Այգեգործների ու ջերմոցատերերի մոտ խնդիրն ավելի են սրվում։ Սեզոնային պտուղ-բանջարեղենների իրացման լուրջ խնդիր ունեն։ Նախորդ տարիներին նույն ժամանակահատվածում արդեն մեծ ծավալով տեղի էր ունենում ծիրանի արտահանումը, իսկ այս տարի թեև ծիրանի բերք շատ քիչ է, բայց եղածն էլ իրացնելու դժվարություն կա։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Արմաշում այգեգործությամբ զբաղվող Տիգրան Մաթևոսյանը պատմեց․ «Նախորդ տարիներին մեծ ծավալով ծիրան ենք իրացրել, վաճառել ենք ֆուռերի վրա, իսկ այս տարի այսօր առաջին ֆուռն է եկել գյուղ։ Չեմ էլ գնացել, հետաքրքրվել, որովհետև մի ամբողջ գյուղին 1 հատ ֆուռը ինչ կանի։ Բացի այդ, այս տարի շատ քիչ բերք ունեմ, 1 տոննա չի հասնում։ Այս տարի ծիրանի բերքը քիչ է, տեղում ես ունեմ իմ սպառողները։ Բայց այստեղ միայն իմ հարցը չէ, մարդիկ այգի են մշակում, ծախս են անում ու հիմա փաստի առաջ են կանգնած։ Քաղաքաբնակներին թվում է, թե մի հատ բերք ենք հավաքում ու ոսկու գին ծախում։ Բայց իրենցից որ մեկն է գալու մեր փոխարեն ջրի, էտի, կամ հենց հավաքի արևի տակ։ Նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում գյուղում 20-30 ֆուռ կանգնած էր, փողոցում շարժն էնքան շատ էր, ոնց որ Լաս Վեգասը լիներ, իսկ այս տարի ոնց որ էն հեքիաթի մեջի մեռյալ քաղաքը լինի։ Մարդիկ փորձում են ճանապարհներին բերքը դրած վաճառեն, բայց ինչքա՞ն կարող են վաճառել, արդեն տուրիստների փորը ցավում ա էդքան թութ ուտելուց»։
Այգեգործի խոսքով գյուղացու խնդիրները չեն սահմանափակվում միայն ծիրանի արտահանումով. «Ծիրանից հետո սալորն ու դեղձն են հասունանում, հիմա թութն է մեծ խնդիր։ Այսօր գյուղում համարյա թութ չեն մթերել, իսկ նախորդ տարիներին օր է եղել 20 տոննա գյուղից մթերել են,մարդիկ հեկտարներով թութ ունեն ու էս պահին ձեռքները ծալած նստած են, սպասում են տեսնեն ինչ ա լինում։ Ի՞նչ կարող են անել, եթե գնորդ չկա, Հայաստանը էդ շուկան չունի, որ նման ծավալներ մթերի։ Եվրոպայում էլ էնպիսի չափանիշներ ու ստանդարտներ կան դրված, որ էդ թղթերը հավաքելու համար տարիներով ու հետևողական աշխատանք է պետք»։
Նրա խոսքով՝ պետությունն իր գործառույթը չի կատարում. «Չպետք է թողնեն արտադրողի վրա շուկա գտնելը, պետություն գոյություն ունի ու պիտի պետությունը ներմուծող պետության հետ դիվանագիտական խողովակներով իր հարցերը լուծի։ Կամ հարաբերությունները մի երկրի հետ փչացնելուց պիտի պահուստային շուկա ունենա, ոչ թե դնեն դռները փակեն, իրենք էլ մի փոքր քանակի ապրանք ինչ որ տեղ ուղարկեն ու դա մարդկանց աչքը մտցնեն, ասեն այ տեսեք հեսա Ուկրաինա ենք բեռ ուղարկում կամ բուլղարական պղպեղը ուղարկում ենք Բուլղարիա»։