Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, ում մեղադրում են մի խումբ անձանց հետ, Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, կալանավորվել է 2 ամսով։ Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը հայտնեց, որ կալանքի որոշումը բողոքարկելու են։
Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Ալբերտ Բազեյանը 7 այլ անձանց՝ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական ՀԿ անդամներ՝ Ս.Խ-ի, Կ.Դ-ի, Դ.Տ-ի, Վ. Մ-ի, Մ.Մ-ի, Գ.Ն-ի, Ա.Հ-ի հետ, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին: Արդյունքում, հանցավոր խմբի անդամներն ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել և խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»,- ասված է տարածված հայտարարության մեջ։
Մեզ հետ զրույցում պաշտպանն ասաց, որ Բազեյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ «Առաջադրված մեղադրանքը բացարձակ չի ընդունել, շինծու է որակել, և թիրախավորված քաղաքական հետապնդում է իրականացվում իր անձի նկատմամբ»,- ասաց Մելիքյանը՝ հայտնելով, որ մյուս մեղադրյալներին առնչվող տեղեկություններ չունի, ինքը միայն Բազեյանի շահերն է ներկայացնում և այս պահի դրությամբ նրանց վերաբերյալ որևէ բան ասել չի կարող։ Փաստաբանին խնդրեցինք մեկնաբանել ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված դրվագները, մասնավորապես, որ խլացուցիչ սարքեր են հայտնաբերվել, որոնք, ըստ ԱԱԾ-ի, նախատեսված են եղել հանցանքի կատարման համար․
«Ես քրեական գործի նյութերից տեղեկություն չունեմ, մի բան կարող ենք փաստել, որ պարոն Բազեյանի հետ կապված որևէ ուղղակի ապացույց առկա չէ, և ընդհանրապես գոյություն չունի, բացարձակ ապացույց չկա, ընդամենը մի անձի ցուցմունք է, որը «Պետրոսից» լսել է, որ «Պետրոսը» ասել է, որ Բազեյանն է, բայց երբ այդ անձին ասում են, թե ինչ են պայմանավորվել, ասում է՝ «մանրամասներից տեղեկություններ չունեմ, պնդում եմ, որ Բազեյանն է կազմակերպել, բայց ես տեղեկություններ չունեմ, թե ինչ են խոսել»։ Այսպիսի ընդամենը շինծու ինչ-որ որ հորինված ստեղծագործություն է»,- ասաց պաշտպանը։