Հասարակություն

«Հրապարակ»․ Զինծառայողների ատեստացիան՝ որպես բանակի չհաջողված բարեփոխում

«Հրապարակ»․ Զինծառայողների ատեստացիան՝ որպես բանակի չհաջողված բարեփոխում

Ձմեռային զորակոչն ընթացքի մեջ է։ Նախկին տարիների նման, զինակոչիկների ծնողները բանակի քեֆ են կազմակերպում,  բարի ծառայություն եւ բարի վերադարձ են մաղթում: Զինակոչիկները, նրանց հարազատներն ուրախանում են, որ այս տարի զինակոչվածները ոչ թե 2, այլ մեկուկես տարի են ծառայելու: Պաշտպանության նախարար Ս․ Պապիկյանը հայտարարել է, թե պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մեկուկես տարի դարձնելու հետեւանքով զինված ուժերի ծառայողների  թիվը չի կրճատվելու: Սակայն նախարարը կա՛մ չի կարողանում հաշվել, կա՛մ էլ մոլորեցնում է հանրությանը: Վարժական հավաքների մասնակիցների թվի որոշակի ավելացումը չի լուծելու պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման հետեւանքով բանակի  թիվը լրացնելու խնդիրը: 44-օրյա պատերազմից հետո փոխվել է բանակի նկատմամբ իշխանության վերաբերմունքը:

Նախկինում հերոսներ էին համարվում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տվածները, իսկ այժմ  Ն․ Փաշինյանն ազգի հերոս հռչակել է հարկատուներին: Սակայն հարկ վճարելը ոչ թե հերոսություն է , այլ՝ պարտավորություն, որը չկատարելն առաջացնում է  պատասխանատվություն, տուգանքներ: 44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան 5 տարի անց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքված չէ, Ի․ Ալիեւը  Հայաստանի հասցեին պարբերաբար սպառնալիքներ է  հնչեցնում: Ադրբեջանն ավելացրել է ռազմական բյուջեն, մեծ քանակությամբ զենքեր է գնում, ավելացնում սեփական ռազմական արտադրությունը, պարբերաբար զորավարժություններ է անցկացնում, այդ թվում՝ այլ երկրների զինուժի հետ: Ո՞ւմ դեմ է զինվում, զորավարժություններ անցկացնում Ադրբեջանը, ո՞ւմ դեմ կարող է իր ռազմական պոտենցիալով պատերազմել, ո՞ր երկրի հետ չկարգավորված հակամարտություն ունի։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն չկա, կա տեւական հրադադար, որը ցանկացած ժամանակ Ադրբեջանը կարողէ խախտել: Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը՝ այդ վտանգին դիմակայելու համար:

Ն․ Փաշինյանը մինչեւ 44-օրյա պատերազմը բանակի բարեփոխումները եւ հզորացումն առաջնահերթություն էր համարում: Ներկայում նա Հայաստանի անվտանգության ապահովման համար այդքան էլ չի կարեւորում բանակի դերը: Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի բանակը պետք է լինի անվտանգության ապահովման վերջին գործիքը: Նրա  պատկերացմամբ՝ եթե այն դառնում է առաջին կամ նույնիսկ երկրորդ, նշանակում է՝ անվտանգություն չկա: Փաշինյանը հայտարարել է․ «Ինչքան իրենից առաջ դու այլ գործիքներ ունես, ընդ որում, եթե վերջինը 6-րդն է, դա արդեն վատ է, դա նշանակում է, որ դու բանակից առաջ ունես 5 այլ անվտանգության գործիք: Դու պետք է այնպես անես, որ բանակը լինի 15-րդը, 20-րդը, 50-րդը, 100-րդը»: «Եթե մեր ռազմավարությունն այն է, որ մենք պետք է ուժեղ բանակ ունենանք, համեմատաբար, մի պայմանական հակառակորդից, համեմատությամբ, իսկ ո՞րն է լինելու մեր արձագանքը, եթե պարզվի, որ մի պայմանական հակառակորդն ունի իր հետ եւս երեք կամ չորս գերուժեղ ներգրավված կողմ. ստացվելու է, որ մեր ռազմավարությունները զրո՞ են, ոչ մի բան չարժե՞ն»:

Փաշինյանի այս հայտարարությունները հիմնավոր չեն, անտրամաբանական  են: Անվտանգության մյուս գործիքներն ամենեւին չեն փոխարինում, այլընտրանք չեն բանակին, դրանք զուգահեռ են գործում, իսկ բանակի ուժեղությունը կամ թուլությունն իրապես ստուգվում է պատերազմում դրանց մասնակցությամբ, արդյունքներով: Հայաստանի բանակը զորավարժություններ չի անցկացնում, իսկ ինչպե՞ս է բանակում բարեփոխումների վիճակը: Այդ բարեփոխումների մեջ դեր ունի զինծառայողների ատեստացիան։ 2025թ․ դեկտեմբերի 24-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել Պնախարար Ս․ Պապիկյանին․ «2025 թվականին պաշտպանության նախարարության զինծառայողներից քանի՞սն է դիմել ատեստավորման նպատակով, նրանցից քանի՞սն է անցել ատեստավորումը, դրա արդյունքում քանիսի աշխատավարձը որքանով է ավելացել»: Հունվարի 5-ին ՊՆ-ից պատասխանել  են․ «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում»: Տավուշի մարզում ծառայող պայմանագրային զինծառայողները հայտնեցին, որ վերջերս մարզից ատեստացիայի մասնակցած զինծառայողների մոտ մեկ տասնյակ անդամ ունեցող խմբից միայն մեկն է անցել ատեստավորումը: Ատեստավորմանը մասնակցած պայմանագրային զինծառայողներն ասացին, որ ատեստացիայի ընթացքում քննություն են հանձնում կրակային, շարային, ֆիզիկական պատրաստվածությունից եւ իրենց մասնագիտությունից, դրական են համարվում այդ քննություններից ստացած 3, 4 եւ 5 գնահատականները: Ֆիզիկական պատրաստվածության քննության ժամանակ մինչեւ 35 տարեկան զինծառայողները վազում են 3 կմ, իսկ 35-ից բարձր տարիք ունեցողները՝ 1 կմ։

Զինծառայողները դժգոհեցին, որ ատեստացիայի արդյունքը հաշվարկվում է ոչ թե բոլոր՝ 4 քննությունից ստացած գնահատականների միջինացված ցուցանիշը, այլ այդ 4 քննությունից մեկից ստացած, 4 գնահատականների մեջ ամենացածր գնահատականը։ Ատեստացիայից 3 գնահատական ստացած պայմանագրային զինծառայողի աշխատավարձն ավելանում է 130 հազար դրամով, 4 գնահատական ստացածինը՝ 260 հազարով, 5 գնահատական ստացածինը՝ 280 հազար դրամով: Պայմանագրայինները պատմեցին, որ մարտական հենակետում կողք-կողքի ծառայող, ատեստացիա անցած եւ չանցած զինծառայողների միջեւ որոշ դեպքերում լարվածություն է առաջանում: Երբ հենակետում ինչ-որ գործ անելու կարիք է լինում, ատեստացիա չանցածներն ասում են ատեստացիա անցածին․ «Ինձնից  կրկնակի շատ աշխատավարձ ես ստանում, դու էլ արա այդ գործը»։ Թե մարտական հենակետում նման վեճն ինչ հետեւանքներ կարող է ունենալ, դժվար չէ պատկերացնելը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image