Հասարակություն

Փնթի, անպատասխանատու, ստախոս

Փնթի, անպատասխանատու, ստախոս

Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հերթական անգամ հայտարարեց, որ նախկին իշխանություններն են ճանաչել Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Ադրբեջանի մաս, ինքն ուղղակի արձանագրել է այն իրավիճակը, ինչ ստեղծված է եղել մինչեւ իրեն։ Սրանից մոտ մեկ ամիս անց՝ հունիսի 13-ին, Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ճանաչել։ Նիկոլի սուտը, ըստ էության, բացահայտեց Եվրամիությունը։ Բայց դրանից բան չփոխվեց` նույն Եվրոպան շարունակում է աշխատել ստախոսի հետ, նույն ստախոս իշխանությունը շարունակում է խաբել միջազգային գործընկերներին, իսկ մեր ժողովուրդը` շարունակում է հանդուրժել ստախոս իշխանություններին։

Այս կրուտիտի, փնթիության, անպատասխանատվության մթնոլորտն ամեն ինչում է: Անգամ` մանր բաներում: 2015 թվականից Հայաստանի փրկարար ծառայության հենքի վրա ստեղծվել է Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի ( The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներին համապատասխանող քաղաքային որոնողափրկարարական 50 հոգանոց թիմ, որը կարող է մարդկային կյանքեր փրկել աշխարհի ցանկացած բնակավայրին պատուհասած աղետի ժամանակ։ Անցած տարվա փետրվարին Սիրիայում եւ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մեր փրկարարները մեկնեցին այդ երկրներ եւ աշխատեցին։ 

INSARAG-ի կայքում՝ www.insarag.org, կազմակերպության չափանիշներին համապատասխանող բոլոր թիմերն են՝ թիմի հրամանատար, հրամանատարի տեղակալ, ազգային համակարգող, քաղաքական պատասխանատու եւ այլն։ 2022 թվականի նոյեմբերին թավշյա կառավարությունը որոշեց լուծարել արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ ձեւավորել ներքին գործերի նախարարություն, որի կազմի մեջ կլինի նաեւ փրկարար ծառայությունը։ Արդեն տարիուկես է ԱԻՆ-ը չկա, բայց INSARAG-ի կայքում Հայաստանի թիմի հինգ ղեկավարից երկուսը ներկայացված է ներքին գործերի նախարարության աշխատակից (3-րդ եւ 5-րդ դաշտեր), երկուսը՝ գոյություն չունեցող արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից (2-րդ եւ 4-րդ դաշտեր), մեկը՝ ոչ մի կառույցում չկա՝ 1-ին դաշտ։ Ընդ որում նույն պաշտոնում երկու հոգի է աշխատում։ Տիգրան Պետրոսյանը գոյություն չունեցող արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետն է, Արմեն Գեւորգյանը՝ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետը (4-րդ եւ 5-րդ դաշտեր)։ Իրականում Տիգրան Պետրոսյանը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալն է, Արմեն Գեւորգյանն է ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետը։

Ինչ է սա, եթե ոչ՝ խաբեություն, կամ փնթիություն։ Թավշյաներն այնքան չեն կարեւորում Հայաստանի պատիվը, այնքան փնթի են, որ հեղինակավոր միջազգային կազմակերպությանը չեն տեղեկացնում երկրում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների մասին։

Արեգ Մարգարյան


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image