Հասարակություն

Բնությունը ցույց տվեց մեզ, որ պետական մակարդակով բարդակ է

Բնությունը ցույց տվեց մեզ, որ պետական մակարդակով բարդակ է

Հունիսի 14-ին հորդառատ անձրևի հետևանքով Կապանի փողոցներով դեղնանարջնագույն անձրևաջրեր էին հոսում։ Սոցցանցերում ակտիվ քննարկումների կենտրոնում էր հայտնվել այս երևույթը, կապանցիներն անգամ տարակուսում են՝ օգտվել խմելու ջրից, թե ոչ։ «Հրապարակ»-ի հետ զրույցում «Էկո-Մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն անդրադառնալով թեմային նշել էր․ «Միշտ եղել են ինչ որ արտահոսքեր, բայց տարբեր տեսակի են լինում, ավելի քիչ, իսկ այս նկարներով ու վիդեոներով աղետալի պատկերը ցույց է տալիս, որ խնդիրը կարող է շատ խորքային լինել։ Այդ տարածաշրջանում համ Քաջարանի պղնձամոլիբդենայինն է գտնվում, համ Կավարտի չշահագործվող հանքավայրի տարածքից։ Սակայն խնդիրը այլ տեղ էլ կարող է լինել՝ այդ հատվածում ադրբեջանցիների առաջխաղացման հետ կապված մենք չունենք ամբողջական պատկեր և այդ առումով շատ հարաբերական է, թե որտեղից կարող է լինել աղբյուրը։ Իհարկե, բնապահպանական տեսանկյունից շատ մտահոգիչ է, քանի որ չի բացառվում, որ ադրբեջանցիներն այնտեղ ինչ որ բան են կառուցում, հնարավոր է որ հանք էլ չեն բացել, հնարավոր է նոր ճանապարհն է պատճառը, քանի որ Գեղանուշի ջրամբարի կողքով նոր ճանապարհ են բացել ու սա միակ ճանապարհը չէ։ Շատ հնարավոր է, որ պատճառն այդ նոր ճանապարհներն են, կամ ինչ որ անօրինական հանքարդյունաբերություն կա, բայց որ ենթադրությունների մեջ չընկնենք, ասեմ, որ սա ուղիղ Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի անգործության հետևանքն է, որովհետև մենք չենք կարող մեղքը գցել ինչ որ հանքարդյունաբերողների վրա, եթե չկա վերադասի վերահսկում»։

Կիրակոսյանի խոսքով՝ այստեղ ամենակարևոր հարցերից մեկը արտահոսած զանգվածի քիմիական բաղադրությունն է․ «Մենք չգիտենք, թե էդ ինչ արտահոսք է, արտահոսել են հանքերի՞ց, թե՞ օրինակ պոչերն է եղել, որտեղ ավելի վտանգավոր նյութեր կան, քան հենց հանքի ուղղակի ապարները։ Ջրի նման գույնը կարող է խոսել, օրինակ, պղնձի առկայության մասին, որը վտանգավոր է։ Մենք հիմա կարող ենք միայն փաստեր համադրել ու եզրակացություններ անել, բայց այստեղ խնդիրը խորքային կարող են գնահատել միայն պատկան մարմինները՝ խորքային ուսումնասիրություններից հետո, սակայն այս պարագայում մենք տեսնում ենք նրանց կողմից բացարձակ ամենաթողություն։ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է էկոպարեկների նոր գնդով, բայց փակում է բնապահպանության նախարարությունը, այն դարձնելով «կողի կշտի նախարարություն»։ Այսինքն, ինչ որ բաներ փոխում են, բայց դրա մեջ ոչինչ չկա։ Բնությունը ցույց տվեց մեզ, որ պետական մակարդակով բարդակ է, ցավոք սրտի դա բնության վրա է անդրադառնում և բնակչության։ Կապանում բնակիչներ կան, որ պտղատու ծառեր ունեն, ինչ որ մշակաբույսեր են մշակում, ու հիմա իրականում իրենք էլ չգիտեն՝ որքանով կարող է թունավոր լինել այս դեղնանարնջագույն ջրերը և որքանով է խմելու ջուրը կամ դրանով սնված բույսը պիտանի մարդու համար։ Ուրիշ ժամանակ կգան Գումի շուկայից մսեղենը կհավաքեն՝ կտանեն, բա էս դեպքում ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկում։ Սա իսկապես գլոբալ առումով աղետ է»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image