Քաղաքականություն

Շուշի, Հադրութ հանձնած իշխանությունը՝ բա դուք էլ 102 տարի առաջ...

Շուշի, Հադրութ հանձնած իշխանությունը՝ բա դուք էլ 102 տարի առաջ...

Գողական աշխարհում ընդունված պրիյոմներ կան՝ «աբառոտկա ֆռալ», այսինքն՝ թեման շեղել ու հին «բազառները» մեջտեղ բերել։ Հետո «բազառը» տեղափոխել ուրիշի վրա, ով կապ չունի այդ թեմայի հետ։  30 տարում խորհրդարանում ինչ ասես տեսել ենք․ է՛լ  ծեծ ու հայհոյանք, է՛լ մի գիշերվա առնետավազք, է՛լ քավոր ուրանալ, է՛լ մեղա գալ ու ղազագիր գրել, է՛լ կուսակցական շեֆին ուղղված անասելի եղկելի քծնանք ու ստորաքարշություն, բայց որ ընդամենը նախորդ տարի Արցախի 75 տոկոսը, Հադրութն ու Շուշին մեր՝ բոլորիս աչքի առաջ կոնկրետ հանձնած իշխանության ներկայացուցիչը որոշի սա արդարացնել 102-ամյա իրողությունների մանիպուլյացիայով, գոնե մինչեւ երեկ դեռ չէինք տեսել։ Եվ որ բոլոր այս մեղքերը կրող իշխանության ներկայացուցիչը կարող է սեփական հանցագործությունը կոծկելու համար պատմական անկապ զուգահեռներ անցկացնել եւ փորձել պողոսների մտքերում դաջել, թե բա դաշնակցական կառավարությունը 18 թվին ինչե՜ր էր հանձնելու․ Վայոց Ձոր ու Սյունիք, Տավուշ ու Արմավիրի մարզ, Գեղարքունի՜ք։

Իրենք ընդամենը մի «անգույն ու դժբախտ» Շուշի են հանձնել, մի Հադրութ, մի քիչ էլ՝ Սյունիքից ու Գեղարքունիքից, ապագայում էլ կարող է մի երկու բան հանձնեն, իսկ անգրագետ պողոսը, Ազգային ժողովում ելույթ ունեցող Գեւորգ Պապոյանին լսելով, մտածելու է, թե դա ինչ է 100 տարի առաջ հանձնածի դիմաց։ Ընդ որում՝ նա խոսում էր «Հայաստան» դաշինքի մաս կազմող դաշնակցականների քաղաքական հայրերի՝ Ալեքսանդր Խատիսյանի, Հովհաննես Քաջազնունու եւ մյուսների՝ 18 թվին հանձնածի համեմատությամբ։

Գեւորգ Պապոյանն ասում է․ «Կարող է հերյուրանք հնչի, որ ես եմ տասը մարդու գնդակահարել Երեւանի կենտրոնում՝ 2008-ի մարտի 1-ին։ Ոչ, ես շատ բաների հետ կապ չունեմ։ Օրինակ՝ 1918 թվականի Բաթումի պայմանագրի հետ էլ կապ չունեմ, որով իմ հայրենի գյուղը՝ Ուջանը, անցնում էր Թուրքիային, որով Շիրակի մարզն ամբողջությամբ անցնում էր Թուրքիային, Սյունիքն անցնում էր Ադրբեջանին, Վայոց Ձորը՝ Ադրբեջանին, Արմավիրի մարզի 80 տոկոսը՝ Թուրքիային, սահմանն անցնում էր եկեղեցու տակով, Արագածոտնի մարզի մեծ մասն անցնում էր Թուրքիային, Տավուշն ամբողջությամբ անցնում էր Ադրբեջանին, Գեղարքունիքի մեծ մասն անցնում էր Ադրբեջանին․․․ 1918 թ․ Բաթումի պայմանագրի հետ ես կապ չունեմ։ Կապ չունեմ 1920 թ․ Ալեքսանդրապոլի պայմանագրի հետ, որը կնքեց իր իշխանությունը տալուց 1-2 ժամ առաջ, ես էդ ժամանակ դեռ չէի ծնվել։ Եվ նոր-նոր իմ պապու հայրը Սասունից եկել եւ Ուջան գյուղում էր հաստատվել»։

Հիշեցնենք, որ 1918 թ․ կնքված Բաթումի պայմանագիրը 15 թվականի ցեղասպանությունից հետո պարտադրված ակտ էր ռազմական գերակշռություն ունեցող Թուրքիայի կողմից եւ ստորագրվել էր Անդրկովկասում թուրքերի հարձակման պայմաններում։ Պայմանագրով, իրավամբ, Հայաստանի տարածքը կազմելու էր 12 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական, այդ թվում՝ Անդրանիկի ջոկատները։ Հայաստանին էին մնում Սեւանը, Երեւանը, Էջմիածինը։

