Դեկտեմբերի 2-3-ը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվել են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 12-14-րդ համատեղ պարբերական զեկույցները: Նստաշրջանին ՀՀ-ից մասնակցել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նստաշրջանին մասնակցած անկախ փորձագետները Հայաստանին մեղադրել են ռասսիզմի մեջ՝ հայտարարելով, որ ադրբեջանցիներին թույլ չեն տալիս ապրել մեր երկրում։ Վահան Կոստանյանը ըստ ադրբեջանական կողմի՝ փակուղում է հայտնվել, չի կարողացել պաշտպանել Հայաստանի շահերը, հակադարձել կամ պատասխանել փորձագետների հարցերին։ «Հրապարակը» Կոստանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է վերջինիս կաշկանդել, որ չի կարողացել պատվով դուրս գալ այդ քննարկումից։
«Հայաստանի շահերը պաշտպանելուն բնականաբար ոչինչ չի կաշկանդում, եթե հայ լրագրողները, ովքեր ցանկություն ունեն ծանոթանալ ամբողջ ելույթին, կտեսնեն, որ ես արձագանքել եմ»,-ասաց նա։ Գլխավոր հարցը եղել է այն, որ Հայաստանում ադրբեջանցիներ չեն ապրում եւ զեկուցողներն ու մասնակիցները դա համարել են ռասիզմի դրսեւորում, երբ տասնամյակներ շարունակ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն եղել։
«Հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել է նիստի ընթացքում, իսկ կոմիտեի անդամները ազատ են եղել իրենց դիրքորոշումները բարձրաձայնելու հարցում։ Իրենց հնչեցրած այդ հարցերին ի պաըտասխան մենք պատասխանել ենք՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից նման արհեստական պահանջների բարձրացումը անուղղակի տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։ Մենք նաեւ նշել ենք, որ այն ադրբեջանցիները, ովքեր ապրել են Խորհրդային Հայաստանում, կամավոր են լքել իրենց բնակարանները, փոխանակել են իրենց ունեցվածքը, մյուս մասն էլ այդ շրջաններում կոմպենսացիաներ են ստացել, ուստի բացարձակապես տեղին չէ այդ մասին խոսելը։ Ես առաջարկում եմ, որ մեր լրատվամիջոցները չբարձրաձայնեն այն տեղեկությունները, որոնք վնասում են մեր պետության անվտանգությանը»,-ասաց Կոստանյանը։
Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվանից Ադրբեջանի ղեկավար Ալիեւը հնարավոր բոլոր քայլերն անում է ադրբեջանցի, այսպես կոչված, փախստականների՝ Հայաստանում վերաբնակեցնելու հարցը միջազգայնացնելու համար։ Ավելինք՝ Բավում Հայաստանն անվանում են «Արեւմտյան Ադրբեջան», որտեղ էլ, ըստ Ալիեւի պիտի ապրեն Խորհրդային միության ժամանակ «տեղահանված» ադրբեջանցիները։