Արդեն նախադեպ կա՝ հայը քրեական հետապնդման է ենթարկվում ադրբեջանական քարոզչության դատապարտման ու դրա հետ կապված ահազանգ հնչեցնելու համար։ Թեեւ 70-ամյա արցախցի, «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղարիբ Բաբայանի նկատմամբ Քրօր․ 329-րդ հոդվածով (ատելություն, թշնամանք հրահրելու նպատակով նյութեր տարածելը) հարուցված քրեական գործը փաթեթավորվել է ոստիկաններին ուղղված նրա քննադատությունը հիմք ընդունելով, հանրության համար ակնհայտ է, որ իշխանությունն այդ քայլին գնացել է Ադրբեջանին սիրաշահելու մոտիվացիայով: Ալիեւի ասած` «ֆաշիզմի» դեմ պայքարելու համար, մյուս կողմից՝ իշխանությունն այդ ճանապարհին չի խորշելու քրեական հետապնդման գործիքակազմ կիրառել՝ ամենախայտառակ դրսեւորումներով։
Հանրապետության հրապարակում Արցախի մասին ադրբեջանական երգի խրախճանքի տեսանյութին կից Ղարիբ Բաբայանը մի անմեղ տեքստ է գրել` քննադատելով ոստիկանությանն ու իշխանություններին, ինչի համար, ոչ ավել, ոչ պակաս, մեղադրվել է 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։ Թեեւ հանրային ճնշման տակ դատարանը ձերբակալված Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանք չընտրեց, բայց քրեական գործը հարուցված է, ու դա արդեն իրողություն է, որն իրավունքից քիչ թե շատ պատկերացում ունեցող ցանկացած ոք, էլ չենք ասում՝ մասնագետ իրավաբանները, քաղաքական պատվեր է համարում։
«Հոդվածը ոչ մի ընդհանուր բան չունի այն խոսքի հետ, որը տարածել է պարոն Բաբայանը։ Մարդ պետք է իրավաբան չլինի, ավելին՝ հայոց լեզվին էլ լավ չտիրապետի, որ պարոն Բաբայանի գրածը համադրի այդ հոդվածի բովանդակությանն ու ենթադրի, թե գրածը հոդվածի հետ կապ ունի։ Իրեն հարգող ոչ մի իրավաբան այդ գործողություններին այդպիսի որակում չէր կարող տալ։ Սա միայն կարող է լինել քաղաքական պատվեր՝ մի կողմից, մյուս կողմից՝ ստրկամիտ քննչական մարմին, որը պատրաստ է այս կարգի պատվերը կատարել։ Սա ուղղակի սողունների մտածելակերպ է, եթե այդ մարդու գործողությունը քրեական հետապնդման է արժանանում, ես այլ բան ասել չեմ կարող։ Շատ լավ է, որ այդ գործով փաստաբանը չեմ, որովհետեւ այդ դեպքում ավելի զուսպ ձեւակերպումներ ինձ թույլ կտայի, բայց ես կարող եմ շատ ավելի հստակ արտահայտվել»,- «Հրապարակ»-ին ասում է փաստաբան Հայկ Ալումյանը։
Ընթերցելով Ղարիբ Բաբայանի գրած տեքստը՝ փաստաբանը ոստիկանության հասցեին քննադատություն է տեսել, բայց շեշտում է՝ անգամ ավելի կոշտ ձեւակերպումները ոչ մի կերպ չէին կարող հիմք հանդիսանալ այդ հոդվածով գործ հարուցելու համար։ Հանրապետության հրապարակում երգող անձինք, ինչպես պարզվել էր, Իրանի քաղաքացիներ էին։ Ալումյանն ասում է՝ պատկերացում չունի երգի տեքստի մասին․ եթե այն չեզոք երանգներ ունի, մի իրավիճակ է, եթե մեզ նվաստացնող բովանդակություն ունի` մեկ այլ, բայց ցանկացած դեպքում Ղարիբ Բաբայանի գրառման համար մեր իրավապահների գործողություններն ուղղակի անթույլատրելի են։
