Քաղաքականություն

Պատրաստ ենք բոլորի հետ աշխատել․ Անի Սամսոնյան

Պատրաստ ենք բոլորի հետ աշխատել․ Անի Սամսոնյան

Ներքին ու արտաքին քաղաքական հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ։

- Տիկի՛ն Սամսոնյան, ի՞նչ քայլերով եք ընտրապայքարին մասնակցելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական բավականին լարված իրավիճակ է, նաև հասարակության շրջանում կա լարվածություն կապված այս սահմանային միջադեպերի հետ, նաև որ գերիների մի մասին չեն վերադարձնում։

- Քանի դեռ ընտրությունները չեն հետաձգվել, այսինքն՝ դրա կարիքը չեն տեսնում, և քաղաքական ուժերը շարունակում են նախապատրաստվել քարոզարշավին, մենք նույնպես կհրապարակենք, թե ինչպես ենք այն իրականացնելու, ինչ մարտավարությամբ ենք իրականացնելու, որտեղ ենք լինելու։

- Սահմանային իրավիճակի հետ կապված ի՞նչ կասեք։ «Լուսավոր Հայաստանն» իշխանության գալու դեպքում դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցն ինչպե՞ս է լուծելու, որ նաև դա չհարվածի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

- Երեկ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որն առաջարկել էր «Լուսավոր Հայաստանը», որպեսզի հասկանա սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը։ Եվ մենք ևս այն կարծիքին ենք, որ զինված ուժերը երկկողմանի՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, պիտի հնարավորինս գոտի ապահովեն, որպեսզի այդ աշխատանքներն ընթանան։ Բայց մեր ընդհանուր կարծիքն այս պրոցեսի մասին այն է, որ մինչև ընտրություններ մենք չենք ողջունում, որպեսզի այս իշխանությունը, որը բավականաչափ թուլացած է և չի կարողանում նորմալ բանակցություններ վարել, մտնի այդ գործընթացի մեջ։

- Հիմա ինչը դուք ասացիք, Էդմոն Մարուքյանը հնչեցրե՞լ է նիստի ժամանակ։

- Ես չգիտեմ այնտեղ ինչ է խոսել պարոն Մարուքյանը։ Իր բրիֆինգով պարոն Մարուքյանն ասել է, թե ինչ են քննարկել։

- Տիկի՛ն Սամսոնյան, այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առարկայական բանակցությունների։

- Միայն մի ձևաչափով։ Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացումն է, որպեսզի վերջնականապես լուծվի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի ինքնորոշման իրավունքով։ Եվ դա կարող է որոշվել միայն ԵԱՀԿ ձևաչափով։ Մենք գիտենք, որ պատերազմից հետո ձևաչափը բավականին վնասներ է կրել, այն պետք է վերականգնել։ Եվ մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք վերականգնել համագործակցությունը Մինսկի խմբի համանախագահների հետ և մենք միայն այս ձևաչափով ենք տեսնում Արցախի հարցի վերջնական կարգավորումը։

- Ընտրություններից հետո եթե գաք իշխանության, ինչպե՞ս եք անելու, որ լարվածությունը թուլանա հասարակության շրջանում, և պետությունն ավելի մեծ ցնցումների մեջ չընկնի հետընտրական գործընթացների հետևանքով։

- Մենք ասել ենք, որ միայն «Լուսավոր Հայաստանն» է կարող վերացնել ներքին լարվածությունը և համախմբել բոլորին, վերականգնել երկրում համերաշխությունը։ Որովհետև մենք միակ ուժն ենք, որ չի օգտագործում ատելության խոսք, չի խոսում հայհոյանքի, վիրավորանքի լեզվով։ Եվ որը [կուսակցությունը] բազմիցս ցույց է տվել իր ներառականությունը և ասել, որ «մենք պատրաստ ենք բոլորի հետ աշխատել, համախմբել Հայաստանում ամբողջ կարող ներուժը, ռեսուրսը հանուն Հայաստանի»։

- Ի՞նչ քայլերով կսկսեք լարվածության թուլացումը, համերաշխության ստեղծումը հասարակության շրջանում։

- Չեմ կարող ասել, որ դրա համար անհրաժեշտ է երեք քայլ, կամ դրա համար անհրաժեշտ է չորս քայլ։ Նախևառաջ անհրաժեշտ է փոխել միջավայրը։ Ես, օրինակ, բազմիցս նշել եմ, որ իշխանությունը, անկախ նրանից, թե ով կլինի, առհասարակ մեծ դերակատարում ունի այն հարցում, թե ինչպիսի բարոյահոգեբանական վիճակ է երկրում տիրում։ Եվ նաև մատնանշել եմ, որ այս իշխանության մեղավորությունն է եղել ատելության խորացումը, որն ունենք մենք այսօր։ Հետևաբար հաջորդ իշխանությունը պետք է օգտագործի իր հեղինակությունը և ռեսուրսները, որպեսզի կարողանա այդ համերաշխությունը կյանքի կոչել։         

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image