Քաղաքականություն

Պատերազմի դեպքում Հնդկաստանը կդադարեցնի՞ Հայաստանին զենքի մատակարարումը

Պատերազմի դեպքում Հնդկաստանը կդադարեցնի՞ Հայաստանին զենքի մատակարարումը

Հնդկաստանն արգելել է Պակիստանի ավիաընկերություններին օգտագործել իր օդային տարածքը: Հնդկաստանի կողմից արգելքը մտցվեց այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ Պակիստանը արգելեց հնդկական ավիափոխադրողներին օգտագործել իր տարածքը: Լարվածությունը, սակայն, սրանով չի սահմանափակվում: Հնդկաստանը հայտնել է Պակիստանի կողմից կրակի ռեժիմի հերթական խախտման մասին Ջամմուի և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի սահմանային գոտում՝ վերահսկողության գծի երկայնքով։
Ինչո՞ւ են մեզ համար այսքան կարևոր Հնդկաստան-Պակիստան լարված հարաբերություններն ու երկու երկրների միջև պատերազմի հավանականությունը՝ կհարցնեք դուք: Պատճառը շատ պարզ է, Հնդկաստանն այսօր Հայաստանի համար զենքի խոշորագույն մատակարար է, և պատերազմը Հնդկաստանի ու Պակիստանի միջև կարող է խնդիրներ առաջացնել:

Հայտնի է, որ Հայաստանը վերջին տարիներին զգալի քանակի զենք է գնել Հնդկաստանից՝ դառնալով վերջինիս  խոշորագույն սպառազինության գնորդներից մեկը։ Ըստ որոշ աղբյուրների, մեկ միլիարդ դոլարից ավելի գնում է կատարվել Հնդկաստանից: Եւ եթե Պակիստանի հետ պատերազմական գործողություններ սկսվեն, ապա ամենայն հավանականությամբ, մատակարարումները կդադարեցվեն:

Միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ երկու երկրների միջև լարվածությունն այնքան սուր է, որ անգամ միջուկային զենքի կիրառման վտանգ կա բախման պարագայում: Ընդ որում, այդ մասին պարզ հայտարարում են` առանց մանևրների, որովհետև երկու պետություններն էլ միջուկային պետություններ են և երկուսն էլ իրենց արսենալում ունեն մեծ քանակությամբ միջուկային զենք:

«Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա այդ համատեքստում` այս պահին Հնդկաստանը պաշտոնապես դադարեցրել է բոլոր իր ռազմական դաշանկիցների հետ` ում հետ ունի որոշակի պայմանագրային իրավահարաբերություններ, և որի համատեքստում զենքի, զինամթերքի  և սպառազինության մատակարարում է իրականացնում և չի բացառվում, որ Հայաստանն այդ ցանկում էլ ներառված լինի: Սակայն դա դեռևս հարցի մի կողմն է, արդյոք համապատասխանո՞ւմ է այս տեղեկությունն ամբողջությամբ ճշմարտությանը, թե ոչ, դա մենք չենք կարող ասել, հատկապես որ պաշտոնական աղբյուրները այդ մասին չեն ասում: Համենայնդեպս, մեր Պաշտպանության նախարարությունն այդ մասին լղոզված պատասխան է տալիս, ինչը մտորումներ ու կասկածներ է առաջացնում»,-ասաց Կարապետյանը:

Իսկ առհասարակ, գեոպոլիտիկ համատեքստում Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր ռազմավարական գործընկերներին՝ նվազեցնելով, այսպես ասած, կախվածությունը Ռուսաստանից և այս մասով Հնդկաստանը դարձել է կարևոր գրոծընկեր Հայաստանի համար: Հայաստանն ու Հնդկաստանը զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը՝ խոսքը նաև համատեղ արտադրության հնարավորությունների մասին է: 

«Եթե դիտարկենք վերջին տարիների մատակարարումները, ապա ասեմ, որ զգալիորեն ավելացել էր զենքի ներկրումը Հնդկաստանից և ընդհանրապես Հնդկաստանը դարձել է Հայաստանին սպառազինություն մատակարարող խոշորագույն սպառազինություն վաճառողներից մեկը, իսկ Հայաստանը` գնորղներից մեկը: Ներկրման ծավալները՝ 2022 -2024 թվականների ընթացքում կազմել է Հայաստանի զենքի ներկրման մոտ 43%-ը, դա ըստ հավաստի աղբյուրների, համարժեք է մոտ 600 միլիոն ԱՄՆ դոլարին: Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել մի շարք ռազմատեխնիկական համակարգեր, ինչպիսին են Akash հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը։ Ընդ որում Հայաստանն այդ մասով դարձել է այդ համակարգի առաջին արտասահմանյան շահագործողը: Ինչպես նաև ձեռք են բերվել Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, Swathi զենքի տեղորոշման ռադարներ, MArG 155 ինքնագնաց հաուբիցներ, և Ashwin հրթիռային պաշտպանության համակարգեր: Սա ամբողջ ծավալն է` սպառազինության»,- ասաց Կարապետյանը:

Երկու երկրների միջև պատերազմական գործողությունների պարագայում զինատեսակների մատակարարման ինչ խնդիրների կառնչվենք, հարցին միջազգայնագետն ասաց, որ միանշանակ ներկրման դադարեցում կլինի: Իրական պատերազմական գործողությունների դեպքում անգամ եթե դրանք լայնածավալ չլինեն ու կրեն լոկալ բնույթ, ապա չի բացառվում, որ հնդկական կողմը առժամանակ դադարեցնի զենքի արտահանումը՝ դա պայմանավորելով պատերազմի հանգամանքով:

«Չի բացառվում, որ ներկրումների ժամկետները կարող են խաթարվել նման սցենարի պարագայում, քանի որ հենց իրեն է այդ սպառազինությունը պետք գալու: Պաշտոնապես չկա հայտարարություն առ այն, որ Հնդկաստանն այս պահի դրությամբ դադարեցնում է Հայաստանի սպառազինության մատակարարումը»,-եզրափակեց Դավիթ Կարապետյանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image