Երեւանի սրտում երգող անձանց տեսանյութը նախ ադրբեջանական սոցցանցերից է տարածվել։ Այս հանգամանքը շատերին առնվազն հիմք է տալիս չբացառելու, որ այն հատուկ է տարածվել՝ հենց Ադրբեջանի կամ, օրինակ, Թուրքիայի կողմից, ու ամենեւին պատահական կարող է չլինել, որ տեսանյութի «հերոսներն» Իրանի քաղաքացիներ են, իսկ Իրանի հյուսիսում ազերական բնակչություն կան։ Չի բացառվում, որ հայ հասարակության վրա հոգեբանական ճնշող ազդեցություն թողնելուց բացի, այստեղ գործ ունենք նաեւ երկրում հակաիրանյան տրամադրությունների գեներացման փորձի հետ։
Մեզ հետ զրույցում իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանն ասում է․ «Վերջին դեպքերը Հայաստանում ցույց են տալիս, որ որոշ երկրներ դժգոհ են Իրան-Հայաստան հարաբերությունների ամրապնդումից, ինչը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության շահերի համատեքստում է, եւ փորձում են վնաս հասցնել երկու երկրների միջեւ լավ հարաբերություններին»:
Մովահեդիանը նկատում է՝ հատկապես Բաքվի ԶԼՄ-ներին հետեւելիս պարզ է դառնում, թե ինչ ուժեր են տարբեր դավադրություններով փորձում հայ ժողովրդի շրջանում կասկածներ սերմանել Իրանի նկատմամբ եւ կանխել երկու երկրների համագործակցության ընդլայնումը: «Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը խոչընդոտելուց հետո, նրանց վերջնական նպատակը պետք է լինի Հայաստանի հարավի օկուպացիան, Իրան-Հայաստան սահմանը կտրելն ու Հայաստանը շրջափակման մեջ դնելը։ Իրանի եւ Հայաստանի ժողովուրդները պետք է զգոն լինեն ցանկացած փորձի դեմ, որն ուղղված է երկու երկրների հարաբերությունների խարխլմանը»,- ընդգծում է Մովահեդիանը:
Իրանցի փորձագետը Հայաստանի իշխանություններից զգոնություն է ակնկալում եւ քայլեր՝ ամրապնդելու Իրան-Հայաստան հարաբերությունները: Ինչ վերաբերում է Երեւանի Հանրապետության հրապարակում նկարված տեսանյութին, որտեղ Իրանի քաղաքացիներն Արցախի մասին ադրբեջաներեն երգ են երգում, մեր զրուցակիցն ասում է․ «Որոշ անձանց կողմից անհարմար եւ անհարկի գործողության նկարահանման համար հայազգի հայրենասերի ձերբակալումը կարող է բացասական ընկալում առաջացնել Իրանի Իսլամական Հանրապետության մասին: Հետեւաբար, Հայաստանի կառավարությունը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի՝ չընկնելու Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացումը խոչընդոտող թշնամիների ծուղակը»։
Մովահեդիանը շեշտում է՝ իրանական հասարակությունը բազմաշերտ է, եւ Իրանում կան տարբեր կարծիքներ ու ճաշակներ, որոնք միշտ չէ, որ արտահայտում են Իրանի պաշտոնական դիրքորոշումը։
«Մի քանի անձանց վարքագիծը, որը Բաքվի եւ թուրքական մեդիայի կողմից իրականացված եւ տարածված պրոպագանդայի արդյունքն է, չպետք է համարվի կառավարության կամ Իրանի ժողովրդի մեծամասնության դիրքորոշումը»,- ասում է նա ու հավելում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են հակահայկական տրամադրություններ գեներացնել նաեւ Իրանի ադրբեջանաբնակ շրջաններում, ուստի պետք է զգոն լինել՝ թույլ չտալու երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների խաթարումը։