Գերմանացի դիվանագետներից մեկն այն ժամանակ ասել էր․ «Հայերին թողեցին Սեւանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։ Բայց դա աղետալի ժամանակ էր, շատ ավելի աղետալի, քան 2020 թվականի նոյեմբերի 9-10-ին էր, երբ ստորագրվեց ամոթալի կապիտուլյացիոն համաձայնություն, եւ դա բացատրեցին 25 հազար մարդ փրկելու ցանկությամբ։
«Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը րոպեներ անց մոտեցավ ԱԺ ամբիոնին եւ Պապոյանին առաջարկեց սեփական հանցագործությունը չբարդել անցյալի վրա։

«Անկեղծ ասած, երբ այս ամբիոնից պատմական փաստը գլխիվայր շուռ տրված ներկայացվեց նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից եւ ոչ ավել, ոչ պակաս, պաշտպանության փոխնախարար անձի, ես մտածեցի, թե թյուրիմացություն է, որը մարդու պատմական գիտելիքների պակասից է։ Բայց երբ էսօր կրկնվում է այս խոսքն իշխող խմբակցության պատգամավորի կողմից, արդեն համոզում է  ձեւավորվում, որ սա հետեւողականորեն ոչ միայն պատմական փաստերը խեղաթյուրելու, այլեւ մեր թշնամիներին սպասարկելու ուղիղ օրակարգ է։ Եթե մարդիկ տեղյակ չեն պատմությունից, դա չի հիմնավորում, որ նրանք էստեղից պետք է տգետ ու հիմար հայտարարություններ անեն մեր պետականության հասցեին։ 1918 թ․ Բաթումի պայմանագիրը կնքվել է Հայաստանի  անկախության համար՝ ձեռք բերելով 12 հազար քառակուսի կմ-ի վրա անկախություն»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նաեւ նշեց, որ անգամ Պապոյանի վկայակոչած եւ ուժի մեջ չեղած ու «միայն ու բացառապես հայ ժողովրդի որոշակի հատվածի փրկության համար ձեւական ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագիրն» անընդհատ վկայակոչելը, ոչ ավել, ոչ պակաս՝ թուրք-ադրբեջանական շահի սպասարկում է նշանակում։

Մինասյանը ելույթն ամփոփեց՝ հիշեցնելով, որ Հայաստանի առաջին հանրապետության դաշնակցական կառավարությունն իշխանությունը բոլշեւիկներին հանձնել է 42 հազար քառակուսի կիլոմետր Հայաստանի պարագայում։ Ինչ է սա նշանակում։ 

Հարցն ուղղեցինք Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին։ «Այ, հիմա մեր ինստիտուտը մի գրքույկ է հրատարակելու, որը կոչվում է «Հայաստանի Հանրապետության սահմանները՝ 20-30-ական թվականներին», եւ երեւանյան համաձայնագրով, այո, Հայաստանի տարածքը հենց այդքան էր, որովհետեւ բոլշեւիկյան Ռուսաստանը մեզ երաշխավորում էր նաեւ վիճելի տարածքների պահպանումը Հայաստանի տարածքում։ Խոսքը վերաբերում է Սյունիքին, Արցախին եւ Նախիջեւանին, որը, իհարկե, հետագայում դրժվեց Խորհրդային Ռուսաստանի կողմից, երբ նրանք Թուրքիայի հետ մտան համագործակցության մեջ»։

Պատմաբանը բնավ տեղին չի համարում Բաթումի համաձայնագրի հետ համեմատությունը․ «Դրանից ընդամենը 6 ամիս հետո Հայաստանի տարածքը սկսեց ընդլայնվել եւ դարձավ 70 հազար քմ կիլոմետր, իսկ այդ ժամանակ էնպիսի իրավիճակ էր, երբ հայկական ուժերը մենմենակ էին մնացել թուրքերի դեմ, անդրկովկասյան մուսավաթականներն ու մենշեւիկները, մեկը՝ Թուրքիայի, մյուսը՝ Գերմանիայի հետ լեզու էր գտել, եւ մենք մնացել էինք մենմենակ։ Եվ այդ պայմաններում Հայաստանի առաջին հանրապետությունը մնաց, ճիշտ է, ընդամենը 12 հազար քառակուսի կմ-ի վրա, բայց դա պատմական իրադարձություն էր։ Եվ այդ համեմատությունը սոսկ քաղաքական շահարկում է, որի մեկնաբանության կարիքն էլ չկա»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image