջանը բնավ էլ չի թաքցնում իր նպատակները նոր էսկալացիայի գնալու տեսանկյունից:
- Իսկ ի՞նչ է անում, կամ ի՞նչ պետք է անի հայկական կողմը:
- Իհարկե, նախևառաջ պատրաստ լինի դիմակայելու հակառակորդի հնարավոր սադրանքները: Ըստ իս՝ պատահական չէր, որ այսօր Ադրբեջանի ՊՆ նախարարի հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ ՊՆ- ը լուր տարածեց, որ «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում՝ նպատակ ունենալով ստուգել զորքերի մարտունակությունը, իրավիճակին համահունչ արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ»։ «Իրավիճակին համահունչ լինելու» վերաբերյալ շեշտադրումն, ըստ իս՝ գալիս է փաստելու, որ ԶՈՒ- ում կա գիտակցում և սթափ գնահատական, թե ինչ հնարավոր գործողությունների կարող է գնալ հակառակորդը: Բայց միայն ռազմական առումով դրա գիտակցումը բավարար չէ: Օրինակ՝ նույն ԱԳՆ- ն կարող էր այս առումով ինտենսիվ աշխատանքներ սկսել իր միջազգային գործընկերների հետ, որոնք փորձում են որպես միջնորդ հանդես գալ խաղաղ բանակցությունների հարցում: Պետք է զանգեր կատարել, հայտարարություններ տարածել, կանխարգելիչ քայլեր ձեռնարկել՝ ցույց տալու Ադրբեջանի իրական նպատակները: Եթե ուշադրությունը դարձնեք, ադրբեջանական կողմին նախ տեղեկատվական դաշտն է նախապատրաստում, հետո գնում հնարավոր էսկալացիայի: Այս գործելաոճը ակնհայտ է և կրնկնվող, ուստի դրա հիման վրա կարելի է ակտիվ դիվանագիտական աշխատանք տանել: Մի կարևոր հանգամանք էլ նշեմ, որը մեզ մոտ չգիտակցվեց:
Անվտանգության խորհրդի քարտուղարի հուլիսի 19- ի շատ վտանգավոր և խնդրահարույց հայտարարությունը, թե իբր մենք զորքեր ունենք Արցախում, ոչ միայն դարձավ գործիք ադրբեջանական քարոզչամեքենայի ձեռքին և ծառայեցվեց ի շահ նրանց, այլ «կանաչ լույս» վառեց, որպեսզի հակառակորդը «արդարացնի» հնարավոր նոր սադրանքները Արցախի ուղղությամբ: Այդ հայտարարությունից անմիջապես հետո ադրբեջանական տեղեկատվական դաշտը, այսպես կոչված՝ վերլուծական շրջանակները սկսեցին հրապարակումներ անել, որ Ալիևն իրավացի էր, ՀՀ-ը ստում էր, ուստի պետք է գնալ հրատապ «հակաահաբեկչական գործողությունների Արցախում»: Ուշագրավն այն է, որ անգամ միջազգային զեկույցներն են փաստում, որ ՀՀ-ը զորք չունի, և տասնամյակներ շարունակ մենք այդ հարցում այլ ձևակերպումներ ենք տվել: Այդ հայտարարությունից տաս օր անց հակառակորդը կրակ բացեց Կարմիր շուկայի ուղղությամբ: Կարճ ասած ՀՀ ԱԽ քարտուղարը ի հեճուկս իր պաշտոնի՝ անում է հայտարարություններ, որոնցով սպառնալիք և վտանգ է ստեղծում ՀՀ- ի և Արցախի համար՝ օգնելով ադրբեջանական կողմին գտնել «հիմք» նոր սադրանքների գնալու առումով: Ցավոք, նա միակ պաշտոնյան չէ: Բայց նրա զբաղեցրած պաշտոնի հետևանքով նման հայտարարություններն ունենում են աղետալի հետևանքներ, իսկ պատասխանատվություն նա ոչ միայն չի կրում, այլև շարունակում է իր գործունեությունը՝ նորանոր խնդիրներ ստեղծելով մեր պետության համար:
- Ո՞րն է Ալիևի նպատակը:
- Ադրբեջանն ունի երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակներ: Սողացող պատերազմի այս տրամաբանության գլխավոր իմաստն այն է, որ ՀՀ—ում էլ, Արցախում էլ այլևս հայ չապրի: Շարունակական վտանգի, պատերազմի սպառնալիքի, անորոշության մթնոլորտ ստեղծելով՝ ադրբեջանական կողմը ցանկանում է մեր հանրության ներսում ստեղծել անպաշտպան լինելու և անելանելիության զգացողություն, որպեսզի մեր հայրենակիցները լքեն երկիրը: Եթե հիշեք՝ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի նախագահը ասում էր, որ եթե ՀՀ բնակչությունը հասնի հինգ միլիոնի, ապա դա կդիտվի որպես սպառնալիք: Մի կողմից՝ սա ռասիզմի դրսևորում է, մյուս կողմից՝ պարզ խոստովանություն իրենց նպատակների մասին: Կարճաժամկետ առումով, իրենք փորձում են դրդել հայկական կողմին գնալ բացառապես իրենց պայմաններով այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը: Դա նշանակում է ոչ միայն Արցախից հրաժարում, այլև Սյունիքի հանդեպ նոր էսկալացիայի հնարավորություն տալ Ադրբեջանին: Ցավոք, իշխող ուժը հանձինս ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանի այդպես էլ չի ցանկանում ընդունել, թե ինչ պետության հետ գործ ունենք՝ հանձինս Ադրբեջանի: Կեղծ դիսկուրսներ ստեղծվեցին, ինչ որ «խաղաղության դարաշրջաններ» խոստացվեցին, նախընտրական ծրագրից հրաժարվեցին հանուն «խաղաղության», իսկ իրականում պատերազմին հաջորդող երկու տարին մսխվեց անօգուտ, ավելին՝ շատ վնասներ տվեցին իրենց «հայելային հետաքաշման», «նշաձողի իջեցման» և այլ խնդրահարույց առաջարկներով: Ադրբեջանն էլ այդ ամենից օգտվում է, քանի որ նպատակ է դրել և հստակ աշխատում այդ ուղղությամբ: