ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի կարծիքով, Հայաստանը ծաղկող, զարգացող, ինքնիշխան, անկախ եւ ինքնուրույն պետություն է։ Եթե Հայաստանը լիներ ծաղկող եւ զարգացող պետություն, ապա հայաստանցիները չէին լքի իրենց հայրենիքը: Որովհետեւ մարդիկ հեռանում են իրենց երկրից միայն այն դեպքում, երբ երկիրը չի կարողանում ապահովել այդ մարդկանց աշխատանքով ու համապատասխան վարձատրությամբ, ինչպես նաեւ՝ չի կարողանում ապահովել նրանց անվտանգությունը: Որպես օրինակ բերեմ վերջին երկու տասնամյակում ասիական ու աֆրիկյան երկրներից հսկայական քանակությամբ մարդկանց գաղթը դեպի Եվրոպա, իսկ լատինաամերիկյան երկրներից՝ ԱՄՆ եւ Կանադա: Բայց չեմ հիշում որեւէ դեպք, որ տեղի ունենար հակառակ ուղղությամբ հոսք: Ինչը նշանակում է, որ ծաղկող եւ զարգացող պետություններ են հենց նշվածները: Ոնց հասկանում ենք, Հայաստանը նշված պետությունների շարքում չէ: Ուրեմն Հայաստանը ծաղկող եւ զարգացող պետություն չէ:
Իհարկե, կարող են ասել, որ Հայաստան են գալիս հնդիկները, սակայն, հաշվի առնելով նրանց քանակն իրենց երկրում ու աղքատության մեծ մակարդակը, նրանք պատրաստ են գալ ոչ միայն Հայաստան, այլեւ պատերազմից ավերվող Ուկրաինա: Այն երկիրը, որի բնակիչները փախչում են եվրոպական երկրներ, ինչպես նաեւ ԱՄՆ ու Կանադա:
Անցնենք առաջ. եթե Հայաստանը լիներ իրականում ինքնիշխան, անկախ եւ ինքնուրույն պետություն, ապա իշխանությունը կպատկաներ Հայաստանի քաղաքացիներին եւ ոչ թե թշնամի երկրի բռնապետին (փակագծերում ասեմ, որ վերջին երեք՝ «ինքնիշխան, անկախ եւ ինքնուրույն» բառերն ունեն նույն իմաստը: Բայց երեքի միասնական գործածությունը հանգեցնում է այդ իմաստի ընկալման «հոգեբանական» սաստկացմանը, ինչը գիտակցում է Փաշինյանը, ու այդ պատճառով է վերջինս օգտագործում երեքը միասին): Կրկնվեմ՝ Հայաստանը ո՛չ ինքնիշխան է, ո՛չ անկախ եւ ո՛չ էլ ինքնուրույն, քանի որ Հայաստանում գործող իշխանությունը՝ իր ղեկավարով հանդերձ, կատարում է հենց Ադրբեջանի նախագահի կամքը, սակայն մարդկանց ապակողմնորոշելու նպատակով այդ գործընթացը ներկայացնում է որպես սեփական երկրի քաղաքացիների կամքի իրականացում, ինչով, բնականաբար, Փաշինյանը հիմարի տեղ է դնում նրանց, ովքեր դեռեւս հավատում են իրեն:
Հերքելով ընդդիմության մեղադրանքները, թե գործող իշխանությունները կատարում են Բաքվի եւ Անկարայի հրամանները, Փաշինյանը նշում է. «Ես գործում եմ ոչ թե նրանց կամքով, այլ ժողովրդի կամքով»: Փաստորեն, ժողովրդի կամքով ինքը չի համաձայնել 2020-ի հոկտեմբերին ՌԴ նախագահի կողմից առաջարկված հրադադարին, որպեսզի մեկ ամիս անց ընդունի շատ ավելի ծանր պայմաններով հրադադարը: Նույն ժողովրդի կամքով է երեւի թշնամուն հանձնել Գորիս-Կապան ճանապարհահատվածը: Չնայած դրա մասին ոչինչ գրված չէր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Էլ մյուս տարածքների՝ Սեւ լճերի, Ջերմուկի բարձունքների, թեկուզ Կիրանցի մասին չենք խոսում: Երեւի ժողովրդի կամքով է նախաձեռնել Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից դուրս թողնելու գործընթացը: Հենց այն ժողովրդի, որի բացարձակ մեծամասնության հավանությամբ է երեք տասնամյակ առաջ ընդունվել նույն այդ Հռչակագիրը: Երեւի նույն ժողովրդի կամքով է փորձում ջնջել հայոց սուրբ լեռը՝ Արարատը, մեր հիշողությունից, ջնջել Ցեղասպանության հիղողությունը: Չէ, չեմ հավատում, որ մեր ժողովուրդն իր ամբողջության մեջ նման կամք է արտահայտել: Չհաշված, իհարկե, անուղեղ զանգվածին, որը Նիկոլին դեռեւս որպես «հզոր վարչապետի» է պաշտում:
Ինչպես ժողովրդավարության բաստիոնի անվան ներքո է Հայաստանը վերածվում (կամ արդեն վերածվել է) բռնապետության, այնպես էլ ժողովրդի կամքի մասին անընդհատ խոսելով՝ երկրի վարչապետի աթոռից կառչած անձը շարունակ կյանքի է կոչում թշնամական զույգի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարության կամքը, ինչը նշանակում է, որ մի ոչ գեղեցիկ օր չի լինի նաեւ դրա կարիքը, քանի որ Հայաստանը կվերածվի կա՛մ «Արեւմտյան Ադրբեջանի», ինչպես անընդհատ պահանջում է Բաքվի բռնապետը, կա՛մ էլ Փաշինյան Նիկոլը կընտրի թուրքական վիլայեթի վերածվելու ճանապարհը: Իսկ որպեսզի դա տեղի չունենա, պետք է կյանքի կոչվի իրական ժողովրդի իրական կամքը՝ պաշտոնանկ արվի Փաշինյան Նիկոլը, ու Հայաստանը վերածվի իսկական ծաղկող, զարգացող, ինքնիշխան, անկախ եւ ինքնուրույն պետության։